Թումո Բեյրութի առաջին մարզիչ Նժդեհ Մկրտչյանը

Թումո Բեյրութի առաջին մարզիչ Նժդեհ Մկրտչյանը

Թումո Բեյրութի բացմանը մնացին հաշված շաբաթներ… Եվ կենտրոնում ամենակարևոր թումոյական դերերից մեկը շուտով ստանձնելու է Թումո Բեյրութի առաջին մարզիչ, դերասան, ռեժիսոր, կինոսեր ու թատերասեր Նժդեհ Մկրտչյանը: Նա մեկ շաբաթով Թումո Երևան է ժամանել` հանդիպելու, խորհուրդներ ստանալու իր գործընկերներից, ու ծանոթանալու Թումոյի ուսումնական ծրագրի բոլոր մանրամասներին:

«Հայաստանում առաջին անգամ չեմ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ գալու՝ Համազգային թատրոնով կամ «Ասպետ» ճամբարով հաճախ ենք լինում այստեղ: Բայց այս անգամն ուրիշ է, քանի որ Թումո պիտի գայի` վերապատրաստման ու խոր ուսումնասիրության: Անցած անգամ, իհարկե, եղել էի Թումոյում` որպես այցելու, բայց պատկերացում չունեի ամբողջ գործընթացի մասին»: Թումո Երևանի նախորդ այցելությունից հետո Նժդեհն այնքան էր տպավորվել, որ որոշել էր Բեյրութում Թումո բացվելուն պես, առանց վարանելու անմիջապես դիմել:

Նժդեհը հայկական դպրոցն ավարտելուց հետո, որոշեց հետևել մանկության երազանքին ու ընդունվեց ֆրանս-լիբանանյան Բալամանդ Ալբա համալսարան, որտեղ ուսումնասիրում էր ֆիլմերի ստեղծում ու ռեժիսուրա: «Ավարտական ֆիլմս`«Վերջին անգամ»-ը հայերեն նկարահանեցի: Ընդհանրապես կարծում եմ` երբ սիրածդ գործն ես անում ու վայելում ես ընթացքը, անդադար զարգանում ու բարելավում ես գիտելիքներդ: Հաջող ֆիլմի համար պիտի ռիսկերից չվախենաս ու փորձես ինչ-որ նորություն բերել»:

ՄԻ ՓԱՍՏ.
Նժդեհը իր Համազգային թատրոնի հետ արդեն մի քանի անգամ Հայաստանով շրջագայությունների է եղել: Այս տարի` մայիսին նրանք ներկայացումներ են ունեցել Գյումրիում և Երևանում, որոնց ընթացքում նա կնոջ դեր էր խաղում: ««Կոնդոլեզիա, իմ սեր» պիեսը կատագերգություն չէր, բայց երբ բեմ էի դուրս գալիս, բոլորը ծիծաղում էին: Դե պատկերացրեք. ես` կնոջ հագուստ հագած»: