Մարտա Կարապետյան` Թումո Ստեփանակերտի տեղեկատուի «դեմքը»

Մարտա Կարապետյան` Թումո Ստեփանակերտի տեղեկատուի «դեմքը»

Թումո Ստեփանակերտի Մարտային գիտեն անգամ նրանք, ովքեր նոր են գալիս կենտրոն գրանցվելու: Լինելով տեղեկատուի վետերաններից` նա հաջողացնում է հիշել բոլոր թումոցիներին ոչ միայն դեմքով, այլև անգիր իմանալ նրանց անուններն ու նախասիրությունները:

— Կատակով ասում են` ինֆոդեսքում մեղր եմ բաժանում: Իմ մոտ անընդհատ ուսանող կա, ամեն մեկը` մի «դարդով». մեկը գալիս է վարժանքի համար նկար ցույց տալու, մյուսը իր բանաստեղծություններն է տալիս` կարդալու և կարծիք հայտնելու: Այդ պահերը առանձնահատուկ շատ եմ սիրում: Նրանց հետ շփվելով` ես էլ հոգով երեխա եմ մնում, — խոստովանում է Մարտան:

Մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհին Մարտան Թումոյի մասին առաջին անգամ իր աշակերտներից է լսել, երբ դպրոցում պրակտիկա էր անցնում: Նրանք անդադար խոսում էին Թումոյում իրենց փորձառության ու հաջողությունների մասին:

— Երբ եկա Թումո` աշխատանքի ընդունվելու, ուսանողների մի մասին արդեն ճանաչում էի: Ես միշտ գիտեի, որ աշխատանքս պիտի պատանիների հետ կապված լինի: Այդ առումով Թումոն իր ձևաչափով ու մթնոլորտով աշխատելու, սովորելու ու զարգանալու կատարյալ վայր է:

 

ՄԻ ՓԱՍՏ

Մարտան մանկուց շատ է սիրում շներին, իսկ փողոցի շներին` առավել ևս: Հիմա էլ, երբ անտուն շուն է տեսնում, չի կարողանում անտարբեր անցնել, պարտադիր բարևում է, իսկ եթե չի շտապում, մի քիչ էլ զրուցում է հետները: