Թումոցի Անահիտ Մկրտչյանը անսահմանի մասին

Թումոցի Անահիտ Մկրտչյանը անսահմանի մասին

Ինչի՞ համար են սահմանները՝ տարածքային, գաղափարական, երևակայական: 16 տարեկանում Անահիտը արդեն գիտի, որ սահմանները սահմանափակելու համար են, ու դա իրեն հաստատ չի սպառնում:

• Երբ եկա Թումո…
2011 թվականի դեկտեմբերի առաջին երեքշաբթի օրն էր: Հենց որ 12-ս լրացավ: Ու ամեն ինչ փոխվեց՝ լավագույն մասնագետներ, լավագույն դասեր ու ինքնուրույն զարգանալու տարածք: Ես իմացա, թե աշխարհում ինչ կա՝ բացի ավանդական մասնագիտություններից:
Ինչ դասընթացի ասես չեմ գնացել՝ Սանձահարիր Թումոյի շատրվանները, ֆիլմերի ստեղծում ու մշակում, գրաֆիկական դիզայն, լուսանկարչութուն, ստեղծագրություն, գեղագրություն, շարժական գրաֆիկա, բրենդավորում ու էս վերջինն էլ հենց Ավրորայի նախագիծն էր, որի ընթացքում մեր ղեկավար Այման Հասանը լիովին ջարդեց ստեղծագործելու մասին մեր բոլոր կարծրատիպերը: Մենք խաղ էինք անում, իսկ այդ խաղի վերջում ընտիր արդյունք ստացանք: Անհավատալի… չէ: Ու զարմանալի չի, որ ամեն դասընթացն անցնելուց հետո այն ամենասիրածս է դառնում: Տպավորությունները թարմ են, ես շատ ոգևորված եմ, հետո նոր դասընթացի եմ մասնակցում ու ամեն անգամ ավելի ու ավելի տպավորվում: Իսկ անփոփոխ ու ամենատպավորիչ մասը արտադրական ստեղծարար թիմի անդամ դառնալն է:

• Հայկական-սեփական
Հայ լինելու կամ Հայաստանում մեծանալու ազդեցությունը ուղղակի քո աշխատանքի մեջ հայկական զարդանախշեր ու խորհրդանիշեր ավելացնելը չէ: Միջավայրը, մարդիկ, տրամադրությունը ստեղծում են իմ բնավորությունը, որը միայն իմն է: Ու ինչքան էլ սիրեմ հայկական նախշերը, անպայման չի դրանք իմ գործի մեջ լինեն, որ ես կոչվեմ հայ կամ գործս կոչվի հայկական:

• Էքստրեմալ արվեստներ
Հայաստանում մտավոր աշխատանքով զբաղվելը ոնց որ էքստրեմալ սպորտ լինի: Չնայած մեծ պաշար, դարերի մշակույթ ունենք, բայց միևնույն ժամանակ հիմա ամեն ինչ նոր է, ճանապարհները՝ անհարթ: Ու դա էլ ինձ մտածելու, պրպտելու ու ավելի երկար ճանապարհ հարթելու առիթ է տալիս: Ես անչափ ուզում եմ միջազգային կրթություն ստանալ, տարբեր մշակույթների հետ շփվել, տարբեր փորձությունների ենթարկվել ու ի վերջո ստացածս Հայաստան բերել՝ միջազգային փորձը օգտագործել հօգուտ իմ երկրի:

• Հաջորդ կայարանը՝ UWC Դիլիջան
UWC-ի պրեզենտացիան տեսա Թումոյում երկու տարի առաջ, ու էդ ժամանակ որոշեցի, որ պիտի ընդունվեմ: Ճիշտն ասած, չէի հավատում, որ կանցնեմ: Էն գաղափարները որոնց մասին ինձ հարցրել են ընդունելության ժամանակ, ու որոնց շնորհիվ էլ երևի ընդունվել եմ, իմ մեջ Թումոյում են ներդրվել: Գաղափարներ նրա մասին, թե ինչ է կրթությունը, ինչ է մոտիվացիան: Օրինակ, առաջին անգամ իսկապես մոտիվացված Թումոյում եմ զգացել:

• Պատասխանատվությունը՝ սեփական կամքով
Անցած տարվանից որոշեցի կամավորությամբ զբաղվել, կապ ունենալ իմ համայնքի հետ: Բացի նրանից, որ ուզում էի առօրյաս պակաս միանման լիներ, ուզում էի միաժամանակ օգուտ տալ: Ճիշտ է, ես փոքր եմ ու լուրջ բան չեմ կարա անեմ, բայց դե իմ ուժերի չափով ուզում էի մի բան անեմ: Ու ի վերջո գտա էն հասարակական կազմակերպությունը՝ «Զարգացում»-ը, որը իմ հետաքրքրություններին լիովին համապատասխանում էր: Հենց հիմա մենք դպրոցականներին ներառում ենք համայնքի կյանքի մեջ: Տարբեր հանրային դասախոսություններ, միջոցառումներ ենք կազմակերպում մեր թաղամասի բնակիչների համար:

• Ամենակարևորը ներշնչվելն է
Ու մենակ լինելը: Ամենասկզբում, ցանկացած գաղափարի ստեղծման պահին պիտի մենակ լինեմ: Երեկոյան ժամերին, սենյակումս ամեն ինչ կոկիկ դասավորած: Ոչինչ չպիտի ինձ խանգարի: Հետո արդեն խմբով քննարկելը, աշխատելը օգնում ա էդ միտքը առավելագույնս զարգացնել:

Օգնող հանգամանքներ Անահիտի կողմից՝
Լավագույն գիրք՝ Ոճիր և պատիժ: Ու ընդհանրապես, գիրքը պիտի լինի հաստ ու իրականին մոտ:
Լավագույն երաժշտություն՝ ռոք: Շատ-շատ-շատ-շատ: Թռցնող, հուզող, կենդանի:
Լավագույն խումբ՝ Beatles (ասում է՝ փոքրուց էդպես է ստացվել):

Like
Like Love Haha Wow Sad Angry