Լիլի Հովհաննիսյանն ու կորեական մշակույթը

Լիլի Հովհաննիսյանն ու կորեական մշակույթը

Թումո Դիլիջանի ուսանող Լիլի Հովհաննիսյանն իր առաջին օրը կենտրոնում շատ հստակ է հիշում. «Հիշում եմ առաջին օրս: Էնքան էի տպավորվել, որ էկրանին միայն ոլորտների նշաններն էի տեսնում, ուրիշ` ոչինչ: Սիրահարվեցի ու ուզում էի ամեն օր գալ: Շաբաթ օրերն էլ էի գալիս: Ընդ որում, նոր ընդունվելիս շատ էի ուզում ծրագրավորման մեջ խորանալ, բայց հետո տարվեցի լուսանկարչությամբ, գրաֆիկական դիզայնով, նկարչությամբ ու ուղիս փոխվեց»:

Բայց, դասընթացներից ու աշխատարաններից զատ, Թումոյում Լիլիին մեկ այլ բան էլ է դուր գալիս. «Սիրում եմ մեր թիմային աշխատանքը: Վերջերս օրինակ` աշխատում էինք «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող Տավուշի փորձառությունների բրենդավորման շուրջ: Ու մի նախագծի վրա աշխատում էին համ գրաֆիկական դիզայներ թումոցիներ, համ նկարիչներ, համ ուրիշ հմտություններով ուսանողներ: Ու եթե պատկերացրածդ ստանալու համար, ասենք, գրաֆիկական դիզայն է պետք, թիմում մի հմուտ ուսանող լինում է: Արդյունքում այնպիսի արդյունք ես ստանում, որը չէիր էլ կարող պատկերացնել»:

16 տարկանում Լիլին արդեն հասցրել է մի քանի նկարչական մրցանակների արժանանալ, կամավորական ծրագրերով մեկնել Լեհաստան ու Գերմանիա, այժմ էլ ամբողջովին տարվել է արևելյան նորաձևության ուսումնասիրություններով. «Մի անգամ, երաժշտություն լսելիս, պատահաբար հասա կորեական BTS խմբին: Նախ մի երգ, հետո երկրորդը, հետո ֆիլմերը, հետո մինիմալիստական ոճը, նորաձևության շաբաթները ու ես ամբողջովին խորացա Կորեայի մշակույթով»,- ասում է նա:

Հենց այսպես էլ Լիլիի մոտ հասունացավ հերթական նպատակը` Կորեայում նորաձևություն ուսումնասիրելը: Բայց սրանից առաջ մի քայլ էլ կա. Լիլին նախ ուզում է ընդունվել Դիլիջանի UWC դպրոց. «Դիլիջանը առհասարակ շատ եմ սիրում` մանավանդ հիմա, երբ շատ հետաքրքիր տեղեր կան` Թումոն, UWC դպրոցը ու շատ զբոսաշրջիկներ էլ կան: Ընդհանրապես իմ քաղաքով միշտ ոտքով եմ շրջում, որ վայելեմ բնությունն ու մարդկանց»:  
Ճամփորդությունը Լիլիի մյուս տարերքն է: Նա որոշել է ճամփորդել ողջ Հայաստանով: «Ճանապարհորդելու հենց ընթացքն եմ վայելում: Բացի այդ, յուրաքանչյուր քաղաքում կամ գյուղում հայտնվելով, նոր մշակույթի ես առնչվում, նոր գիտելիքներ ստանում», – ասում է նա:

ՄԻ ՓԱՍՏ
Լիլիի սերը նկարելու հանդեպ սկսվել է տան հատակը գեղեցկացնելուց ու զարգացել մինչև այլ հարթակներ. «Մեր տանը պատ չկա, որ խզբզած չկամ: Սենյակս վերանորոգելիս էլ տանեցիները լուրջ պահանջ հայտնեցին, որ պատերը մաքուր պահեմ: Մայրիկս ավելի թեթև է տանում, բայց այ տատիկս… »:

Like
Like Love Haha Wow Sad Angry