Թումոցի Անի Բեգլարյանը կամավորության ու իր նախագծերի մասին

Թումոցի Անի Բեգլարյանը կամավորության ու իր նախագծերի մասին

Անի Բեգլարյանի անցած աշխատարանների ու դասընթացների ցանկը նայելիս կհանդիպեք Թումոյի ողջ բազմազանությունը` ծաղիկների մասին ֆոտոպատմույթուններից մինչև Node.js-ով ծրագրավորում: Նա Թումո է գրանցվել 12 տարեկանը լրանալուց 6 օր հետո ու հիմա՝ 15 տարեկանում տասնյակ նախագծերից հետո ոչ մի տեղ չի շտապում։ «Աշխատարանների ընթացքում ստացած ցանկացած հմտություն հետագայում միշտ կիրառում եմ: Օրինակ` լուսանկարչությունը պետքական հմտություն է: Հաճախ հետաքրքիր միջոցառումներ եմ կամավոր լուսաբանում»:

Կամավորությունը Անիի վերջին տարերքն է. «Ինձ թվում է չկա ավելի հաջող ձև նոր փորձ ձեռք բերելու ու գիտելիքներդ գործնականում փորձարկելու համար: Դե, նաև, էսպես ասած ինչ-որ օգուտ ես տալիս մարդկությանը։ Գիտելիքը էնպիսի բան է, որով պետք է կիսվել, որ այն աշխատի»,- ասում է 15 ամյա թումոցի Անի Բեգլարյանը: Վերջին տարվա ընթացքում նա բաց չի թողնում կամավորության գրեթե ոչ մի հնարավորություն, որը նպաստում է հասարակական միջավայրի բարելավմանն ու բնապահպանության զարգացմանը Հայաստանում: Ի դեպ, շուտով կլրանա կես տարին, ինչ Անին միացել է Թումոյի ռոբոտաշինության դասընթացի թիմին` որպես կամավոր: Այո, ռոբոտաշինությունը ևս նրա Թումո-հետաքրքրությունների ցանկում է:

Կարելի էր ասել, որ Անին շատ երազանքներ ունի, բայց նրա դեպքում դրանք շատ հստակ ձևակերպված ծրագրեր են, հաճախ էլ անգամ` բիզնես-նախագծեր. «Հետագայում ուզում եմ նորարարական գիտական ուսումնասիրությունների կենտրոն բացել: Մի քանի կրթական գաղափարներ էլ ունեմ, բայց ամենը հերթով»:  

 

ՄԻ ՓԱՍՏ

Անին հետաքրքիր ավանդույթ ունի. ամեն աշխատարանից նա մի հուշ է վերցնում իր հետ ու պահում իր արկղիկում` ռոբոտաշինության կապույտ ու սև սկոթչերը, ստեղծագրության դասընթացից  մի հատ սթիքեր, եռաչափ տպված փոքրիկ աստղ և այլն: