Թումո․ «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը

Թումո․ «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը

«Ի՞նչ է նշանակում «Թումո»: Չէ, այն հապավում չէ: Ավելի շուտ ժառանգություն է:

Նախապատմությունը

2011 թվականի բացումից տարիներ առաջ, երբ դեռ առաջին Թումո կենտրոնն էր կառուցվում, շինարարության կողքով անցնող տեղի պատանիներից հաճախ լսում էինք «Թումո եմ գնում» արտահայտությունը: Մենք ակամա հետաքրքրվեցինք, թե այդ ուր էին նրանք պատրաստվում գնալ: Ինչպես գիտեք, կենտրոնը գտնվում է Թումանյանի գեղեցիկ այգու հարևանությամբ, որը կրում է ամենաստեղծարար ու սրամիտ հայ գրողի, բանաստեղծ, արձակագիր ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի անունը… կամ ինչպես երեխաներն են սիրում կոչել նրա այգին՝ «Թումո»: Շուտով շինհրապարակ այցելելը մենք էլ սկսեցին կոչել «Թումո գնալ», ու անունն այդպես էլ մնաց: Հետագայում այն դարձավ կենտրոնի պաշտոնական անունը, գրվեց մեծատառով, ու վերջապես, մտավ բնակիչների առօրյա բառապաշար:

«Մատ թափ տալու» շրջանը

Օգոստոսի 16-ին՝ պաշտոնական բացման արարողությանը հանրությանը ներկայացրեցինք «Թումո» անունը: Սերժ Թանկյանը համերգ տվեց, հարյուրավոր պատանիներ նախնական գրանցում անցան կենտրոն հաճախելու համար, ու հենց այդ օրը մենք ցուցադրեցինք Թումանյանի հեքիաթներից մեկի` «Մի կաթիլ մեղրի» մեր մշակումը: Հեքիաթը պատմում է, թե ինչպես աննշան իրադարձությունները կարող են հանգեցնել տարերային աղետների` առաջացնելով մեծ հակադրություն դրա և անմեղ սկզբնառիթի միջև: Այն ժամանակ մեր ապագա դասընթացավարներից մեկը վերարտադրեց հեքիաթը եռաչափ անիմացիայի ձևաչափով, ու այն պրոյեկտվեց Թումոյի շենքի ճակատին։

Ոչ բոլորն ի սկզբանե ընդունեցին «Թումո» անունը։ Սոցիալական մեդիայում ու մամուլում հետո հանդիպեցինք մարդկանց մեծ թվի, ովքեր արտահայտում էին իրենց դժգոհությունը այն փաստի շուրջ, որ մենք պաշտոնապես ընդունել ու հաստատել ենք Թումանյանի մականունը։ Մեկի, ով, իրենց խոսքերով, չափազանց պատկառելի է իր անունը կրճատելու համար։ Նրանք սա համարեցին անարգանքի նշան։ Մյուսներն ընդհակառակը՝ պնդում էին, որ Թումանյանը կհավաներ իր անվան այսպիսի չարաճճի մեկնաբանությունն ու դրա ընտրույան մեջ երեխաների ներգրավումը։ Այս բանավեճը շուտով մարեց, թեև մինչև այժմ էլ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք միջադեպը հիշեցնող մարդկանց, ովքեր, թեև հավանություն են տալիս Թումոյի ծրագրին, սակայն կարծում են, որ անունը անհամապատասխան է։

Ստեփանակերտ, Փարիզ, Բեյրութ և այլուր

Նախ Հայաստանով, ապա նաև դրսում մեր աշխարհագրությունն ընդարձակելուն զուգահեռ` նաև «Թումո» անունը տարածում գտավ, ձևակերպվեց և վերաձևակերպվեց: Դրա վերջին օրինակներն են «Թումո Փարիզն» ու «Թումո Բեյրութը»: Մեր ուսանողներին մենք կոչում ենք «թումոցիներ», իսկ նրանց շարժական նստատեղերը` «թումոբիլներ»: Մի լրագրող էլ ստեղծեց «TUMOrrow» եզրույթը, որով Թումոն ներկայացնում էր` որպես ապագայի դպրոց և կրթական համակարգ:

Կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ Հովհաննես Թումանյանը կհավաներ այս ամենը: Գուցե` ոչ, բայց մենք համոզված ենք իր անվան հետ կապված այս «մի կաթիլ մեղրը» Թումանյանին հաստատ կժպտացներ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն
Բեկոր Փափազեան