Թումոյից մինչև Օսկար. Առնոլդը ֆիլմերի մասին

Թումոյից մինչև Օսկար. Առնոլդը ֆիլմերի մասին

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի խաչմերուկով անցնող մեքենաների վարորդներն արդեն հասցրել են ճանաչել 17-ամյա թումոցի Առնոլդ Ղազարյանին: Նա այն եզակի ուսանողներից է, ով արդեն 2 տարի Թումո Ստեփանակերտ է գալիս hitchhiking-ով: Ամեն անգամ գյուղից  2 կմ ոտքով իջնում է մայրուղի, հետո արդեն փորձում մեքենա կանգնեցնել: «Թումոբուսը» դեռ Խաչմաչ չի հասել: Թումոյի մասին Առնոլդն իմացել է հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանից, ով Թումո Ստեփանակերտում անցած տարի ֆիլմերի աշխատարան էր վարել:

– Ջիվանը մեր գյուղում ֆիլմ էր նկարում, ես էլ այդ ժամանակ նկարահանման խմբում օգնական էի աշխատում: Երբ Ջիվանը իմացավ, որ ուզում եմ սովորել ֆիլմ նկարելու հմտությունները, ինձ խորհուրդ տվեց Թումո գալ, – ասում է նա: Առնոլդը Թումո է եկել հստակ նպատակով՝ հնարավորինս շատ հմտություններ ձեռք բերել ֆիլմերի ստեղծման և առհասարակ ֆիլմարտադրության հետ առնչություն ունեցող ոլորտներից:

Մի ամբողջ տարի դպրոցից ու Թումոյից ազատ ժամանակն Առնոլդն ինչ աշխատանք ասես, որ չի կատարել` խոտ հնձելուց, մինչև սալիկ շարել: Հավաքած գումարով նա գնեց իր առաջին տեսախցիկը ու նկարեց  գեղարվեստական առաջին կարճամետրաժ ֆիլմը երկու եղբայրների մասին:

– Մեր ընտանիքում 10 քույր ու եղբայր ենք: Ֆիլմում էլ հենց եղբայրներիս եմ նկարել: Իրենք ինձ լավ են հասկանում, – պատմում է նա: Առնոլդը խոստովանում է, որ Թումոն իրեն տվել է ավելին քան հմտություններ ու նոր գիտելիքներ:

– Այստեղ ես ձեռք եմ բերել նոր ընկերներ, շփվելու ու հաղորդակցվելու հմտություններ ու շատ հաճելի զգացողություններ:

ՄԻ ՓԱՍՏ

Առնոլդը երազում է Արցախում Օսկարակիր ֆիլմ նկարելու մասին:

Like
Like Love Haha Wow Sad Angry
2