Թումո Ստեփանակերտի Արշակը

Թումո Ստեփանակերտի Արշակը

Կապույտ ջինսով, կեդերով ու ռեփերների ոճով ծուռ դրած գլխարկով Թումո Ստեփանակերտի այս կերպարը խոսքի համար գրպան չի մտնում (խոսքի ամենադրական իմաստով)։ Բոլորը գիտեն՝ ցանկացած աշխատարանի պրեզենտացիայի Արշակը կառանձնանա իր հումորով ու մեկնաբանություններով։

Երեք տարի առաջ, երբ Թումո Ստեփանակերտը նոր էր բացվել, Արշակ Աղաքարյանը 11 տարեկան էր ու ստիպված էր մեկ տարի էլ մեծանալ, որ Թումո գրանցվեր:

– Քեռիս է մայրիկիս պատմել Թումոյի մասին։ Ես այդ ժամանակ էլ էի հետաքրքրվում տեխնոլոգիաներով ու, բնականաբար, շտապեցի գրանցվել։ Բայց դե պարզվեց, որ տարիքս դեռ չէր համապատասխանում։ Իհարկե, տխուր էր․․․- պատմում է Արշակը։

Գրաֆիկական դիզայն, շարժական գրաֆիկա, ծրագրավորում, լուսանկարչություն և մի շարք աշխատարաններ, ահա Արշակի շավիղի ոչ լրիվ ցանկը։

– Ծրագրավորումն իմ շավիղում մտածված եմ ընդգրկել, իսկ ահա դիզայնը լրիվ անսպասելի ստացվեց։ Կողքից խորհուրդ տվեցին, ես էլ փորձեցի, ինչի համար միայն ուրախ եմ։

Արշակը խոստովանում է, որ Թումոյում ամենաշատը սիրում է այն մոտեցումը, որը թույլ է տալիս անգամ հատուկ տաղանդի բացակայության դեպքում ուժերդ փորձել ամենատարբեր ոլորտներում:

– Մինչև հիմա ընտրել եմ այն դասընթացներն ու աշխատարանները, որոնց մասին քիչ թե շատ պատկերացում ունեի։ Հիմա ուզում եմ նկարչության դասընթացին դիմեմ։ Նկարելու հատուկ ընդունակություններ չունեմ, բայց շատ եմ ուզում փորձարկել, – անկեղծանում է Արշակը։

Եթե մինչև Թումո գալն Արշակին թվում էր, թե ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել է, այսօր արդեն այդպես չի մտածում: Տարբերակները մի քանիսով ավելացել են։

– Դեռ չեմ կողմնորոշվել․ ծրագրավորում, դիզայն, թե լուսանկարչություն: Մեծ հաշվով` կարևորն այն է, որ այս ոլորտներից ամեն մեկը մեծ ապագա ունի։

ՄԻ ՓԱՍՏ

Արշակը սիրում է կարդալ տիեզերքի, երկնային մարմիների ու մոլորակների ու, այո՛, նաև այլմոլորակայինների մասին։ Նա երազում է մի օր հանդիպել այլմոլորակայինի ու  հրաշքով հատել սև խոռոչը։

Like
Like Love Haha Wow Sad Angry