Երկու քույր = երկու թումոցի

Երկու քույր = երկու թումոցի

Մեծ քույրը «մեծավարի» լուրջ է, կազմակերպված ու կշռադատ, իսկ փոքրը՝ չարաճճի, ժպտերես ու էներգիայով լի։ Բնավորության ու նախասիրությունների այս մեծ տարբերություններում ընդհանուր է միայն Թումոն։ Կարինեն ու Մարիան հաջողացնում են նույն աշխատարաններին ու դասընթացներին մասնակցել։

– Մեր բարեկամի տղան պատրաստվում էր գրանցվել Թումոյում ու առաջարկեց միասին գնալ կողմորոշիչ հանդիպմանը: Էն, ինչ տեսա հանդիպամը, շատ սիրեցի ու ես էլ շտապեցի գրանցվել, – ասում է Կարինեն՝ Անդրյան քույրերից ավագը։

Իսկ կրտսեր քույրը՝ Մարիան, ստիպված էր մի քիչ սպասել։

– 12-ը լրանալուց հետո առաջին բանը, որ արեցի, Թումո Ստեփանակերտում գրանցվելը եղավ։ Մինչև Թումո գալս գիտեի, որ ՏՏ ոլորտում մինիմալ գիտելիքներ ունեմ, բայց երբ ծանոթացա Թումոյում առաջարկվող 14 ուղղություններին, հասկացա, որ իրականում ես ոչինչ չգիտեմ։ Թումոյի շնորհիվ հիմա ես մի շարք ոլորտներում հիմնարար գիտելիքներ
ու հմտություններ ունեմ,- ասում է Մարիան։

Անդրյան քույրերի հետաքրքրությունները Թումոյում զարմանալի կերպով համընկան։ Դասընթացներն ու աշխատարանները խորհրդակցելով են ընտրում։ Երբեմն հաջողվում է մեկ թիմում աշխատել, ինչպես օրինակ` Վիքիպեդիայի աշխատարանի ժամանակ։

– Շատ էի ոգևորվել նոր մեդիայի և ստեղծագրության դասընթացներից։ Բոլորս շատ ակտիվ էինք, էնեգիայով լի։ Իսկ ստեղծագրության դասընթացի ժամանակ մեր գրած պատմություներն անգամ գրքում տպագրվեցին,- ասում է Մարիան։

Եթե նոր մեդիայի ու ստեղծագրության հմտությունները Մարիային օգնեցին լրագրողի ապագա մասնագիտությունը ընտրելու, ապա Կարինեի համար Թումոյում ձեռք բերած հմտություններն ավելի շատ նախասիրություններն ու մտահորիզոնը զարգացնելու համար են։

-Քանի որ ֆիլմեր շատ եմ սիրում, ինձ հետաքրքիր էր ավելին իմանալ դրանց ստեղծման մասին և ինքս փորձել ֆիլմ նկարել,- ասում է Կարինեն։

ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏ

Անդրյան քուրիկները մինչև Թումո գալը հասցրել են երգչախմբում երգել, լատինաամերիկյան պարերով զբաղվել ու կոլաժի դասերի հաճախել։ Իսկ Թումոյի Վիքիպեդիայի աշխատարանն այնքան են սիրել, որ աշխատարանից հետո դարձել են Ստեփանակերտի Վիքի ակումբի ակտիվ խմբագիրներ։

Like
Like Love Haha Wow Sad Angry