Արտյոմ Աբրահամյան. Ստեփանակերտի կինոուրբաթների «քայլող գովազդը»

Արտյոմ Աբրահամյան. Ստեփանակերտի կինոուրբաթների «քայլող գովազդը»

Եթե պատահաբար Ստեփանակերտի փողոցներում մեկը ձեզ մոտենա, ֆլայեր տա ու լայն ժպտալով երկար-բարակ պատմի ֆիլմերից, իմացեք, դա մեր կամավոր, թումոցի Արտյոմ Աբրահամյանն է: Նա Թումո Ստեփանակերտի կինոուրբաթների «քայլող գովազդն է»:

13-ամյա թումոցին պատմում է, որ երբ լսեց Թումո Ստեփանակերտի բացվելու մասին, մի քիչ տխրեց, որովհետև դեռ 12 տարեկանը չէր լրացել: «Այսօրվա պես հիշում եմ առաջին դասընթացս: Ստեղծագրության առաջին մակարդակում միակ տղան ես էի: Շատ հավես անցավ: Հետո անգամ առիթ ունեցա իմ պատմվածքի մասին պատմել Թումո Ստեփանակերտ այցելած ԵՄ շվեդ պատգամավոր Լարս Ադակտուսոնին»:

Ստեղծագրություն, գրաֆիկ դիզայն, խաղերի ստեղծում, մի շարք աշխատարաններ ու հատուկ նախագծեր: Հերթում լուսանկարչությունն է ու նոր մեդիան: Արտյոմն ասում է, որ շատ հնարավոր է իր ապագա մասնագիտությունը կապված լինի այս ոլորտներից մեկի հետ:

Արտյոմը նաև Թումո Ստեփանակերտի գովազդի «երթևեկող դեմքերից» մեկն է` բառի բուն իմաստով: Նարեկ Մաթևոսյանի դիզայնի հատուկ նախագծի շրջանակներում քաղաքի ավտոբուսներին փակցված պաստառների «դեմքերն» ընտրվել են հենց կենտորնի ուսանողներից:

«Բակի ընկերներս կատակով ասում են, որ դեմքս աղբ թափելիս են տեսնում, մեկ էլ քաղաքային ավտոբուսներին փակցված պաստառի վրա»: Տնեցիներն արդեն գիտեն, որ եթե Արտյոմը չկա, նրան պետք է Թումոյում փնտրել:

 

ՄԻ ՓԱՍՏ

Արտյոմը լուսնոտ է ու հաճախ է գիշերները «երազով անցած» հյուր գնում հարևաններին: