Հեղինակ
Մարիա Ներսեսյան
Մաս առաջին
1
Քառակուսի հիշեցնող հյուրասենյակի չորս պատերից ամեն մեկն իր նպատակն ուներ։ Նեղ միջանցքից ներս մտած Էմմայի դիմաց գտնվող պատն իր մեջ էր պահում միակ հիշեցումը, որ տնից դուրս աշխարհ գոյություն ունի՝ լայն, երկու զույգ պատուհանները։ Նույն` Էմմայից աջ գտնվող պատին երկու ուղղանկյուններ ճանապարհ էին բացում դեպի իրարից լիովին տարբեր ննջասենյակներ։
Այն պատը, որին Էմման շուտով հենվելու էր, որ չընկնի՝ (միջանցք տանող պատը), իր մեջ մեկ այլ դուռ ուներ, որ տանում էր դեպի խոհանոց։ Այդ դռնից, ինչպես միշտ, զանազան ուտեստների հոտ էր գալիս, որից Էմմայի քիմքն ինքնաբերաբար կայրվեր, եթե աչքերը հենց նոր չգրանցեին տարօրինակ երևույթը։ Չորրորդ՝ Էմմայից ձախ գտնվող պատը դատարկ չէր, ինչպես միշտ էր։ Դրան հենված իրը վաղուց մաքրվել էր Էմմայի հիշողությունից։ Աղջիկը լավ էր աշխատել, որ մոռանա այն, սակայն հինգ տարիների աշխատանքը փոշիացել էր երեք վայրկյանում։ Անշուք ու հասարակ այդ իրը երկար մնաց Էմմայի հայացքի ներքո, մինչև աղջիկը շարժվեց տեղից։
Միջանցքում իր վերարկուն բավական երկար կախող կնոջ՝ կարմիր շրթներկի տակ թաքնված ճաքճքած շուրթերը դողում էին անորոշությունից։ Ժպտա՞լ։ Չգիտեր։ Իրոք չգիտեր։ Միգուցե առա՞ջ գնալ։ Որոշեց քարանալ ու հեռվից դիտել երկար սպասված տեսարանը։ Էմման ևս մեկ քայլ արեց։ Երկու քայլ, ու վերջ. կհասներ հնացած մարմնին։ Ճերմակ ձեռքը դրեց կափարիչին։ Բարակ մատներով գտավ դաշնամուրի վերին շուրթն ու դանդաղորեն բացեց հրեշի բերանը։ Բերանը լիքն էր սև ու սպիտակ ատամներով։ Առաջին հայացքից այդ ատամնաշարն անվնաս էր, բայց ձեռքը, որ դրված էր կափարիչին, գիտեր, որ անգամ թեթևակիորեն ներքև սահելու դեպքում այդ անվնաս ատամները կկրծոտեին իրեն։ Մուգ կապույտ, անհուն աչքերի մեջ արտացոլվող պատկերը տեղ չէր գտնում իրականության մեջ։ Այն վաղուց բացառվել էր Էմմայի կյանքից։ Վերջապես կարմրաշուրթ կինը ներս մտավ։ Էմման, առանց հայացքն անծանոթացած մարմնից թեքելու, բարձրաձայն հարցրեց.
-Ի՞նչ է սա անում էստեղ։
Աղջկա ձայնը դողում էր։ Ձեռքը մի ձև պոկեց ստեղներից ու պտտվեց Վանուհու կողմը.
-Ի՞նչ գործ ունի էս մեր տանը, տա՛տ։
Վանուհին հանգիստ էր։ Սապատավոր, երկար քիթը ճակատին միացնող հոնքերի միջև տարածությունն անշարժ էր։ Չկային երկու ծալքերը, որոնք առաջանում էին ամեն անգամ պատահարի հետ որևէ կապ ունեցող մանրուքի մասին խոսելիս։ Ձայնն էլ էր հանգիստ՝ չնայած Էմման այն չէր լսելու։
-Կողքի հարևանները տեղափոխվում են և դաշնամուրը չեն ուզում տանել, նոր վարձակալները նույնպես այն չեն ուզում թողնել, դրա համար այս ծերուկին որոշեցի որդեգրել, և նրանք համաձայնեցին։
Էմման երկար զննեց Վանուհուն։ Կնոջ գլուխը գրկած ճերմակ ու ուռուցիկ մազակույտը անհասկանալիորեն երիտասարդեցնում էր նրան։ Էմման շունչ քաշեց.
-Լա՛վ,- պարզապես ասաց ու անցավ իր ննջասենյակ։
2
Անհարմար անկողնում, քրտինքի մեջ կորած ու անշարժացած, նայում էր լամպին, որի լույսը արտացոլվում էր հիվանդանոցային խամրած սպիտակ սալիկներին։ Կոնքի ցավն էլ չկար։ Ողջ մարմինը թմրած էր, բայց ուղեղը չէր հանգստանում։ Շարունակաբար վերարտադրում էր վերջին իրողությունները, որ գցեցին իրեն էստեղ՝ այս չորս մաքուր ու ճերմակ, բայց զզվելի պատերի մեջ։ Չէր ուզում փակել աչքերը։ Ճերմակ առաստաղից բարակ լարով կախված այդ լամպը պիտի վառեր բոլոր հիշողությունները, բայց չէր վառում։ Դրանք տեղում էին։ Հերիք էր՝ փակեր աչքերն ու տեսնում էր…
Էմման շնչակտուր բացեց աչքերն ու տեղում նստեց։ Ձեռքով շոշափեց փափուկ անկողինը։ Ամեն ինչ կարգին էր. նա տանն էր։ Բայց ինչո՞ւ էր հիշել… Դաշնամուրը… Վեր կացավ։ Ոտաբոբիկ ու բիզ-բիզ մազերն ուսերին գցած՝ դուրս եկավ ննջասենյակից։ Ոտնաթաթերի վրա անցավ Վանուհու ննջարանի կողքով ու հնարավորինս զգուշորեն բացեց խոհանոցի ճռճռան դուռը։
Իրականում դուռը ճռճռան էր միայն Էմմայի հիշողության մեջ։ Տարիներ առաջ այդ դուռը փոխել էին ոչ ճռճռան երկվորյակով։
Սառը սալիկապատ հատակին ոտնաթաթերը դաջելով՝ շարժվեց դեպի լվացարանը։ Բաժակ վերցրեց։ Բացեց ջուրն ու հետևեց հոսքին։ Փորձեց մտաբերել, թե ինչ ձայներ է արձակում հոսող ջուրն ու բաժակը լցրեց։ Սառնորակ ջուրը մոտեցրեց շուրթերին ու կանգ առավ։ Շնչառությունը համաչափ էր, սակայն մտքերը քաոսային աղմկով բախվում էին միմյանց իր գլխում։ Բաժակը ձեռքին՝ նույնքան զգուշորեն դուրս եկավ հյուրասենյակ։ Մի պահ կանգ առավ։ Հեռվից հայացքը փակցրեց դաշնամուրին ու քթի տակ մրմնջաց.
-Չէ՛, ես լրիվ հիմար եմ,- մի շնչով դատարկեց բաժակն ու դրեց դիմացի սեղանին։
Հետ վերադարձավ անկողին։ Գլուխը դրեց բարձին ու հասկացավ, որ ամբողջովին թրջված է։ Շրջեց բարձի հակառակ կողմն ու փակեց աչքերը, մինչև նորից քուն ընկավ։
Երկու ժամ անց կրկին բացեց կոպերը։
3
-Սա արդեն ծիծաղելի չէ,- զայրացած ասաց Էմման ու վեր թռավ անկողնուց։
Նույն ճանապարհով, որով դուրս էր եկել երկու ժամ առաջ, պլստաց խոհանոց։ Նորից բաժակ վերցրեց։ Նորից բացեց ջուրն ու հետևեց դրա հոսքին։ Նորից լցրեց բաժակն ու կրկին խմեց։ Արագ կուլ տալու պատճառով ջուրը զոռով, տհաճ բարդությամբ սլացավ կերակրափողով։
-Տեղն է քեզ,- զայրացած ինքն իրեն մրմնջաց։ Հայացքը կրկին ընկավ հյուրասենյակին։ Խոհանոցի ապակե դռնից դաշնամուրը չէր երևում, բայց Էմման զգում էր դրա ներկայությունը։ Կատաղի բացեց դուռն ու շարժվեց դեպի դաշնամուրը։ Լայնացած աչքերով նայեց վրան։ Նույն փայտի կտորն էր։ Շունչը տեղը բերեց, բաժակը դրեց սեղանին՝ առաջին բաժակի կողքն ու մտավ ննջասենյակ։
Պառկեց անկողնուն ու նայեց առաստաղին։
-Ախր այն լիովին տարբերվում է հիվանդանոցի առաստաղից,- նվնվաց Էմման։
Ձախ ձեռքը տարօրինակ մրմռաց։ Հիմա դրա մեջ պիտի տաք ու հնամաշ ձեռք լիներ։
-Ու՜ֆ…,- ձեռքին նայեց ու շոշափեց այն։ Մարմնի միակ հատվածն էր, որ սպիապատ չէր։ Հետո զննեց աջը։ Փոքրիկ, աննշան սպին, ցուցամատի և միջնամատի արանքում լավ չէր երևում, բայց հիշեցնում էր։ Ամեն անգամ հիշեցնում էր….
-Հա՜ո,- հորանջեց Էմման։ Ձեռքերը հանգիստ թողեց ու վերմակը վրան քաշեց։ Կոպերը ծանրացան ու զգաց, թե ինչպես են հինգ տարեկան պատկերները լուռ սահում դեպի իր գլուխն ու տեղավորվում այնտեղ։
Ձեռքին, ամիսներ առաջ վրան թափված սուրճը ներծծած թղթակույտ է։ Անընդհատ փորձում է դասավորել դրանք։ Մի կերպ խելքի է բերում ու կենտրոնանում հնգագծի ու դրա վրա շարված մարմինների վրա։ Հիշում է բոլոր մանրուքները, որոնց պիտի ուշադրություն դարձնի ելույթի ժամանակ։ Անուշաբույր օծանելիքի հոտը հասնում է քթանցքերին։ Ներշնչում է օծանելիքի մոլեկուլներն ու վայելում։ Իր սիրելի օծանելիքն էր. ուներ թարմության, մաքրության, լոգանքից անմիջապես դուրս եկած թաց մարմնի հոտ…
Վերմակը վրայից գցեց հատակին։ Դուրս եկավ սենյակից ու մոռանալով բոլոր զգուշավորությունները սահեց խոհանոց։ Բացեց ջուրը։ Հետևեց դրա հոսքին։ Բաժակ վերցրեց ու լցրեց այն։ Չխմեց։ Ձեռքում պահած անցավ հյուրասենյակ։ Նայեց դաշնամուրին։ Բաժակի պարունակությունը դատարկեց կոկորդը։ Այն դրեց սեղանին։ Սեղանի կողքի աթոռներից մեկը վերցրեց ու դրեց դաշնամուրից երկու մետր հեռավորության վրա։ Նստեց վրան ու նայեց դաշնամուրին։ Կոկորդում հավաքված կծիկը դժվարությամբ կուլ տվեց։ Աթոռը մի փոքր առաջ տվեց։ Լայնացած աչքերով սկսեց հոշոտել ծեր փայտակույտը։ Շունչ քաշեց ու վեր կացավ։ Գնաց ննջարան։ Տեղավորվեց հատակին։ Թաղեց երեսը ձեռքերի մեջ.
-Ինչի՞ ձեռք տվի,-կիսաձայն փնթփնթաց։ Մատներով սահեց բաց ցորենի գույն ունեցող բիզբիզ մազերի միջով։ Հեռավոր հեռախոսը լուսավորվեց։ Էմման զարմացած նայեց ժամին։ Արդեն ուշ էր։ Վերցրեց հեռախոսը։ Միշելն էր.
-Չմոռանաս ու քնած մնաս։ Առավոտյան ձեր տուն կգամ, ու միասին կգնանք զբոսնելու։
Պատասխանեց.
-Ինչի՞ ես գիշերվա հազարին արթուն։
Պատասխան չհետևեց։
4
-Միշել,- միայն շուրթերով ասաց աղջիկն ու ժպտաց։
-Էմմա,- ապշած աղջկա կենսուրախությունից բարձրաձայն ասաց Էմման։ Անգամ մեկ տարի անց չէր կարողանում համակերպվել կոկորդում ձևավորվող ձայների բացակայությանն ականջում։
-Միգուցե ավելի հաճելի կլինի դրսում խոսելը,-արդեն ձեռքերով հարցրեց աղջիկը։
Էմման մի պահ չհասկացավ, հետո հիշեց, որ աղջիկների զուգարանն իրոք հաճելի վայր չէ նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։
-Հա՛, իհարկե։
Միշելը Էմմային ուղեկցեց դեպի դպրոցի ետնաբակ։ Այգին կանաչ էր ու դատարկ։ Էմման ժլատորեն ներշնչեց օդը։
-Էստեղ իրոք ավելի հաճելի է,- քթի տակ ասաց, հետո հիշեց ու նույնը ձեռքերով Միշելին ասաց։
-Աչքերդ կարմրած են, իսկ գույն վրադ չկա,- պատասխանեց Միշելը,- ուրեմն նորեկն ես։
Էմման հոնքերը կիտեց։
-Իրո՞ք այդքան պարզ է։
-Չէ՛,- ժպտաց Միշելը՝ ցուցադրելով երկու դիմային ատամների միջև դատարկ տարածությունը,- պարզապես ուսուցիչները մեզ են ասում, երբ նորեկներ են գալիս, որ օգնենք ընտելանալ։ Մի՛ մտածիր, սա Մարսելի լավագույն դպրոցներից է լսողական խնդիրներ ունեցողների համար։
-Դա արդեն լսել եմ,- հոգնած ասաց Էմման։
-Չես կարող լսած լինել,- պարզապես ասաց Միշելը։
Էմման ժպտաց։ Նայեց Միշելի ճերմակ երեսին։ Նրանք լիովին անծանոթ էին, բայց վաղեմի փոխվստահության զգացողություն կար։ Հայացքը թեքեց ասֆալտին, որը երկու քայլ այն կողմ սերտաճում էր կանաչ խոտի հետ։ Հոնքերը կիտեց.
-Ինչպե՞ս ես կորցրել լսողությունդ։
-Ես ի ծնե խուլ եմ,- հանգիստ պատասխանեց Միշելը։
Էմման քարացավ։ Ամեն ինչ չափից ավելի անտրամաբանական էր։
-Այսինքն դու… Երբեք երաժշտություն չես լսել։
-Դե՜, անկեղծ ասած չգիտեմ՝ դա ինչ է, բայց առիթների ընթացքում պարում եմ։
-Պարո՞ւմ ես։
-Ըհը, հատակի վրա բոբիկ կանգնելու դեպքում զգում եմ, որ հատակը թմրած է ու պարբերաբար անոթազարկի նման հետ է բերում զգայունությունը։
-Անկեղծ ասած, բան չհասկացա։
-Ինձ թվում է՝ ավելի լավ չեմ էլ կարող բացատրել,- Միշելը շուրջը նայեց, նայեց ժամացույցին,- լա՛վ, ես արդեն տասը րոպե ուշացել եմ դասից, բայց,- վերցրեց Էմմայի տաբատի գրպանում դրված հեռախոսը,- եթե ինչ-որ խնդիր լինի, հարց, կամ պարզապես զրուցակցի կարիք, գրիր էս համարով։ Այլապես ինձ ամոթանք կտան «նորեկներին միայնակ թողելու համար»։
Ու անհայտացավ։ Էմման կարծում էր՝ էլ երբեք չի հանդիպի Միշելին։ Սխալվում էր։
5
Վանուհին պառկած էր մահճակալին, երբ տարօրինակ ձայներ լսեց։ Սկզբում հեռավոր ու թույլ թփթփոց, հետո՝ ավելի անհանգիստ, կտրուկ շարժումների ձայներ։ Բացեց աչքերը։ Վեր կացավ տեղից։ Կիսով չափ բացեց ննջարանի դուռն ու նայեց հյուրասենյակին։ Միևնույն աթոռները, միևնույն բազմոցն ու բազկաթոռները, սեղանը…Սեղանը։ Ահա, թե ինչը չէր ձուլվում հյուրասենյակի մշտական պատկերի հետ։ Վրան դատարկ բաժակների կույտ էր։ Մթության պատճառով աչքերը նեղացրեց ու տեսավ դաշնամուրին լիովին մոտ գտնվող աթոռը։ Բայց ներսում մարդ չկար… Խոհանոցի դուռը հանգիստ բացվեց։ Բաժակը բերանին՝ ջուր խմելով հասավ սեղանին, բաժակը դրեց մնացած բաժակների հետ ու նստեց աթոռին։ Ձեռքերը խաչեց ու համաչափ, բայց անհանգիստ շնչառությամբ սկսեց զննել դաշնամուրը։ Քարացավ։ Մեկ րոպե… Երկու րոպե…. Հինգ րոպե… Տասը րոպե… Վերջապես վեր կացավ ու շարժվեց դեպի ննջասենյակ։ Դռան բռնակի վրա սահեցրեց ձեռքն ու թույլ իջեցրեց այն ներքև։ Դուռը կամաց բացվեց, ու Էմման ներս անցավ։ Պատկերը տարօրինակորեն ծանոթ էր Վանուհուն։ Արդեն երկու տարի է, Էմման հանգիստ էր քնում ու գիշերով ննջասենյակից դուրս չէր գալիս։ Մի՞թե ամեն ինչ նորից փչացրեց։ Ջուրը գցեց Էմմայի ու Նատալիի ողջ աշխատանքը։
Փակեց դուռը։ Նստեց մահճակալին։ Նայեց դիմացի հայելու մեջ։ Մութ էր, բայց լավ երևում էր մարմնի եզրագիծը։ Հանկարծ թարթեց աչքերն ու տեսավ ինքն իրեն հինգ տարի առաջ՝ նույն հայելու մեջ նայելիս։ Հիշեց ցցված ոսկրերը, անբնական փոսերն աչքերի տակ, հիվանդագին սպիտակությունն ու զգացողությունը, որ մաշկն իր մարմնից մեծ էր կարված։ Հետո հիշեց ջերմ ժպիտը, որով պիտի լուսավորեր լաքայապատ դեմքը, որ Էմման չմտածի, որ կորցրել է ամեն ինչ։ Վերջապես երեխային դուրս էին գրել։ Ինչքան արցունք ուներ, վաղուց հանել էր միջից, գիտեր, որ հիմա ավելի կարևոր բան ունի անելու։ Բացեց դուռն ու անցավ թոռնուհու սենյակ.
-Բալե՛ս, երևի սոված կլինես, իսկ ես տոլմա եմ սարքել, քո սիրած թփով տոլմա։ Երկու րոպեից լիովին պատրաստ կլինի, խոհանոց արի։
Էմման լուռ էր։ Պարզապես նայում էր Վանուհու վրա անտարբեր ու բութ աչքերով։ Հայացքը բացականչում էր, որ իրեն հիմարի տեղ չփորձեն դնել, չփորձեն խաբել իրենց թատրոնով։ Հայացքը թեքեց հատակին ու բարձրաձայն ասաց.
-Լա՛վ։
Էմման միայն մի քանի բառ էր սովորել ժեստերի լեզվից հիվանդանոցում մնալու երկու ամիսների ընթացքում։ Նրան Նատալին էր օգնում։ Վանուհին Էմմային զուգահեռ սկսում էր ըմբռնել այդ լեզուն, սակայն առանց դրա էլ ոչինչ չէր փոխվի։ Էմման միայն Վանուհու շուրթերով էր կարողանում կարդալ։ Նրանք միշտ էին իրար հասկանում, բայց հիմա Վանուհին նայում էր, թե ինչպես էր թոռնուհին բերանը դնում հյութեղ տոլման ու անտարբեր քաշում հյութը՝ չվայելելով համը։ Էմման կորցրել էր աչքերի փայլը, իսկ Վանուհու տունը կորցրել էր գույները։
Էմման վերջացրեց, սառնորեն ասաց.
-Շնորհակալ եմ, շատ համեղ էր,- ու դուրս եկավ խոհանոցից։
Եվս մի ճռռոց։ Վանուհին վեր թռավ մահճակալից։ Մոռացավ արտացոլանքի մասին ու արագորեն բացեց դռան մեկ քառորդը։ Էմման կրկին այնտեղ էր, բայց այսպիսին թոռնուհուն երբեք չէր տեսել։ Կուչ էր եկել աթոռի վրա, երեսը թաղել էր ձեռքերի մեջ ու թպրտում էր։ Փորձում էր լուռ անել, բայց չէր ստացվում։ Վանուհին արագ առաջ եկավ, փորձեց հասնել թոռնուհուն, բայց Էմման ձեռքով մաքրեց աչքերն ու նայեց դաշնամուրին։ Տեղում նստեց։ Կարգավորեց շնչառությունն ու բացեց կափարիչը։
6
Էմման բացեց իր սենյակի լոգարանի դուռը։ Ներս ընկավ։ Միացրեց եռման ջուրը։ Վրայից գցեց ծանրացած հագուստն ու մտավ տաք ցնցուղի տակ։ Եթե չէր կարողանալու քնել, գոնե կտաքանար։ Սպասում էր, որ այսօրվա անքնությունն այրվեր ու դուրս գար միջից։ Սկզբում մատներով սահեց գլխի վրայով ու «սանրեց» մազերը։ Վանուհին էր լվանում նրա գլուխը, երբ հիվանդանոցում էր։ Ապա իջավ պարանոցով դեպի ցած, մինչև ողջ մարմինը չզատեց դարավոր թվացող, փոշու հաստագույն շերտից։ Նույն զգացողությունն ուներ հինգ տարի առաջ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր առաջին ցնցուղի ժամանակ։
Ցնցուղն անջատեց։ Սրբիչով փաթաթվեց, չորացավ ու զգեստափոխվեց։ Թաց մազերն ուսերին թափած նստեց դաշնամուրի առջև։ Պիտի վերջ տար այս ամենին։ Կարծում էր, թե ազատվել է պատկերներից, բայց ընդամենը մի փտած փայտի կտոր դրանք հետ էր բերել։ Էմման չէր կարող վերադառնալ նախկին տանջանքներին։ Չէր ուզում նորից անքուն մնալ մղձավանջներից փախչելու համար։ Չէր ուզում, որ նորից Նատալիի մոտ գնա։ Չէր ուզում քարանալ ու վախենալ ամեն պատահական դաշնամուրից, որ նրան կարող էր հանդիպել։ Տուն վերադառնալիս համարյա ամեն ինչ արել էր։ Նորից կանի ու կհասցնի ավարտին։ Էլ չի կարող այսպես։ Ձեռքը փորձեց մոտեցնել կափարիչին։
-Բալե՛ս, հերիք ա էդ թղթերին նայես, ամեն ինչ շատ լավ հիշում ես։ Պարզապես աշխատի՛ր հանգստանալ մինչև համերգը։
-Հա՛, մա՛մ, մի վայրկյան,- առանց կտրվելու նոտաներից ասաց Էմման։
Մեքենայի շարժիչի ձայնը գնալով խամրեց, բայց չանհետացավ։
Մատները հետ քաշեց ստեղներից։ Մազերը ձեռքերով հավաքեց ու ուսերից գցեց մեջքին։ Դրանք կիսաթաց էին։ Լպրծուն ու ծանոթ բան կար այդ կիսաթացության մեջ։ Այդպիսին էին նրա մազերը հինգ տարի առաջ, երբ քրտինքի ու արյան խառնուրդը պատել էր ողջ մարմինը։ Շունչ քաշեց, ձեռքի ափերով տրորեց աչքերը։ Նորից մեքենայի մեջ էր…
Խրթոց, անտանելի ու անվերջ ելևէջող խրթոց… Փորձում էր շնչել, բայց ձախ կողը ծակում էր։ Կատաղի արագությամբ շարժում էր ակնագնդերը։ Փորձում էր ամեն ինչ հասկանալ։ Մի բան սխալ էր։ Հենց նոր էր նայում նոտաներին…
-Մա՞մ,- ինչքան ձայնը ներեց գոռաց Էմման։ Մի բան հաստատ այն չէր…
Վերջապես աչքերով գտավ մոր մարմինը։ Ճերմակ շապիկը, որ միշտ հագնում էր տոնական իրադարձություններին, կարմրել էր, բայց Էմման դրան ուշադրություն չդարձրեց։ Շունչ քաշեց։ Ուրախությունից կողի ցավն ավելի սրվեց։ Հայացքը շրջեց։ Մի բան այն չէր։ Վերջապես հասկացավ։ Թարմ օծանելիքի, իր սիրելի օծանելիքի կաթիլները դեռ երևում էին մոր անբնական դիրքով ճկված պարանոցին։ Գլուխը հենված էր կրծքին, կարծես մի քիչ էլ ու կպոկվի, կընկնի։
Սկսեց գոռալ ու մինչև աղի համը շուրթերին չզգաց, չհասկացավ, որ գոռում էր։ Հայացքը թեքեց։ Կտրուկ սկսեց փնտրել հորը։ Մի քանի վայրկյան անց նկատեց։ Կարմիրով ներկված գլուխը կարված էր ասֆալտին։ Եվս մի կտրուկ, անտանելի ցավոտ շարժում, ու Էմման անջատվեց։
Ձեռքերը հեռացրեց աչքերից։ Աթոռից կտրուկ վեր թռավ։ Հետո հասկացավ, որ արդեն տեսել է միևնույն տեսարանը միլիոն անգամ, նորից նստեց։ Նայեց դաշնամուրին։ Չկարողացավ զսպել իրեն։ Կուրծքը սկսեց անհանգիստ վերուվար անել։ Զգաց, որ կոկորդն արդեն մտադիր է պայթելու։ Ձեռքով փակեց բերանը։ Զգաց մեջքով վազող սարսուռը։ Ողջ մարմինն անհամաչափ բաբախում էր։ Ատամները ներսից տպվում էին շուրթերին։ Աղի հյութն աչքերից թափվում էր ցած, իսկ Էմման փորձում էր զսպել դողը։ Կատաղել էր ու չգիտեր ինչ անի։ Արմունկով մաքրեց աչքերը։ Շունչ քաշեց։ Բացեց կափարիչը։ Ժամանակն էր գլխից հանելու դաշնամուրը՝ պատկերների հետ միասին ու ուղարկելու գրողի ծոցը։ Ժամանակն էր գլխից հանելու հինգ տարեկան պատահարն ու չկայացած ելույթը։ Ժամանակն էր, որ վերջապես հիասթափվեր այդ հրեշից, որի պատճառով մայրն ու հայրն էլ չկան։ Ժամանակն էր, որ դուրս գար խղճուկ զոհի կարգավիճակից։ Ժամանակն էր համոզվելու, որ նվագել չի կարող։ Նայեց ստեղնաշարին։ Նորից հեռվացավ ներկայից։ Ահա ձեռքեր, որ կտրում են ամրագոտին ու հանում են իրեն փշրված պատուհանից… Տարօրինակ դեմքեր… Մթություն… Լույս… Կրկին մթություն… Օտար ու մաշված ձեռքի ջերմություն… Լույս… Շատ լույս… Չափից ավելի ճերմակ ու կուրեցնող լույս… Ճերմակ առաստաղից բարակ լարից կախված լամպ, որ պիտի վառեր բոլոր հիշողությունները, բայց չէր վառում…
Մաս երկրորդ
1
Դուռը փակ էր, բայց դրա ստորոտում գտնվող գորգի տակ թաքնված էր մշտական ավելորդ բանալին։ Աղջիկը միանգամից գտավ բանալին ու այն հրեց նեղ կողպեքի մեջ։ Մետաղական բռնակը քաշեց ու ներս անցավ։ Նեղ միջանցքում ամեն ինչ նույնն էր, բայց չէր էլ կասկածում, թե ինչի մեջ է ընկնելու երեք քայլ հետո։ Հանեց վերարկուն ու կախեց այն։ Ալիքաձև մազերը մատներով հետ սանրեց ու առաջ անցավ։ Վանուհի տատիկը գիշերանոցով սառել-մնացել էր տեղում կանգնած։ Լաքայապատ այտոսկրերով արցունքների հեղեղ էր տեղում, բայց դա ամենատարօրինակը չէր։ Սեղանին մի բանակ բաժակ էր դրված։ Հյուրասենյակի մյուս կողմում նստած էր Էմման։ Աղջկանից մի քանի վայրկյան պահանջվեց, որ հասկանա, թե ինչ է կատարվում։ Սկզբում փոփոխություն չնկատեց, հետո տեսավ անծանոթ ստեղնաշարի վրա պարող մատները։ Դրանք սահում էին առանց բարդությունների։ Էմման շնչելուց երևի այդքան հանգիստ չէր, բայց այդ հանգստությանը զուգահեռ մի բան այն չէր։ Նա ցնծում էր։ Այդքան ուրախ երբեք չէր եղել։ Աչքերի կայծերը մի ամբողջ թաղամաս կարող էին լուսավորել։ Միշելը զարմացած թարթեց աչքերը, իսկ Էմման վերջին անգամ՝ կտրուկ, բայց նրբորեն հարվածեց ստեղներին։ Մատները պոկեց դրանից, ապա զննեց դրանք ու շունչ քաշեց։ Արտաշնչեց։ Հայացքը թեքեց դեպի իրենց տան հսկայական պատուհանները։ Երևի զարմացավ։ Արևի ճառագայթները ներս էին թափանցում՝ լուսավորելով հատակի սալիկների մի մասը։ Կողքերը նայեց։ Մի պահ մոլորված ճամփորդի տեսք ուներ։ Հետո կողմնորոշվեց ու վեր կացավ։ Եվս մեկ անգամ նայեց դաշնամուրին ու շրջվեց։ Հոնքերը կտրուկ անկում ապրեցին։ Ճերմակ այտերը վարդագույն երանգ ստացան։ Բիբերը լայնացան։ Բերանը բացեց ու նայելով Վանուհուն՝ հավանաբար արտաբերեց.
-Տա՞տ….
Իսկ Վանուհին լացում էր ու լացում։ Էմման մի քայլ առաջ եկավ, հետո փոշմանեց։ Աչքերը թեքեց Վանուհուց ու նկատեց աղջկան.
-Միշե՞լ…,-էլ ավելի զարմացած արտասանեց Էմման։
2
Միշելը բաժակներն էր հավաքում, մինչ Վանուհին ու Էմման քարացած միմյանց էին նայում։ Վանուհին հազիվ էր հանգստացել ու հիմա նայում էր թոռնուհուն խոշորացած աչքերով։ Ճակատի չորս կնճիռներն էլ պարզ երևում էին, իսկ շուրթերը թեթև դողդողում էին։ Կիսաժպիտ նայում էր թոռնուհուն ու վախենում էր հայացքը թեքել։ Չէր հավատում։
-Տա՛տ,- հոգոց հանեց Էմման,- կներես, որ քեզ քնից հանեցի։ Մտքիցս թռել էր, որ տանը մենակ չեմ։
Վանուհին հոնքերը թեթև բարձրացրեց, ապա կրկին հանգիստ թողեց։
-Ես թեյ կդնեմ,- ձեռքերով ասաց Միշելը, բայց նրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Միշելը, վախվորած հյուրասենյակի լարվածությունից, անցավ խոհանոց։ Միևնույն խոհանոցն էր։ Այստեղ էին պատրաստվում Մարսելի լավագույն ուտեստները։ Այն, ինչ պատրաստում էր Վանուհի տատիկը, էլ ոչ մի տեղ չկար։ Միացրեց կրակն ու թեյնիկը վրան դրեց։ Նստեց աթոռներից մեկին։ Էմման նվագում էր… Էմման իրոք նվագում էր…
Միշելը գիտեր ավտովթարի մասին ու գիտեր, որ Էմման նախկինում նվագել է, բայց դաշնամուրից մի բառ չորս տարվա շփման ընթացքում չէր լսել։
***
-Այդ ի՞նչ սպի է,- մատնանշելով երկու մատների արանքում ձևավոր հետքը՝ հարցրեց Միշելը։
Ինքն ու Էմման, դպրոցի ետնաբակի խորքում, որտեղ ոչ ոք չէր գալիս, ծխում էին։
-Արդեն մի քանի ամիս է՝ ճանաչում եմ քեզ, բայց երբեք չես խոսել լսողությանդ կորստի մասին։
-Ես չեմ սիրում այդ թեմայով խոսել,- Էմման թեթև ժպտաց ու ներշնչեց ծուխը։
-Դու ոչ մի թեմայով էլ չես սիրում խոսել։
Նրանք կանգնեցին այդպես մի քանի վայրկյան ու Էմման, արտաշնչելով ծուխը, նայեց Միշելին։ Աղջիկն ալիքաձև մազերը դրել էր ականջի տակ։ Ծխախոտը մոտենում ու հեռանում էր նրա շուրթերից։ Ծուխը շարունակաբար ներսուդուրս էր անում, բայց Միշելն այստեղ չէր։ Նրա գլխում ձևավորվում էին բոլոր հնարավոր իրադարձությունները, որոնք կարող էին խլացնել Էմմային։ Պատճառը պարզից էլ պարզ էր։ Ամեն շաբաթ հանդերձարանում Էմման ակամայից ի ցույց էր դնում ձախ կողի վրա տեղ գտած հսկայական սպին։ Միշելը խուլ էր, բայց կույր չէր։ Վերջապես դեն նետեց ծխախոտի մնացորդներն ու ասաց.
-Ավտովթար։
Էմման նայեց Միշելին ու անգամ աչքը չթարթեց։ Նա չէր զարմանում։ Միշելը նրան բաց գրքի նման կարդում էր։ Կես տարի էլ չէր անցել դպրոց մտնելուց, բայց նա հասցրել էր Միշելի հետ մտերմանալ։
-Ավտոմեքենան գլխիվայր շուռ է եկել, իսկ անվտանգության բարձիկը չափազանց բարձր ճնշման տակ է բացվել և ահա, խնդրեմ,- ասաց Էմման։
Միշելը սառեց։ Գլխում ամեն ինչ սկսեց ճիշտ հերթականությամբ դասավորվել։
-Մեքենայում էին նաև ծնողներդ։
-Հա՛,- գլխով արեց Էմման,- մենահամերգիս էինք գնում։
-Մենահամերգի՞դ։
-Դաշնամուր էի նվագում։ Նոտաներս էի քրքրում, դրա համար էլ չտեսա մեքենան, որ… ,- Էմման դեն նետեց ծխախոտն ու նայեց սև, լաքայապատ կոշիկներին։
Երկու վայրկյան անց Միշելն ամուր գրկել էր Էմմային ու չէր ուզում բաց թողնել։
-Կներես,- ասաց Միշելն ու ձեռքերի մեջ առավ Էմմայի թացացած երեսը։
3
Միշելը թեյով լցված բաժակները ներս տարավ, բայց սեղանի մոտ Վանուհին էր մնացել։
-Էմման դուրս է եկել,- ժեստերով ասաց Վանուհին։ Աչքերը խամրել էին։ Մի քանի տարով մեծացել էր վերջին երեք րոպեների ընթացքում։
Միշելը բաժակները դրեց սեղանին։ Հրաժեշտ տվեց Վանուհուն ու անցավ նեղ միջանցք։ Այնտեղ վերարկուն գցեց վրան ու բացեց դուռը։ Էմման, բռունցքն օդից կախված, կանգնած էր դռան առջև։
-Ես էլ քո հետևից էի եկել,- պարզաբանեց Էմման։
Էմման ու Միշելը իջան քարե աստիճաններով ու դուրս եկան շենքից։ Այն թաղամասը, որտեղ բնակվում էր Վանուհին, արտաքուստ կարելի էր բաժանել երկու շերտի։ Մի կողմում համեստ ու ցածր շենքերը իրար գլխի էին կուտակվել` անցորդների աչքերին ի ցույց դնելով իրենց կիսամաշ ու գունաթափված մեջքերը, իսկ մյուս կողմը լի էր կյանքով։
-Ինչո՞ւ երեկ այդքան ուշ գրեցիր,- վերջապես հարցրեց Էմման՝ ոտքը դնելով թաղամասի երկու շերտերը միմյանց կապող աստիճաններին։
-Գիրք էի կարդում, հետո հիշեցի, որ անցած անգամ քառասուն րոպե հյուրասենյակում սպասել եմ, որ պատրաստվես,- ժեստերին զուգահեռ բարձրաձայն փնթփնթաց, իսկ Միշելը շատ քիչ էր բանավոր խոսում,- innombrables escaliers (անվերջ աստիճաններ),- Միշելի ծնողները բավական հարուստ էին, լավագույն մասնագետներին վարձելու և իրենց աղջկան բանավոր խոսք սովորեցնելու համար՝ չնայած խլությանը։
Էմման հիշեց, որ Միշելն առաջին անգամ իր թաղամասով զբոսնելիս այն «Անթիվ աստիճանների թաղամաս» էր կոչել ու ժպտաց։
Միշելն ու Էմման սիրում էին միասին զբոսնել։ Սկզբում դասերից էին փախչում ու զբոսնում, հետո՝ դպրոցն ավարտելուց հետո, շաբաթական երկու առավոտ դուրս էին գալիս։
Ոտքի տակ զգալով փազլի տեսք ունեցող վարդագույն հատակը՝ նրանք շարժվում էին Էմմայի սիրելի փոքրիկ պողոտայով։ Բարակ ու թափանցիկ լարերի շարանը օդով միմյանց էր կապում ամեն ինչի խանութներն ու փոքր-մոքր սրճարանները։ Այդ լարերն այնքան բարձր էին կախված, որ դրանց երկայնքով շարված փոքր սպիտակ լամպերը պարզ գիշերային երկնքում հեշտ էր աստղերի տեղ ընդունելը։ Լարերին առընթեր երկարավուն շատրվանների շարքն էր։ Յուրաքանչյուր շատրվան բաժանում էր պողոտան երկու մասի։ Օտարականները հիմնականում սիրում էին սրճարանների կիսապողոտան, Միշելն ու Էմման նախընտրում էին խանութներինը։
Ապա, շրջանցելով մարդաշատ, նորաձև խանութներով լցված խճճված խաչմերուկները, նրանք ուղևորվում էին դեպի նավահանգստյան գոտի։ Մի փոքր երկար էին քայլում, բայց ջրին անմիջապես մոտ գտնվող տները բավական վառ էին ու աչք շոյող, որ արդարացնեին երեսուն րոպե տևած զբոսանքը։
-Էսօր կխոսե՞ս,- չդիմացավ Միշելը։
-Չգիտեմ էլ ինչ ասեմ,- պատասխանեց Էմման։
-Ուղղակի բացատրի։ Մենք իրար հետ չորս տարի ամեն օր խոսել ենք, բայց դաշնամուրի մասին մի անգամ ես պատմել։
-Միշե՛լ, խնդրում եմ… Չեմ ուզում… Չեմ ուզում մի անգամ էլ վերապրել գիշերվա…
-Էլի նրանց ես տեսե՞լ,- կռահեց Միշելը։
Էմման հառաչեց։ Իհարկե Միշելը հասկացել էր։
-Ո՞նց հասկացար։
-Աչքերդ կարմրած են, այտերդ գունազրկված, իսկ հագիդ ամենատաք սվիթերն է, որ ունես։
-Հետո ի՞նչ։
-Դու այդպիսի տեսք ունեիր մեր ծանոթության առաջին երեք տարիների ընթացքում։
-Իհարկե,- քմծիծաղ տվեց Էմման։
-Չեմ պատկերացնում` ինչքան բարդ է եղել երեք տարի շարունակ նրանց տեսնելն ու հանգիստ չունենալը, բայց վերջին տարվա ընթացքում կարծում էի լիովին մոռացել ես։
-Ես էլ էի տենց մտածում։
-Բայց մի բան ուրիշ է,- շարունակեց Միշելը։
-Ի՞նչը,- զարմացավ Էմման։
-Չնայած նրան, որ ահավոր հոգնած տեսք ունես, էլ չասեմ, որ շորերիդ համադրության պատճառով քեզ կարող են թափառական բոմժի տեղ դնել,- Էմման ոլորեց աչքերը,- բայց մի բան փոխվել է։
-Խնդրում եմ, անցիր բուն թեմային. դեսերտացիա չես պաշտպանում իմ վատ ճաշակի թեմայով։
-Աչքերդ։
-Աչքե՞րս։
-Ըհը։ Դրանք ուրիշ են։
-Շատ կասկածում եմ։ Նոր դու չէիր դրանց կարմրած անվանում։
-Հա՛, կարմրած են, բայց հայացքդ հոգնած չի։ Նույնիսկ առույգ ա։ Չեմ հասկանում, թե ոնց, բայց դու նույնիսկ ֆիզիկապես կարգին չես հոգնել։
Էմման չպատասխանեց։ Միշելը դադար տվեց։ Հասնում էին նավահանգստային գոտուն։
-Ի՞նչ զգացիր, երբ նվագեցիր։
-Ոչինչ,- միանգամից պատասխանեց Էմման։
-Սուտը մեռնի,- հոնքը բարձրացրեց Միշելը։
Էմման ծիծաղեց։ Դեմքին ձևավորված ժպիտը խամրեց իր արտասանած յուրաքանչյուր տառի հետ.
-Ամեն ինչ։
Ընկերուհիները քայլեցին դեպի նավահանգիստը նայող ամենահարմարավետ «իրենց» նստարանը։ Միշելը նայեց ընկերուհուն ու ասաց.
-Կարծում եմ պիտի նվագես։
-Բայց ես խուլ եմ։
-Ես էլ ի ծնե եմ խուլ, բայց խնջույքներին պարում եմ չէ՞, -կիսաժպտաց Միշելը։ -Աստված իմ,- երկարատև դադարից հետո մրմնջաց Էմման,- դու ճիշտ ես,- շարունակեց ժեստերով։
-Ես միշտ էլ ճիշտ եմ,- պատասխանեց Միշելը։
-Կարծում եմ պիտի տուն գնամ,- վեր կացավ Էմման։
-Կարծում եմ պիտի հետդ գամ, որ ձեր թաղամասի անթիվ աստիճաններից մեկից չընկնես ու վիզդ չկոտրես մինչև տուն մտնելդ։
Մաս երրորդ
1
Ածխագույն ճակատի վրա հավաքված քրտինքի կաթիլները, շրջանցելով մաշկից էլ մուգ աչքերը, միախառնվում էին փշոտ արցունքներին ու դանդաղ հոսում դեպի ճերմակ օձիքը։ Հայացքը սառել էր, բայց գլուխն այրվում էր մտքերի կատաղի արագությունից։ Դրանք բախվում էին միմյանց նրա գիտակցության խորքերում, բայց հանդիսատեսը ոչինչ չէր նկատում։ Վերջապես աչքերը կտրեց դաշնամուրից։ Կարմիր նստարանների բազմությունը կորել էր մարմինների հետևում։ Դահլիճը դղրդում էր` երաժշտին խեղդելով ծափահարությունների մեջ։ Վեր կացավ ու մի քանի քայլ արեց դեպի ամբոխը։ Ոչ ոք չէր տեսնում, բայց սիրտը թռիչքներ էր անում՝ փորձելով դուրս պրծնել կրծքավանդակից։ Բերանը չորացել էր։ Կուլ տվեց։ Թուքն անտանելի դժվարությամբ սողում էր կոկորդով՝ քերծելով այն։ Աչքերով սահում էր ոչինչ չհասկացող դեմքերով, բայց փնտրում էր մեկին։ Գիտեր, որ չի գտնելու նրա ճերմակ երեսը, բայց միևնույն է, փնտրում էր։ Ջախջախումից վախենում էր մահու չափ, բայց գիտակցում էր, որ վաղուց էր պարտվել։
Օդն անսպասելիությունից քաշեց քթանցքները։ Այնտեղ էր։ Նայում էր վրան։ Հոտնկայս ծափահարում էր։ Հետ քայլեց դեպի ետնաբեմ` մոռանալով հանդիսատեսի մասին, մոռանալով վախի մասին։
-Պարո՛ն Մարտին, ես ձեզ կուղեկցեմ դահլիճ՝ մասնակիցների սեկցիա. այնտեղից կարող եք դիտել…
-Պետք չէ,- ափը վեր բարձրացրեց երաժիշտը,- կարո՞ղ եք ինձ մի աթոռ տալ։ Ուզում եմ էստեղից նայել։
2
-Երկու տարի։
-Երկու տարի՞։ Կարծում եք դա բավարա՞ր է մասնակցության համար, այն էլ ձեր… Վիճակում։
-Դուք ինձ սխալ հասկացաք։ Ես ավարտել եմ երաժշտական դպրոցը։ Պարզապես… Դեպքից հետո հինգ տարի չեմ նվագել։
-Հա՜, հասկանալի է։ Համենայն դեպս կարծում եմ հինգ տարի դադարից հետո… Երկու տարի խուլ վիճակում նվագելը դժվար թե ձեզ հասցրած լինի այն մակարդակին, որն անհրաժեշտ է մրցույթին մասնակցելու համար։
Էմման հայացքն իջեցրեց ու սկսեց զննել սերուցքի գույն ունեցող հատակը։ Հավաքեց մտքերն ու ասաց.
-Ես քսաներկու տարեկան եմ, տարիքային սահմանափակումն ինձ չի վերաբերվում։ Ունեմ երաժշտական կրթություն։ Ոչ մի կետ խախտված չէ պայմաններից։
-Ցավում եմ, բայց ձեզ միայն սիրողական երաժիշտների մրցույթում կարող եմ ներառել։
-Բայց ես…
-Ներող եղեք, բայց հինգ տարի դադարը խաղուպար չէ։
***
-Զզվում եմ,- կատաղի ուժգնությամբ փակեց ավտոմեքենայի դուռն ու բացականչեց Էմման,- զզվում եմ բոլորից։
-Դու նրանց Ստրասբուրգում ցույց կտաս,- նյարդային ասաց Վանուհին՝ ղեկին նստած։
-Իրան դրել ա եսիմում տեղը։
-Դե, բալե՛ս, մտքներով չի անցնում, որ նվագել կկարողանաս։ Ստրասբուրգում Մարսելի ներկայացուցիչներից ես լինելու։
-Ասեց, որ եթե սիրողական մրցույթին մասնակցեմ ու ելույթիցս առաջ հայտարարեմ, որ խուլ եմ, շանսերս ավելի կմեծանան,- ատամների արանքից ասաց Էմման։
-Հիմա՛ր,- մռթմռթաց Վանուհին, ու մեքենան տեղից պոկվեց։
Էմման լուռ զայրանում էր ու նայում պատուհանից դուրս։ Շինություններն ու տները միմյանց փոխարինում էին մեքենայի շարժմանը զուգընթաց։
Տուն հասնելուն պես Էմման ասաց.
-Ուզում եմ մի քիչ զբոսնել, մաքուր օդ շնչել մինչև տուն գալս։
-Զգույշ կլինես,- պատասխանեց Վանուհին ու անջատեց մեքենայի շարժիչը։
Էմման դուրս եկավ մեքենայից ու միանգամից զգաց արևի կիզիչ ճառագայթները երեսին։ Ամառ էր։ Արևը միայնակ էր երկնքում։ Ոչ մի ամպ։ Անծայրածիր թվացող կապույտ երկինք ու հսկայական արև։ Էմման քայլեց իր սիրելի կիսապողոտայով։ Հաճախորդներին տեղ ու դադար չկար։ Մեկը թփթփացրեց ուսին։
-Է՞մ,- շուրթերով ասաց տղան։
-Ակսե՞լ, -ապշած բացականչեց Էմման։ Ակսելն էր՝ իր նախկին դասարանցին։ Ավտովթարից հետո չէր հանդիպել։
-Ինչպե՞ս ես։
-Շատ լավ։ Ի՞նչ կա մեր թաղամասում։
-Այս ամառ որոշեցի գալ ու ծովափին մոտ տուն վարձել։ Որոշել եմ մի լավ տժժալ։
-Վատ բան չես որոշել։
-Գիտե՛մ։ Շատ լավ ա, քեզ էլ կտենամ պարբերաբար։
-Էդ մեկը դժվար։
-Ինչի՞, տատիկիդ հետ չես ապրո՞ւմ։
-Հա՛, բայց էս ամառվա մեծ մասը Ստրասբուրգում եմ լինելու։ Երկու շաբաթից գնում եմ։
-Բայց խի՞։ Մարսելում ամառները հավես են անցնում։
-Գիտեմ։ Մրցույթի եմ լինելու, էդ էլ Ստրասբուրգում ա։ Տենց էլի։
-Ի՞նչ մրցույթ։
-Դաշնամուր։
Ակսելի աչքերը լայնացան։
-Դու… Այ քեզ բան։ Ես գիտեի, որ խելացի ես, բայց որ վունդեռկինդ ես… Չէի կարծում, թե լսողության կորստից հետո հնարավոր կլինի… Բառեր չունեմ։
-Ոչինչ։ Անկեղծ ասած ես էլ չէի սպասում,- ստեց Էմման։ Շատ երկար էր սպասում։ Հիշեց իր սպասումը, որը հինգ տարի շարունակ գցում էր գիտակցության անհասանելի խորքերը ու մարմնով սարսուռ անցավ։ Ինչպե՞ս էր ապրում առանց նվագելու։ Ինչպե՞ս էր շնչում։ Իսկ հիմա նրան նույնիսկ գլխավոր մրցույթի մեջ չեն ուզում ներառել։
-Լա՛վ։ Ես պիտի գնամ, հուսով եմ՝ էլի կհանդիպենք։ Հաջողություն եմ մաղթում և հաղթանակ։
Էմման ժպտաց.
-Ապրես։
Ու նրանց ճանապարհները նորից բաժանվեցին։ Ինչքան մոտենում էր ծովափին, այնքան շատանում էին երեխաները։ Երբ Էմման փոքր էր ու քայլում էր այս ճանապարհով, անընդմեջ երեխաների ծիծաղ էր լսում։ Տեսնում էր ծանոթ դեմքեր։ Իրենց թաղամասում բոլորը միմյանց ճանաչում էին։ Բոլորը բարևում էին։ Հիմա ծանոթ դեմքերը կորել էին։ Վերջապես դուրս եկավ «այգու կածան»։ Այս ճանապարհը երկու կողմից այգիներով էր շրջապատված։ Ամռանն ավելի հաճելի ճանապարհ դեպի ծովափ չկար։ Էմման առանցքային հայացքով նայում էր բանանի ու արքայախնձորի ծառերի բազմությանը։ Դրանք անթիվ էին։ Միշտ շրջապատում էին ծովափնյա շրջանը։ Վերջապես հասավ ծովափին։ Ռեստորանների ու սրճարանների կույտը մինչև կոկորդը լցվել էր օտարակններով։ Հերթերն այնքան խիտ էին, որ Էմման, փոքրամարմին լինելով, մի հերթի խառնաշփոթից հազիվ դուրս պրծավ։ Նստեց ծովափին հեռվից նայող իր սիրելի նստարանին։ Սիրողական մրցո՞ւյթ։
Խղճահարել չէր պատրաստվում ոչ ոքի։ Այն, որ կրկին նվագում էր, կիսով չափ լիարժեքության զգացումի համար էր։ Եթե կարող էր նվագել, ուրեմն կիսատ չէր, անօգնական չէր։ Ինչի՞ պիտի խղճահարեր հանդիսատեսին։ Ոտքի էր կանգնում, ի՞նչ կար խղճալու։ Մի՞թե ողջ կյանքը խղճալու էին միայն այն պատճառով, որ խուլ է։ Ախր դա ուղղակի անհեթեթ էր։
Նայեց ծովի թափանցիկ ջրի միջով բեկվող ճառագայթներին ու որոշեց.
-Չպիտի իմանան, որ խուլ եմ,- մրմնջաց Էմման։
Դա անհնարին չէր։ Իհարկե, մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները, տեսնելով այդ փաստը, կփորձեին աջ ու ձախ տարածել այն։ Բայց նա էր որոշում հանդիսատեսին ու ժյուրիին ինչ հայտնի իր մասին։ Միևնույն է վերջին տարիների ընթացքում հմտացել էր շուրթերով կարդալու մեջ։ Եթե լավ աշխատեր, ոչ էլ կհասկանային։ Մնում էր կազմակերպել, որ իր մասին չափից առավել տեղեկություն չտարածվեր։ Հեռախոսը լուսավորվեց։ Միշելն էր.
-Երեսուն րոպեից ձեր տանը կլինեմ։ Իրար հետ կդասավորենք իրերդ։
Էմման վեր կացավ տեղից։ Քայլեց ծովափի երկայնքով։ Մարդիկ նավերի մեջ նստած ձուկ էին որսում։ Այդպես էր կարգը։ Երևի բոլոր ծովափնյա տների բնակիչները նավ ունեին։ Չհասկանալով ձկնորսության իմաստը, բայց հիանալով պատկերով՝ Էմման շարժվեց դեպի տուն։
3
Էմման արթնացավ երկարատև քնից։ Երեք ժամից պիտի օդանավակայան գնային։ Անցավ խոհանոց։ Ջուրը դրեց, որ տաքանա։ Հորանջեց։ Թեյը լցրեց։ Բաժակը ձեռքին անցավ հյուրասենյակ։ Իրերը վաղուց դասավորված էին ու ճամպրուկների շարանը սպասում էր միջանցքում։ Էմման թեյն ըմպեց։ Նստեց դաշնամուրի մոտ։ Երկու տարի նվագում էր, բայց միևնույն է տարօրինակ լարվածություն կար առաջին նոտան վերցնելուց անմիջապես առաջ։ Միշտ մոռանում էր, որ խուլ է։ Կարծում էր` նվագածը կլսի։ Շատ չէր հիասթափվում։ Իրոք լսում էր։ Լսում էր, բայց ո՛չ նվագելիս ու ո՛չ երաժշտություն…
Վանուհին ձեռքը դրեց ուսին։ Էմմայի մեջքի հետևում կանգնած էր։ Արդեն հագնված էր ու թարմ տեսք ուներ.
-Պատրա՞ստ ես։
Էմման գլխով արեց, բայց վստահ չէր։
-Գիտեմ, որ մի քիչ ուշ եմ ասում, բայց նորություն ունեմ։
Էմման կիտեց հոնքերն ու ասաց.
-Ի՞նչ ա եղել։
-Ահա՛, էս էլ ինքը։ Հեսա ամեն ինչ քեզ կբացատրի։
Էմման չհասկացավ, թե ինչ կատարվեց, հետո գիտակցեց, որ դռան հետևում մարդ կար։ Միշելին հայրն էր բերելու օդանավակայան։ Հաստատ ինքը չէր։ Ուրիշ մեկը լինել չէր կարող, Էմման էլ ոչ ոքի հետ չէր շփվում։ Ո՞վ էր։ Վեր կացավ։
Վանուհին ներս անցավ մեկ այլ կնոջ հետ։ Կնոջ մազերն Էմմային ծանոթ կերպով ձիգ ամրացված էին ծոծրակին։ Սև եզրագծով ակնոցներն ընդգծում էին հայացքի խորությունը, իսկ կոտրված արծվի քիթը, միայն լրացնում էր կնոջ արտաքինը։ Շուրթերը հաստ էին ու սերուցքի գույնով ներկված։
-Քանի որ ես արդեն մեծ եմ ու ինքնաթիռներից վախենում եմ,- ստեց Վանուհին,- որոշեցի՝ ավելի ճիշտ կլինի ջահել մեկին հետդ ուղարկեմ Ստրասբուրգ։ Մանավանդ, որ պատրաստվում ես ստել լսողությանդ վերաբերյալ։ Հուսով եմ` հասկանում ու ներում ես ինձ։
Էմման վազեց ու գրկեց կնոջը։ Չհավատալով աչքերին` հետ-հետ գնաց։ Կինն առանց ատամները ցուցադրելու ժպտում էր։
-Աչքերիս չեմ հավատում,- վերջապես արտաբերեց Էմման,-կարծում էի՝ էլ չենք հանդիպի։
-Ես էլ էի հույսս կտրել։ Սկզբում ինձ ներշնչում էի, որ հոգեկանդ կարող է ամեն վայրկյան խախտվել ու նորից կլսեմ մունաթդ։ Բանից պարզվում է, որ ինձնից պրծնելուց հետո սկսեցիր նվագել։ Հիմա ինձ ասա, թե որտեղ եմ թերացել։ Այդքան տարիների աշխատանք և ոչինչ։ Իսկ մի գիշեր առանց ինչ-որ մեկի դրդման վերսկսում ես։ Հրաշքի է նման։
-Լա՛վ, ես գնամ ուտելիք բերելու,- անհանգիստ միջամտեց Վանուհին,- հուսով եմ՝ Նատալիից ինչպես հարկն է կարոտդ կառնես։
***
-Հնարավոր չէ,- ուրախությունից ծվծվում էր Էմման։
Օդանավակայանի մեջտեղում կանգնած, առանց մարդկանց նետած տարօրինակ հայացքներին ուշադրություն դարձնելու՝ երկու ընկերուհի ճվճվում էին։ Ավելի ճիշտ մեկը։ Մյուսը ձայներ արտաբերելուց այդքան էլ լավ չէր։
-Ո՞նց հաջողացրիր,- հարցրեց Էմման,- ո՞նց համաձայնեցին։
-Վանուհի տատիկի հետ մեր ապահովության մասին երկար բանակցություններ վարելուց հետո,- պատասխանեց Միշելը։
-Ինչքա՞ն երկար եք գաղտնի պահել, Աստվա՛ծ իմ, ո՞նց չեմ նկատել…
Թիկնեղ, մոխրագույն վերնաշապիկ հագած տղամարդը, հետևից քարշ տալով հսկայական ճամպրուկը կանգ առավ Նատալիի մոտ։
Էմման հարցական նայեց Միշելին։
-Հա ի՞նչ, ես չեմ պատրաստվում Ստրասբուրգ առանց մինիմալ քանակությամբ շորերի գնալ։
-Եթե սա մինիմալ է կոչվում, ես երևի մերկ եմ մնալու։
-Ես քեզ կտամ, մի՛ նեղվիր։
-Կարծում եմ, կարող ես ողջ Ստրասբուրգին հագցնել էս ճամպրուկի եղած չեղածով։
-Բալե՛ս, հեսա մյուս ճամպրուկն էլ կբերեն,- միջամտեց մոխրագույն վերնաշապիկով տղամարդը։
-Լա՛վ պապ,- բարձրաձայն ասաց Միշելը։
-Էմմա՛, հաջողություն եմ մաղթում իմ ու կնոջս կողմից։
-Շնորհակալ եմ, պարոն Ալա՛րի։
-Եվ այսպես էլ չենք կարող սպասել։ Գնալու ժամանակն է։ Վերջացրեք հրաժեշտի արարողությունները,- միջամտեց Նատալին։
Ով ում տեսավ` գրկեց ու համբուրեց։ Վերջապես Էմման գրկեց Վանուհուն։ Վանուհին ուրախ աչքերով նայեց թոռնուհուն ու միայն շուրթերով ասաց.
-Ճղի՛ր դրանց։
4
-Ամեն տարի սիրողական մրցույթից ընտրվում է մեկը, ով անցնում է հիմնական մրցույթ,- ասաց Նատալին հյուրանոց մտնելուց երկու ժամ անց։
Իրեն, Էմմային ու Միշելին մի սենյակ էր հատկացվել, բայց այն հսկայական էր։ Ինքնաթիռում անցկացրած երկուսուկես ժամն անսպասելիորեն հոգնեցրեց բոլորին։ Մինչ Էմման ու Միշելը քննարկում էին Ստրասբուրգի տեսարժան վայրերն ու Միշելի շորերը, որոնց ծանրության պատճառով ինքնաթիռը կարող էր ընկնել, Նատալին նայում էր մրցույթի մասնակիցների անվանական ցանկը, որը նոր էր հայտնվել ինտերնետում։
Հիմա Էմման, գլուխը բարձին հենած, նայում էր Նատալիին ու ամեն ձև փորձում հասկացնել, որ կարող է նույնը վաղը լսել, բայց Նատալին շարունակում էր.
-Այս տարի դա պիտի իհարկե դու լինես։
-Նա՛տ, խնդրում եմ, արի վաղը…
-Ոչ մի վաղը։ Առաջին փուլը երեք օրից է։ Վաղն ու հաջորդ օրերը պիտի հատկացնես պարապմունքիդ։
-Հա՛, բայց դրա արանքներում հաց էլ եմ ուտելու։ Այ էդ ժամանակ էլ կլսեմ, թե…
-Ոչ ոք չի իմանա, որ դու խուլ ես։ Ես դա կազմակերպել եմ,- ընդհատեց Նատալին։
Էմման բարձը հանգիստ թողեց ու նստեց։ Միշելը, որ պատուհանի մոտ դրված անկողնու մեջ թավալ էր գալիս, կիսատ-պռատ հետևում էր իրադարձություններին։ Նա էլ քարացավ։
-Մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի անդամներից մեկն իմ ծանոթներից է,- շարունակեց Նատալին,- երբ Վանուհին զանգեց, չէի պատկերացնում, թե ոնց պիտի խլությունդ թաքցնենք, բայց…
-Բա՞յց…,- կրկնեց Էմման՝ լայնացած աչքերով։
-Բայց տեսա, որ նախկին հաճախորդներիցս մեկը հանձնաժողովի անդամ է։
Էմմայի բերանը բաց էր մնացել.
-Մենակ չասես` շանտաժ ես արել իր գաղտնիքները բացահայտելու։
-Չէ՛։ Ի՞նչ ես խոսում։ Ուղղակի խնդրել եմ ինչպես հասարակ ծանոթներն են անում։
-Ե՞վ…,- վրա տվեց Միշելը։
-Եվ նա համաձայնեց։ Քո մասին կենսագրական հատվածում չկա այն փաստը, որ դու խուլ ես,- ասաց ու պիջակի ծոցագրպանից Էմմային տվեց բուկլետը,- այսպիսի բուկլետներ լինելու են ժյուրիի և հետաքրքրվող հանդիսատեսի ձեռքերում, սրա կրկնօրինակն ինտերնետում նույնպես կա։
Էմման հարձակվեց թղթի վրա։ Մանր տառերով գրված էր.
«Էմմա Դյուբուա. Քսաներկու տարեկան. Սիրողական մրցույթ. Ապրում է Մարսելում։ Ավարտել է երաժշտական դպրոցը տասնչորս տարեկանում։ Դադար է վերցրել երաժշտությունից հինգ տարով։ Վերջին երկու տարիներին վերսկսել է զբաղվել դաշնամուրով։»
-Բայց այստեղ ասվում է հինգ տարվա դադարի մասին։
-Հո ամեն ինչ չէինք փոխելու,- զայրացավ Նատալին,- քեզնից ոչ ոք պատճառաբանություններ չի հարցնի, վստահեցնում եմ։ Եթե նույնիսկ հարցնեն, կարող ես հանգիստ ասել, որ չորս տարի հոգեբանական լուրջ սթրեսների մեջ ես եղել ու ինձ մոտ ես հաճախել։ Ի վերջո համ ինձ կգովազդես, համ էլ չես խաբի։
-Բայց ես չեմ ուզում, որ իմանան, որ ինչ-որ խնդիր եմ ունեցել։
-Քեզ չեն հարցնի։ Համենայն դեպս ժյուրին։ Այստեղ նրանց չի հետաքրքրում քո կերպարը։ Նրանց քո նվագից բացի ոչինչ չի հուզում։ Դե, եթե իհարկե դա խլություն չէ։
-Ինչպե՞ս ես պատրաստվում դա թաքցնել,- միջամտեց Միշելը,- շուրթերով կարող ես հասկանալ ասածների տասը տոկոսը, մանավանդ, որ լրիվ անծանոթներ են։
-Ինչպես ասացի՝ ժյուրին լուրջ խոսակցության մեջ հետդ չի մտնի։ Հավանական է, որ եթե ելույթդ դուրները գա, կկանգնեն ու հոտնկայս կծափահարեն։ Եթե չհասկանաս ինչ են ասում խոշորացրած, երջանիկ աչքերով կնայես իրենց վրա ու գլխով կանես։ Էստեղ իրական վտանգ է ներկայացնում խնջույքը,- ասաց Նատալին։
-Ի՞նչ խնջույք,- վեր թռավ Միշելը։
-Նախավերջին՝ երկրորդ փուլից առաջ, երբ հստակեցվում է առաջին փուլը հաղթահարած մասնակիցների ցանկը, խնջույք է կազմակերպվում։ Դա արվում է մրցակիցների, ժյուրիի ու կազմակերպչական հանձնաժողովի ծանոթության համար։ Այ այստեղ պետք է զգույշ լինել։
-Կարող ենք ասել, որ հիվանդ եմ,- ասաց Էմման,- պարզապես չեմ գնա։
-Չենք կարող։ Որպես անշնորհքություն կդիտվի։
-Չէ՛, բայց հնարավոր է, չէ՞, որ իրոք հիվանդանամ։ Մարդ եմ ի վերջո։
-Դժվար թե նրանց հետ ծանոթությունից հիվանդության պատճառով հրաժարված մարդուն, հաջորդ օրը հիանալի վիճակում, հրաշալի ելույթից հետո բավարար գնահատական տան՝ հաջորդ փուլ անցնելու համար։
-Նենց ես ասում, ոնց որ արդեն երկրորդ փուլ եմ անցել։ Հլը սիրողական մրցույթի մասնակից եմ, մի՛ մոռացիր։ Հնարավոր է` չանցնեմ հիմնական մրցույթ կամ նույնիսկ սիրողականի հաջորդ փուլ։
-Հիմա մե՞ ես խաբում, թե՝ քեզ,- հարցրեց Միշելը։
-Դու խուլ ես, իսկ Նատալին ինձ մի անգամ ա լսել, էն էլ չասեմ, որ երաժշտական կրթություն չունի։
-Իրականում տատիկդ նկարել է նվագածդ, որ համոզվեմ,- ասաց Նատալին,- ու մի եզրակացություն ունեմ։ Դու զգացմունք ես նվագում, ոչ թե ձայն։ Եթե չանցնես, ուրեմն աշխարհն իրոք փչացած է ու ապրելու տեղ չէ։
Էմման նայեց սև ու սպիտակ՝ շախմատ հիշեցնող սալիկապատ հատակին։ Հետո կրկին հայացքը վեր բարձրացրեց.
-Ի՞նչ պիտի անեմ։
-Նա՛խ ծանոթիս օգնությամբ մի փոքր կշփվես ժյուրիի ու հանձնաժողովի անդամների հետ։ Հեռվից կհետևս մրցակիցներիդ ու կխուսափես երկար բարակ խոսողներից, դե գիտես, դրանք հիմնականում բաժակը ձեռքներից չեն դնում ու վրաներից անընդհատ անտանելի հոտ է փչում։
-Շատ կասկածում եմ, որ մասնակիցներից կամ ժյուրիից, կամ էլ կազմակերպչական հանձնաժողովի անդամներից մեկն իրեն այդ պահին հարբել թույլ տա,- ասաց Միշելը։
-Շատ կասկածում եմ, որ մասնակիցների ցուցակին ծանոթ ես։
-Եվ ովքեր են այդ հարբեցողները,- հարցրեց Էմման։
-Սա լավագույն երաժիշտների ցուցակն է,- ծոցագրպանից մեկ այլ թուղթ հանեց Նատալին,- Սրանք են ամենայն հավանականությամբ երկրորդ փուլ անցնելու։
Էմման աչքի անցկացրեց ցուցակը։ Կանգ առավ միայն մի անվան դիմաց.
«Էնդրյու Մարտին. Քսանվեց տարեկան. Ապրում է Փարիզում. Ֆրանսիայի դաշնակահարների ամենամյա մրցույթի վեցակի չեմպիոն»
-Էնդրյու Մարտին,- կրկնեց Էմման։
-Վեցակի չեմպիոն,- շարունակեց ահեսարսուռ հայացքով Միշելը։
-Եվ ինչպե՞ս եմ պատրաստվում սրա հախից գա՞լ,- սառած ասաց Էմման։
-Գաղափար չունեմ,- պատասխանեց Նատալին:
5
«Ստրասբուրգի զենիթ»-ը գիշերային մուգ կապույտ երկնքում, վերևից ու ներքևից սեղմված հսկայական օդային լապտերի էր նման։ Կրակոտ դեղինն ու նարնջագույնը միանգամից գրավում էին անցորդների ուշադրությունը։ Այն առաջին հարկում պարփակված էր սև ճաղավանդակով։ Մեքենաները խիտ շարքերով շրջապատում էին ողջ «Զենիթը», իսկ մարդկանց ճնշող հերթը ահռելի երկարությամբ ձգվում էր դեպի ճաղավանդակները։ Բոլորը եկել էին ունկնդրելու դաշնակահարների մրցույթի առաջին փուլի մասնակիցներին, ու ոչ ոքի մտքով չէր անցնում, որ հենց այդ պահին համերգասրահի ետնաբեմի զուգարաններից մեկում փսխում էր սիրողական մրցույթի մասնակիցներից մեկը, ում շուտով Բեթհովեն էին անվանելու։
-Չեմ կարող,- զզվելի համը բերանում՝ արտասանեց Էմման։ Նատալին դեռ պահում էր աղջկա մազերը,- հեսա նորից հետ կտամ։
Էմման շնչակտուր նայում էր սեփական արտացոլանքին ու փորձում էր հետևել Նատալիի շուրթերի շարժումներին։ Հայելին հսկայական էր։ Նատալին մի ձեռքով փորձում էր խոսել Էմմայի հետ։ Բայց աղջիկը չէր հասկանում։
-Տեսե՞լ ես մարդկանց քանակը,- դողալով ասաց Էմման,- ես չեմ կարա էդքան մարդու դիմաց նվագել… Հաստատ չեմ կարա…
Նատալին ծորակի ջուրը բացեց ու թաց ձեռքերով սկսեց մաքրել Էմմայի երեսը։ Թեքեց աղջկան իր կողմն ու աչքերի մեջ նայլով՝ ասաց.
-Դու հիշո՞ւմ ես, որ առաջին երկու տարիներին ավտոմեքենա չէիր կարողանում նստել։ Իսկ հիշո՞ւմ ես, որ դաշնամուրի վրա մեկ նոտա վերցնելուց մահու չափ վախենում էիր։ Բայց մենք հիմա էստեղ ենք, չէ՞։ Եկել ենք ավտոմեքենայով, չէ՞։ Դու նվագում ես, Էմմա՛։ Դո՛ւ, ում մոտ ես չէի կարողանում դաշնամուրից խոսել։
Էմման փորձում էր կենտրոնանալ ու լսել, բայց Նատալիի ակնոցների ոսպնյակների մեջ ձևավորվում էր մոր ուրվագիծը։ Նա, հայելու առաջ կանգնած, ականջօղերն էր ամրացնում, իսկ փոքրիկ Էմման, հետևի մահճակալին նստած, նոտաներն էր քրքրում.
-Բալե՛ս, շատ ես լարվել։ Հանգիստ եղի։ Վստահ եմ՝ ամեն ինչ էլ գիտես։ Կես տարի ա պարապում ես, էսօր հաստատ կարաս հանգստանաս մինչև մենահամերգդ։
-Լսո՞ւմ ես, դու ամեն ինչ էլ կարաս,- Էմմային իրականություն բերեց Նատալին։
-Հա, մա՛մ,- ինքնաբերաբար ասաց Էմման, հետո ուշքի եկավ Նատալիի ապշած դեմքի արտահայտությունից ու շարունակեց,- կարամ։
-Էս ուրիշ բան,- մի վայրկյան անց ասաց Նատալին,- դե գնա՛, փոխվի։ Էս շորն էլ բանի պետք չի։ Երկու ելույթ ա մնացել, շատ ժամանակ չունես։
Էմման ընկավ հանդերձարան ուր Միշելն անհանգիստ ետ ու առաջ էր քայլում.
-Վերջապես,- Էմմային տեսնելով, ասաց Միշելը։
-Ինձ նոր շոր է պետք,- վրա տվեց Էմման։
-Էլ մի՛ ասա,- պատասխանեց Միշելն ու Էմմայի ձեռքը խոթեց նոր շորով լի տոպրակը։
-Էս ե՞րբ հասցրիր։
-Ես միշտ հետս ավելորդ շորեր եմ ունենում, ի վերջո, չգիտես՝ ինչ կլինի…
-Լա՛վ,- ասաց ու հագավ Էմման։
Երբ շարժվեց առաջ փորձեց չնայել հանդիսատեսին։ Բեմն ահռելի էր, իսկ մարդիկ ավելացել էին անցած անգամից։ Կենտրոնում դրված էր դաշնամուրը։ Սպիտակ էր։ Էմման տեղավորվեց դրա դիմաց։ Հագի սպիտակ վերնաշապիկի վրա մանուշակագույն պիջակ էր,
Շունչ քաշեց։ Նայեց ստեղնաշարին։ Մատները տեղավորեց, ու դրանք ինքնաբերաբար սկսեցին շարժվել։
Չհասկացավ, երբ ավարտեց։ Քարացած նայեց ստեղնաշարին, ապա վեր կացավ ու ապշած նայեց ծափահարող ձեռքերի բազմությանը։ Որոշները կանգնած էին։ Թարթեց աչքերը։ Խոնարհվեց ու մի քանի վայրկյան ապշած կանգնած մնալուց հետո՝ գնաց ետնաբեմ։
-Ուղղակի չտեսնված էր,- ժպիտը երեսին ասաց Նատալին,- մասնակիցներին հատուկ տեղեր են հատկացվում, շուտով քեզ կուղեկցեն էնտեղ։
Էմմային չէր հետաքրքրում։ Միշելը գրկեց Էմմային.
-Ո՞նց ես։
Էմման մոլորված ու փայլուն աչքերով նայեց ընկերուհուն։
-Ներողություն դուք պիտի գաք դահլիճ, եթե ուզում եք դիտել մրցույթի մնացած մասը,- ասաց ներս մտած աշխատակիցը։
-Հա՛, հեսա կգա,- վրա տվեց տղայի արած հայտարարությունը լսած միակ մարդը՝ Նատալին,- Է՛մ, գնալուդ ժամանակն է։
Էմման լուռ հետևեց տղային ու տեղավորվեց իրեն հաստկացված նստարանին։ Հանկարծ մեկի մատների հպումը զգաց ուսին։ Գլուխը կտրուկ թեքեց։ Մի տղա էր.
-Կներե՛ք, չէի լսել….
-Հրաշալի նվագեցիք,- ասաց տղան, դե հավանաբար այդ ասաց։
-Շնորհակալ եմ,- ապշած պատասխանեց Էմման։
Լույսերը խամրեցին։ Զառամյալ հաղորդավարը կրկին դուրս եկավ բեմ։ Հայտարարեց հիմնական մրցույթի սկիզբը և հեռացավ բեմից։ Այստեղ էլ առաջին անգամ տեսավ նրան։ Ածխագույն մաշկը փայլում էր բեմի վրա գցած լույսերի ներքո։ Ճերմակ վերնաշապիկը կոկիկ դրված էր տաբատի տակ։ Խոշոր աչքերի մեջ այրվող կրակը հեռվից ծակում էր հանդիսատեսին։ Տղամարդը նստեց դաշնամուրի առջև։ Մատները շարժեց ու դրեց ստեղնաշարի վրա։ Հարձակվեց հրեշի վրա։ Ընտելացրեց հրեշին։ Մի պահ սկսեց շոյել դրան, մյուս պահին՝ տանջել։
Էմման պարզ տեսնում էր ձեռքերի արագ, բայց հանգիստ շարժումը։ Քիչ առաջ ապրած թեթևությունն անէացել էր։ Ծանր մի բան նրան իջեցրել էր երկնքնից։
-Անհնար է,- քթի տակ ասաց Էմման։
Կորցնելով իրականության զգացողությունը՝ ձեռքով գտավ քիչ առաջվա զրուցակցին։
-Ո՞վ է։
-Ո՞նց չլսեցի՞ր։ Էնդրյու Մարտինն է։ Վեց տարի…
Էմման արդեն չէր նայում տղային։ Չէր հավատում։
***
-Հո դու աննորմա՞լ չես,- ասաց Միշելը Էմմայի անկողնու մյուս ծայրին նստած։
-Ախպոր պես, Միշե՛լ, թող հանգիստ յուղիս մեջ տապակվեմ։
-Մարդ գա հասնի էս հրաշք քաղաքն ու մի հատ ձևի համար ման չգա՞։
-Մինչև չիմանամ` ով ա անցել հիմնական մրցույթին, տեղիցս չեմ շարժվի։
-Պարզ չի՞, որ դու ես։
-Հազարերորդ անգամ եմ ասում։ Դու լսողություն չունես։
-Բայց էնքա՜ն լավ տեսողություն ունեմ։ Դու հանդիսատեսի դեմքերի արտահայտությունները պիտի տեսնեիր։ Գժի նման ծափահարում էին։ Ոչ ոքի ելույթն իրենց այդքան չէր հետաքրքրել։
-Մեկ ա։ Արդեն հինգ օր անցել ա, իսկ ինձ չեն հրավիրել խնջույքին, հետևություն` ես չեմ անցել։
-Stupidité (ցնդաբանություն),- բարձրաձայն ասաց Միշելը,- ժյուրիին որոշման համար մեկ շաբաթ է հատկացվում ոչ թե հինգ օր։
-Ես իմն արդեն ասել եմ։
-Մի խոսքով, ես գնացի,- նեղացած ասաց Միշելն ու դուրս եկավ սենյակից։
Էմման ստում էր։ Էնդրյուի ելույթից հետո էլ ոչինչ չէր հետաքրքրում իրեն։ Կանցնի, թե` ոչ, արդեն երկրորդական հարց էր։ Մինչև հիմա մտքում անընդհատ փորձում էր վերապրել, չէր ստացվում։ Գուցե իրեն թվացե՞լ էր։ Բայց չէ՛, նա վստահ էր։
Հանկարծ դուռը բացվեց։ Միշելը սենյակ ընկավ՝ ձեռքը վեր պարզած։ Անընդհատ թափահարում էր։
-Մրցույթի կազմակերպչական թիմից է,- վերջապես հանգիստ թողեց ձեռքի իրն ու ասաց Միշելը։
Էմման վեր թռավ։ Միշելի ձեռքից առավ իրը, որ, պարզվեց, տուփիկ էր։ Վրան փոքրիկ բացիկ կար.
«Հարգելի Էմմա Դյուբուա, ժյուրիին հիացրեց ձեր ելույթը և համաձայնեցված որոշմամբ, դուք անցնում եք հիմնական մրցույթի հաջորդ փուլ։ Խնդրում ենք ստուգել ձեր էլեկտրոնային փոստը։ Փոքրիկ նվեր մրցույթի կազմակերպչական անձնակազմի կողմից։»
-Էս ո՞նց գտար։
-Նոր մի տղա մեր դռան ուղղությամբ էր քայլում, հարցրի, թե ով է, պարզվեց` մրցույթի կազմակերպչական անձնակազմից են ուղարկել՝ քեզ։
Էմման արագ բացեց տուփը։ Ձեռքերի մեջ առավ դաշնամուրի փոքրացված տարբերակն ու ուրախ աչքերով այն հետ դրեց։
Բացեց էլեհտրոնային փոստն ու ասաց.
-Միշե՛լ, աչքիս ինձ այսօր պիտի մի լավ հագցնես։
-Ջա՛ն, մի վայրկյան, բայց խի՞։
-Էս տարի խնջույքը տեղափոխել են երկու օրով առաջ,- հեռախոսի էկրանը դեպի Միշելը ուղղեց։
-Պիտի Նատալիին ասենք,- ասաց Միշելը։
-Գիտեմ, բայց նախ և առաջ…
-Շորերը, գիտեմ,- ժպտաց Միշելն ու բացեց մեծ պահարանը, որում շարել էր սեփական շորակույտը ու տեղ չէր թողել Նատալիի ու Էմմայի շորերին։
Շուտով Էմման ու Նատալին, քայլելով կամրջով ու հիանալով դրա տակ հոսող գետի անբնական մաքրությամբ, փնտրում էին խնջույքի վայրը։
Գետի մի կողմում կոկիկ ցանկապատով առանձնացած էին սպիտակ, հսկա տները, որոնց մակերևույթով սև ժապավեններ հիշեցնող պատկերները խաչվում էին միմյանց հետ ու յուրօրինակ տեսք տալիս տներին։ Գետի մյուս կողմում՝ կամրջից մի քանի մետր այն կողմ շարված տները նախորդ շարքի ճիշտ հակապատկերն էին։ Սև տներ՝ սպիտակ ժապավեններով զարդարված։ Դրանցից մեկում տասը րոպեից սկսելու էր խնջույքն ու Էմման չպիտի ուշանար։
-Չեմ հասկանում։ Ժողովուրդն ինչպե՞ս է տարբերում էս տները։
-Անկեղծ ասած` չգիտեմ,- մոլորված պատասխանեց անընդհատ հեռախոսի մեջ նայող Նատալին,- ասում ա ստեղ պիտի լինի, բայց… Հեսա՛։ Համար տասնմեկ։ Ինքն ա։
-Շատ լավ ա, դե ես գնացի…,- սկսեց Էմման, բայց Նատալին ձեռքով հետ քաշեց աղջկան։
-Հիշո՞ւմ ես չէ ինչ պիտի անես։
-Չէ՛, բայց գիտեմ, որ մի տոննա բան չպիտի անեմ։
-Էդ էլ ես ճիշտ ասում։ Կարևորը չես ուշանում։ Արագ թվարկի էն բաները, որ պիտի անես ու էն բաները, որ ոչ մի դեպքում չպիտի անես։
-Վա՛յ Աստված իմ…
-Մի՛ երկարացրու։
-Պիտի լուռ մնամ ու քո ծանոթին գտնեմ ու իր միջնորդությանբ մնացածի հետ ծանոթանամ։ Մրցակիցների հետ բարեհամբույր լինեմ, բայց հետները խոսակցությունների մեջ չընկնեմ։ Ոչ մեկին չափից շատ բան իմ մասին չպատմեմ։ Չխմեմ, չծխեմ։ Մի խոսքով` բույսի նման մի տեղ գտնեմ ու կանգնեմ, և վերջ։ Հա՛, մեկ էլ շնորհակալություն հայտնեմ բոլոր ժյուրիներից, որ ինձ անցկացրին հիմնական մրցույթ։ Այ հիմա վերջ։
-Շատ լավ ա։ Դե ներս անցի։ Ես իրավունք չունեմ հետդ գալու, բայց մոտակա սրճարաններից մեկում կլինեմ։ Հենց զգաս, որ դուրս գալու ժամանակն ա, կգրես։
-Եղավ,- ասաց ու Նատալիի այտը համբուրեց Էմման։
-Սպասում եմ հաղորդագրությանդ։
6
Էմման նստած էր մեծ սենյակի հեռավոր անկյուններից մեկում։ Նատալիի նախկին հաճախորդը բոլորի հետ ծանոթացրել էր աղջկան։ Հիմա նա անելիք չուներ։ Բոլորին շնորհակալել էր, մի բաժակ գինին էլ վերցրել էր ձեռքը։ Կարող էր զբաղվել նրանով ինչի համար իրականում ուզում էր գալ։ Բայց ո՞ւր էր։ Չկար։ Հնարավոր չէ, որ անցած չլիներ երկրորդ փուլ։ Հաստատ չէր էլ բացակայի. Նատալին ասաց, որ խնջույքին ներկա լինելը քաղաքակիրթ ու կարևոր ժեստ է, թե՞ դա նրան չէր հուզում։ Իրո՛ք, եթե այդպես նվագում ես, մտածելու ոչինչ չպիտի ունենաս։ Մի խումբ սիրողական մրցույթի մասնակիցներ արդեն հարբելու ճանապարհին էր։ Նրանք ուրախ էին, որ անցել են, դրա համար էլ խմում էին։ Բայց Էմմայինից ոչ պակաս հեռավոր անկյան մոտ տեղակայված սեղանին թավալ էր գալիս Էմմայի մրցակիցներից մեկը։ Ձեռքը բաժակից չէր պոկում։ Մի քանի մրցակից պոչի նման հետևում էին կազմակերպչական անձնակազմին, իսկ ավելի շատախոսները՝ հետապնդում ժյուրիին։ Էմման ավարտեց բաժակն ու որոշեց մի փոքր քայլել։ Սենյակը, որտեղ հարբում էին կամ ժյուրիին սիրաշահելով էին զբաղված երիտասարդ երաժիշտները, ահռելի էր։ Առաստաղից կախված հսկայական ջահի մասնիկները հայելու մանր փշուրներ էին հիշեցնում։ Ողջ սենյակով սեղանների շարան էր, յուրաքանչյուրին՝ բաժակներ ու տարատեսակ ուտեստներ։
Էմման փորձեց ուտեստներից մեկը, բայց դեմքը ծամածռելով ակամա մրմնջաց.
-Տենց էլ չսովորեցին մի կարգին բան սարքել։ Այ տատիի սարքածը…
-Ուրիշ է…,- ասաց աղջկա դիմացը հայտնված տղան։ Նույն տղան էր, ով իր կողքն էր նստած առաջին փուլի ժամանակ։
-Ողջույն։
-Բարև,- ասաց Էմման։
-Ո՞նց ես։
-Նորմալ, դո՞ւ։
-Ոչինչ էլի։ Ուզում էի շնորհավորել՝ հիմնական մրցույթի կապակցությամբ։
-Անչափ շնորհակալ եմ։
-Երևի ներկայանամ…
-Մի վայրկյան,- կտրուկ ասաց Էմման,- մի հարց ունեմ։
-Խնդրեմ։
-Տեղյա՞կ ես, Էնդրյու Մարտինն ուր է։
-Էս ինքն ա նվագում։
-Հը՞։
-Էս երաժշտությունը, որ հիմա լսում ենք։
-Հա՜,- միանգամից ասաց Էմման։
-Երկրորդ հարկում ա՝ առաջին դռան հետևի սենյակում։ Ով ուզում է կարող է նվագել…
-Իրո՞ք, հետաքրքրեցիր, դե ես գնամ,- ասաց Էմման ու երիտասարդին մենակ թողեց։ Շարժվեց դեպի երկրորդ հարկը տանող աստիճանները։ Երակների նման սև «կայծակները» պատում էին սպիտակ մարմարը նոսր շերտով։ Էմման բացեց դուռը։
Էնդրյուն զգաց աղջկա ներկայությունը, բայց ձայն չհանեց։ Շարունակեց նվագել։ Նստած էր սև դաշնամուրի առջև։ Էմման մի փոքր աջ շարժվեց, որ տեսնի ձեռքերը։ Ոչ մի կերպ չէր կարողանում։ Անհեթեթություն էր։ Համերգի ժամանակ հեշտությամբ տեսնում էր ամեն ինչ, իսկ հիմա կողքը կանգնած չէր կարողանում ձեռքերն աչքերով բռնել։
-Միգուցե նվագե՞ս,- վերջապես ասաց Էնդրյուն։ Ոչ մի պատասխան։ Տարօրինակ էր։
Գլուխը թեքեց դեպի աղջիկն ու կրկնեց,- ասում եմ՝ միգուցե դո՞ւ նվագես։
Աղջիկը, անակնկալի եկած, հետ-հետ գնաց, հետո կանգ առավ ու ասաց.
-Կներե՛ք… Ուղղակի… Ես լսում էի երաժշտությունն ու ուզում էի… Տեսնել նվագողին…
-Շատ հետաքրքիր է,- դեռ նվագելով, բայց ուղիղ Էմմայի աչքերի մեջ՝ նայելով ասաց Էնդրյուն,- ես էլ պլանավորում էի ձեզ հետ այսօր մի փոքր զրուցել։
-Ի՞նձ հետ։ Ինչի՞։
-Ես անցած փուլին լսեցի ձեր ելույթը, պիտի ասեմ, որ զարմացած եմ ու շատ ուրախացած, որ հազիվ կարգին երաժիշտ է հակառակորդս լինելու։
Էմման ապշած նայեց Էնդրյուին հետո արտաբերեց.
-Ես… Ձեր նվագը ուղղակի ապշեցուցիչ էր,- Էմման նկատեց, թե ինչպես են Էնդրյուի աչքերը ոլորվում,- ըըըը…. Ես իրոք չգիտեմ ինչ ասել։
-Միգուցե նվագեի՞ք հետս,- վերցնելով վերջին նոտան՝ առաջարկեց Էնդրյուն,- կարծում եմ` հետաքրքիր կստացվի։
Էմման դանդաղ մոտեցավ երկրավուն նստարանին ու նստեց Էնդրյուի կողքը։ Մի պահ քարացել էր՝ չգիտեր ինչ անել, բայց ուրախ էր, որ կպարզի, թե ինչ էր եղել առաջին փուլի ժամանակ։
Էնդրյուի երկրավուն սև մատները սառեցին ստեղնաշարից մեկ մատնաչափ վերև։ Էնդրյուն նայեց աղջկան.
-Ոչի՞նչ, որ ես սկսեմ։
-Ոչ մի խնդիր,- վրա տվեց Էմման։
Երաժիշտը մատները տեղավորեց ստեղներին։
Էմմայի մաշկով դող անցավ։ Հիմա վստահ էր։ Էնդրյուն նվագում էր ու նվագում, ուշադրություն էր դարձնում յուրաքանչյուր նոտային, իսկ Էմման չգիտեր, թե հետն ինչ է կատարվում։ Վերջապես ինքն էլ սկսեց նվագել։ Չէր հավատում կատարվողին։ Փաստորեն համերգին էլ չէր խաբվել։ Լսում էր։ Լսում էր Էնդրյուի վերցրած նոտաները։ Բայց նա խուլ էր, ինչպե՞ս։ Ո՞նց կարող էր լսել։ Ուղղակի պիտի տեսներ նրա մատներն ու լսում էր այն, ինչ նվագում էր։ Էնդրյուն կանգ առավ ու սկսեց նայել Էմմային։ Էմման դեռ նվագում էր` չթողնելով, որ դաշնամուրը շնչի։ Երաժիշտը փայլող աչքերով նայում էր ձեռքերի շարժումներին։ Հանկարծ նկատեց մատների արանքի սպին, բայց ձայն չհանեց։ Էմման վերցրեց վերջին նոտան, կուլ տվեց ու վեր կացավ.
-Ես… Պիտի գնամ… Կարծում եմ…
-Մի վայրկյան…
Իջավ աստիճաններով, բայց մի ձեռք թփթփացրեց ուսին։
-Ասում եմ՝ սա գցեցիր,- ասաց Էնդրյուն՝ ձեռքերում պահելով աղջկա ականջօղը,- ընկավ, երբ վեր կացար։
-Շնորհակալ եմ,- ասաց Էմման,- Միշելն ինձ սպանելու էր։
-Միշե՞լը։
-Ընկերուհիս է, իր ականջօղերն են։
Էնդրյուն աչքերին չէր հավատում։ Ծիծաղն ուզում էր զսպեր, բայց չդիմացավ ու ժպտաց.
-Երևի ինձ պատահած առաջին աղջիկն եք, որ առանց երկմտելու ասում է, որ ընկերուհուց է մի բան վերցրել ու հագել։
-Ահա և մեր նվագողները,- հայտարարեց մեկը։
Էնդրյուն հայացքը թեքեց, Էմման էլ ակամա պտտվեց։
-Հրաշալի էիք նվագում։
Էնդրյուն գլխով արեց, իսկ Էմման մի փոքր ուշացմամբ արեց նույնը։
-Կարծում եմ արդեն պիտի գնամ,- ասաց Էմման։
-Լա՛վ, կտեսնվենք երկրորդ փուլի ժամանակ։
Էսօր շատ լավ էիր նվագում։
-Շնորհակալ եմ,- ու հրաժեշտ տալով բոլոր կարևոր անձանց՝ դուրս եկավ տնից։
7
Ողջ հանդիսատեսը կանգնած ծափահարում էր, բացի Էնդրյուից։ Նա չէր հասկանում, թե ինչ, բայց մի բան այն չէր։ Ցորենագույն մազերը ձիգ կապած աղջիկը նայում էր դաշնամուրին, ու ինքն էլ չէր հասկանում, թե ինչ կատարվեց։ Ժպտում էր։ Մի քանի վայրկյան նստելուց հետո վեր կացավ, խոնարհվեց ու գնաց ետնաբեմ։ Ինքն էր բացում հիմնական մրցույթի երկրորդ փուլը։ Էնդրյուն լարված նայում էր աղջկա հեռացող ուրվագծին ու զգում էր, թե ինչպես է վաղուց անծանոթ դարձած տագնապը վրա հասնում։ Սկզբում փշաքաղվեց, հետո սկսեց այրվել ու չգիտեր` ինչ անել։ Մի՞թե նա իրոք վախենալու կարիք ուներ։ Առաջին փուլի ժամանակ աղջիկը լավ էր նվագում, բայց ոչ այսքան։ Հիմա ամեն մի նոտա իր միջով էր անցկացնում նախքան նվագելը։ Մի բան հաստատ փոխվել էր։ Շատ տարօրինակն էր աղջիկը։ Խնջույքի ժամանակ Էնդրյուի ասածների կեսին ուշադրություն չէր դարձնում, բայց, երբ միասին նվագում էին, հարձակվել էր դաշնամուրի վրա։ Էնդրյուին նվագելու բան չէր թողել։ Այդպես բռնվում են փայտակտորից՝ օվկիանոսում խեղդվող մարդիկ։ Չէր ուզում թողնել։ Աչքերում չկար մոլորվածությունը։ Իսկ հիմա նա այնպես էր նայում դաշնամուրին, ասես աշխարհի տերը լիներ։ Անվախորեն, փայտը ձեռքը՝ լողում էր կամայական ուղղությամբ, վստահ էր, որ կգտնի ափը։ Ո՞վ էր նա։ Որտե՞ղ էր այսքան տարի։ Ինչո՞ւ է նոր մասնակցում։ Էնդրյուն չէր հավատում սեփական մտքերին՝ աղջիկը վտանգ էր իր հաղթանակի համար։
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում տասն անգամ լավացրել էր նվագը։ Ի՞նչ կլինի, երբ մեկ ամիս անց՝ երրորդ փուլին, նվագի։ Նա անկասկած կանցներ երրորդ փուլ։ Առաջինն էր, բայց Էնդրյուն վստահ էր, որ կանցնի։
Համերգից հետո գտավ աղջկան մասնակիցների բազմության մեջ՝ «Զենիթ»-ից դուրս գալիս։ Մասնակիցների համար առաջին հարկում հատուկ ճանապարհ էին պատրաստել, գորգ գցել ու երկու կողմից ձողերով սահմանափակել այն, որ հեշտ լիներ տեղաշարժվելը։ Մի քանի անգամ անունը տվեց, ոչ մի արձագանք։ Հանկարծ մի պեպենապատ տղա մոտեցավ նրան՝ սյուների մյուս կողմից։ Էմման կանգ առավ՝ ժպիտը դեմքին։ Մի քանի վայրկյան անց տղան գրկեց աղջկան, իսկ Էնդրյուն առաջ շարժվեց ու դուրս եկավ «Զենիթ»-ից։
***
-Ակսե՞լ,- զարմացած բացականչեց Էմման։
-Մարսելի իմ վարձած տանը նստած էի լուրերն էի նայում, ասացին, որ մարսելի ներկայացուցիչներից մեկն անցել է հիմնական փուլ։ Պարզվեց` դու ես։ Ես էլ որոշեցի առիթը բաց չթողնեմ ու գամ տեսնեմ։ Ճիշտն ասած, որ Մարսելում հանդիպեցինք, էդքան էլ լրջին չտվի, որ մասնակցելու ես։ Բայց, քիչ առաջ լսեցի… Ապշեցուցիչ էր։ Կարծում եմ՝ հանգիստ կարող ես հաղթել։ Ո՞վ կմտածեր, որ խուլ…
Էմման ձեռքով փակեց Ակսելի բերանը։
-Արի՛ դուրս գանք։
Ակսելն, անսպասելիությունից քարացած, հոնքերով համաձայնեց։ Դուրս գալուն պես Նատալին ու Միշելն աչքերով սկսեցին հողշոտել Ակսելին։
-Հանգստացեք, դասընկերս ա։
-Սուտ ա, մեր դպրոցում, որ սովորեր` կհիշեի,- միջամտեց Միշելը։
-Նախկին դասընկերս ա,- պարզաբանեց Էմման,- ծանոթացեք, Ակսելն ա։
-Ուրախ եմ,- ժպտաց Ակսելը։
-Ակսե՛լ, նախկին հոգեբանս ա՝ Նատալին ու նախկին դասընկերուհիս՝ Միշելը։
-Շատ հաճելի է,- ժպտաց Նատալին ու ժեստերի լեզվով Էմմային սկսեց հարցեր տալ։
-Հա՛, տեղյակ ա, որ խուլ եմ,- կամաց պատասխանեց Էմման։
-Եկել էի Էմմայի ելույթին ներկա գտնվելու։ Համ էլ Ստրասբուրգը շատ սիրուն քաղաք ա, մի քիչ ման կգամ։
-Արդեն հոգնե՞լ ես ծովափից,- հարցրեց Էմման։
-Մի այլ կարգի։ Վա՜յ, մամա ջան։ Էդ երեխեքի ձենն առավոտից իրիկուն…
-Մենք էդ խնդրի հետ չենք առնչվում, մի բողոքվիր,- վրա տվեց Միշելը։
-Ո՞նց… Դու էլ ես…
-Խո՞ւլ, հա՛,- անհոգ ժպտաց Միշելը,- ի ծնե։
-Բա ո՞նց ես հասկանում՝ ինչ եմ ասում։
-Էմման ո՞նց ա հասկանում։ Ինքը դպրոցում չի անցել, որովհետև մինչև լսողությունը կորցնելը խոսել է։ Ես դպրոցում եմ սովորել, որ մոտավորապես իմանամ ինչ են խոսում։
-Տեսա՞ք Էնդրյուն ո՞նց նվագեց,- միջամտեց Էմման։
-Տեսա՞ր դու ոնց նվագեցիր,- խառնվեց Նատալին,- ողջ ընթացքում նամռոտած դեմքով նայում էր քեզ։
-Լո՞ւրջ։
-Ժողովո՛ւրդ,- միջամտեց Ակսելը,- ես երևի գնա…
-Չէ՛, չէ՛, չէ՛,- ասաց Էմման,- մինչև իրավիճակին չծանոթանաս, ոչ մի գնալ։
-Ի՞նչ իրավիճակ։
-Ոչ ոք չպիտի իմանա, որ Էմման խուլ է, թե չէ ես անձամբ կլուծեմ խաբար տվողի հարցերը,- պատասխանեց Նատալին։
-Մի վայրկյան։ Այսինքն ոչ մեկ չգիտի՞…. Դրա համար հեռուստացույցով ոչ մի բառ չասեցին դրա մասին… Բայց մեկ ա խի՞, պատկերացնո՞ւմ ես՝ ինչքան կբարձրանայիր ժյուրիի աչքերում…
-Ոչ մի բառ դրա մասին,- ասաց Էմման,- և վերջ։ Չիմանամ՝ ինչ-որ մեկն էս քաղաքում, բացի չորսիցս, գիտի։ Մենք իրար հասկացա՞նք։
-Հա՛, հա՛,- վախեցած Էմմայի լրջությունից պատասխանեց Ակսելը,- ես էդ գաղտնիքը հետս մինչև գերեզման կտանեմ։
-Շատ լավ ա,- ասաց Նատալին,- իսկ հիմա տաքսին ճանապարհին ա, հրաժեշտ տվեք իրար։
-Ես մեքենա ունեմ,- նորից լեզու առավ Ակսելը։
-Որտեղի՞ց,- զարմացավ Էմման։
-Վարձով։ Կարող եմ ձեզ տեղ հասցնել։
-Խմա՞ծ ես,- հարցրեց Նատալին։
-Ո՛չ,- զարմացած պատասխանեց Ակսելը։
-Չափահա՞ս ես։
-Ես ու Էմման նույն դասարանից ենք եղել:
-Վարորդական իրավունք ունե՞ս։
-Հա՛։
-Դե ուրեմն խնդիր չեմ տեսնում։
Բայց խնդիր կար։ Ակսելի վարձած մեքենան շատ փոքր էր։ Էմման ու Նատալին իրար հետ հազիվ էին տեղավորվում հետևի նստարաններին։ Միշելն իր նիհար վիճակով մի կերպ էր խցկվել Ակսելի կողքի նստարանին։
-Երբ ասեցիր, որ մեքենա ես վարձել, ինձ թվաց ավտոմեքենա, ոչ թե լվացքի մեքենա,- լխճված ասաց Էմման։
-Երբ ասեցի, որ Մարսելի ծովափը թողած Ստրասբուրգ եմ հասել նվագածդ լսելու համար, ի նկատի ունեի, որ ահագին փող եմ ծախսել ու էս մեքենան միակն էր, որ համապատասխանում էր իմ գրպանին։
-Որտե՞ղ ես աշխատում,- հարցրեց Նատալին։
-Սովորում եմ, բայց ձեռքի հետ պապայի խանութում եմ աշխատում։
-Բա ո՞նց հասար Ստրասբուրգ,- տարօրինակորեն աշխույժ հարցրեց Միշելը։ Ընդհանրապես նա բանավոր խոսքի երկրպագու չէր, բայց հիմա լավ բլբլում էր։
-Մի քիչ փող ունեի հավաքած, պապան էլ ավելացրեց ու գնացի Մարսելի ծովափնյա շրջան՝ հանգստանալու։ Բանից պարզվեց` հեչ հանգիստ չի։ Տենց մոտս դեռ գումար մնացել էր։
-Բա որտե՞ղ ես մնում,- հարցրեց Միշելը։
Էմման քիչ էր մնում բարձրաձայն ծիծաղեր։ Դիմային հայելու միջով տեսնում էր Միշելի շուրթերի շարժումներն ու չէր հավատում։
-Ահա և հասանք։
Նատալին բացեց մեքենայի դուռն ու դուրս պլստաց։ Էմման հետևեց նրա օրինակին։
-Էմմա՛, էլ երբեք սենց սխալ թույլ չտաս։ Ոչ մի «ծանոթի» ավտո. մեկ ա ձրի ա։ Տաքսի ու վերջ։
-Հը՞…,- շունչը տեղը բերեց Էմման։
-Հե՛չ,- ձեռքով արեց Նատալին։
Միշելը ձեռքը դրեց բռնակին.
-Դե ցտեսություն…
-Երկու փողոց ներքև։
-Ի՞նչ։
-Երկու փողոց ներքև փոքր սպիտակ տուն կա։ Ա՜յ, այդտեղ եմ վարձով մնում։
-Լա՛վ,- ժպտաց Միշելն ու դուրս եկավ մեքենայից։
8
Էնդրյուն բացեց համակարգիչն ու սկսեց փորփրել։ Եզրափակիչի մասնակիցների ցուցակն արդեն կար։ Ոչ մի հետաքրքիր, կամ նոր բան Էմմայի անվան տակ։ Գրված էր, որ Մարսելից է ու սիրողական մրցույթից տեղափոխվել է հիմնական։ Վերջ։ Ուրիշ ոչինչ։ Անհնար էր։ Մի բան հաստատ այն չէր էդ աղջկա հետ.
-Էդ ի՞նչ ես անում,- հարցրեց ընկերը՝ համակարգչի հետևում հայտնվելով։
-Վախացրի՛ր։ Էմմայի կենսագրությունն եմ փորձում ուսումնասիրել։
-Փաստորեն Դյուբուան իրոք դուրդ եկել է,- ասաց Լուին՝ տեղավորվելով բազմոցին։
-Ի՞նչ ես խոսում։ Էդ աղջկա հետ մի բան այն չէ։
-Իհարկե այն չէ։ Քեզ ա հավանում, ո՞նց կարա նորմալ լինի։
-Ինչի՞ց վերցրիր, որ ինձ ա հավանում։
-Առաջին փուլի ժամանակ կողքն էի նստած։ Մենակ տեսնեիր՝ ոնց էր լարվել քո ելույթի ժամանակ։ Մի քանի անգամ փորձեցի ճշտել՝ ո՞նց է, ինձ թվաց՝ լավ չի զգում։ Ձայն չհանեց։
Էլ չասեմ՝ մի շաբաթ առաջ՝ խնջույքին, էլի շատ տարօրինակ պահեց իրեն։ Տեսած չտեսած քեզնից հարցրեց։ Ոնց հասկացա՝ բարձրացավ մոտդ։
-Հա՛, բայց իրան շատ տարօրինակ պահեց։
-Ախպե՛րս, մենակ էն, որ ինքը երկրորդ փուլին քեզնից մի քիչ վատ նվագեց, խեղճ աղջկան տարօրինակ չի սարքում։ Իսկ էն, որ քեզ ա հավանում, կատակ էր։ Էն օրը տեսա՞ր, ոնց էն տղու հետ գրկախառնվեց։ Դու դուրս եկար, բայց դրանից հետո էդ տղեն եսիմ ինչ ասեց ու Դյուբուան խեղճի բերանը ձեռքով փակեց… Երևի դուրը չեկավ, որ էդքան մարդու մոտ իրեն սիրահետում էր։
Էնդրյուն չրխկոցով փակեց էկրանը.
-Ինչի՞ ա քեզ թվում, որ սիրահետում էր, կարող ա ուղղակի…
-Պահո՜։ Չլինի՞ խանդում ես։
-Ցնդե՞լ ես, ես էդ աղջկան համարյա չեմ ճանաչում։
-Իսկ քեզ նենց էս պահում, ոնց որ լուրջ հետաքրքրված ես։ Ինտերնետում ման գա՞լ։ Մի քիչ չափից դուրս ա։
-Ես իրան չեմ խանդում, ինչ ուզում ա թող անի, բայց իրա հետ մի բան էն չի։
-Դե եթե չես խանդում ուրեմն… Չլինի՞ վախենում ես։
-Հեսա քեզ տնից դուրս կշպրտեմ,- զայրացավ Էնդրյուն,- նորմալ բաներ ասա.
-Ուրեմն հաստատ վախենում ես,- պատասխանեց Լուին,- հանգիստ եղիր, քեզնից լավ չի նվագում։
-Էն օրը՝ խնջույքին առաջարկեցի հետս նվագել։
-Ե՞վ…
-Մի պահ ամեն ինչ լավ էր ու ներդաշնակ, բայց մյուսին ոնց որ հունից դուրս եկած լիներ։ Նենց կատաղած էր նվագում՝ ձեռքերս հետ քաշեցի։ Մենակ տենայիր Լուի՛, ո՜նց էր նվագո՜ւմ։ Ոնց որ աշխարհի վերջը լիներ։
-Ստո՛պ։ Էդ դո՞ւ չէիր։
-Չէ՛։
-Խոսքերս հետ եմ վերցնում։ Վախենալու տեղ ունես։
-Հո չասի՛ր։ Երկրորդ փուլին ավելի լավ էր նվագում, քան խնջույքին։
-Բայց ինքը քեզ ստիպեց ձեռքերդ հետ քաշել դաշնամուրից ու նայել իր վրա։ Ընդհանրապես, դու ես այնպես նվագում, ասես աշխարհի վերջն է։
-Ականջօղն ընկավ, ես էլ փորձեցի զգուշացնել, բայց բանի տեղ չդրեց։ Ձեռքը բռնեցի ու անձամբ հանձնեցի, բայց ձև տվեց, իբր չի լսել։ Չեմ հասկանո՞ւմ ձևիստ է։ Ի՞նչի տենց շուտ փախավ…
-Չգիտեմ, բայց իմ ասածներին էլ նորմալ ուշադրություն չէր դարձնում։ Երևի իրան դրել ա մեծ…
-Ես էլ էի տենց մտածում, բայց չափազանց մոլորված է իրեն պահում։ Դժվար թե կարողանար էդքան լավ խաղար։
-Իսկ ինձ թվում է, որ դու ուղղակի սիրահարվել ես։
Էնդրյուն կողքի բարձը նետեց Լուիի վրա։
-Ես քեզ հաստատ ստեղից ռադ եմ անելու մի օր երկար լեզվիդ համար։
-Ես քեզ մենակ չթողելու խաթր մասնակցեմ սիրողական մրցույթին ու անցնեմ երկրորդ փուլ, որ դու ինձ ռադ անե՞ս։ Արի ասեմ,- ու բարձն ավելի ուժգին շպրտեց Էնդրյուի գլխին։
-Լուի՛, ձեռիցս չես պրծնելու։
-Դու էլ Էմմայի ձեռից չես պրծնի սենց տեմպերով։ Բառերս հիշիր, Մա՛րտին. սիրահարվելու ես վրան ու պարտվես դրա պատճառով, որովհետև օր ու գիշեր պարապելու փոխարեն՝ համակարգիչը ձեռդ իր մասին «հետաքրքիր փաստեր» ես որոնելու։
-Ձենդ կտրի ՛Է,- ընկերջ հետևից ընկած ասաց Էնդրյուն։
-Խի՞ ուղղակի իր կենսագրական հատվածը չես նայում, մրցույթի սայտում կա։
Էնդրյուի աչքերը լայնացան.
-Ո՞նց մտքովս չէր անցել։
Բացեց հատվածն ու կարդաց։
-Ե՞վ,- հարցրեց Լուին վայրկյաններ անց։
-Այստեղ ասվում է, որ երաժշտականն ավարտելուց հետո հինգ տարի չի նվագել։
-Լո՞ւրջ։ Ինչի՞ համար։
Բայց Մարտինը ոչինչ չպատասխանեց։ Նա մտածում էր։ Հինգ տարվա կտրվածքով դադա՞ր։ Չափից շատ էր։ Բացի այդ Էմման շատ լավ էր նվագում երկու տարի պարապածի համար։ Մի քանի անգամ պտտեցրեց իրենց բոլոր հանդիպումները։ Հանկարծ աչքերը փայլեցին, բայց հետո խամրեցին։ Մի՞թե…
-Աո՜ւ….,- ասաց Լուին,- Երկիրը քո կարիքն ունի։
-Լուի՛։ Մտքովս մի բան ա անցնում, բայց նույնիսկ ինձ ա թվում, որ հիմարություն ա։
-Պահո՜, հլը ասա տենամ էդ ինչ ա։
Հանկարծ դրսում թեթև պայթյունի ձայն լսվեց։
Էնդրյուն ու Լուին անմիջապես դուրս եկան։ Մի կիսաողջ մեքենա էր։ Էնդրյուն մոտեցավ դիմային ապակուն.
-Ամեն ինչ կարգի՞ն է։
-Հա՛,- պատասխանեց վարորդը։
Կողքին նստած սիրունիկ աղջիկը բացեց դուռն ու դուրս եկավ մեքենայից։ Վարորդը հետևեց աղջկա օրինակին։ Էնդրյուից մի քանի վայրկյան պահանջվեց, որ հասկանա, որ վարորդին ճանաչում է։ Լուին պտտվեց ողջ մեքենայի շուրջ.
-Էս մեքենան ինչի՞ միջով ա անցել, որ էս օրն ա ընկել։
-Արտաքուստ ոչինչ վնասված չէ։ Կամ ավելի ճիշտ ոչ ավելի վնասված քան միշտ,- տարօրինակ արտասանությամբ արտասանեց աղջիկը։
-Ուրեմն էս մեքենան մի՞շտ ա սենց եղել,- աղջկա մեջքի հետևից հարցրեց Լուին։
-Նա քեզ չի լսում,- ձայն տվեց պեպենապատ դեմքով երիտասարդը,- նա… Ըըը… լսողական խնդիրներ ունի։ Ուղղակի դիմացը կանգնիր խոսելուց առաջ, որ շուրթերով կարդա։
Այ այստեղ Էնդրյուն հիշեց.
-Ներեցե՛ք, մենք ծանո՞թ ենք։ Դուք պատահաբար մեկ շաբաթ առաջ «Ստարսբուրգի Զենիթ»-ում չեք եղե՞լ։
-Հա՛, բայց… Հիմա տեղը բերեցի։ Դո՛ւք չեմպիոնն եք։ Հնգակի՞, եթե չեմ սխալվում։
-Վեցակի,- ուղղեց Լուին։
-Ուզում եմ ասել` հիանալի ելույթ էր,- նա ձեռքն առաջ պարզեց ու շարունակեց,- Ակսել Ֆոնթեյն։
-Հաճելի է, Էնդրյու…
-Մարտին, գիտեմ,- փայլող աչքերով պատասխանեց տղան։ Էնդրյուն միանգամից իրեն վատ զգաց, որ մտքում մեկ շաբաթ Ակսելին հայհոյում էր։ Քաղաքակիրթ էր երևում,- սա իմ ընկերու… Երևի շուտ է նման բան ասելը… Մի խոսքով Միշելն է։
-Ուրախ եմ,- թեթևակի ժպտաց Միշելը։
-Նմանապես,- պատասխանեցին Լուին ու Էնդրյուն միառժամանակ։
-Ինչո՞վ կարող ենք օգնել,- հարցրեց Լուին։
-Անչափ շնորհակալ ենք, բայց Ակսելը հիմա կզանգի ում, որ պետք է ու մեքենայի հարցերը կլուծվեն։
-Կարծում եմ էս խեղճի հարցերը մեկը վաղուց լուծել ա,- մրմնջաց Լուին,- առաջարկում եմ մինչև մեքենայի հարցերը լուծողի գալը՝ դուրսը չսպասեք, կթեյե՞ք մեզ հետ։
-Հա՛, իհար….,- սկսեց Ակսելը։
-Ցավում եմ, բայց պարտավոր ենք մերժել ձեր առաջարկը։ Մենք իրոք չենք ուզում ձեզ նեղություն տալ,- վրա տվեց Միշելը։
-Ոչ մի խնդիր։ Կարծում եմ մեր գնալու ժամանակն է,- Լուիի ձեռքից բռնեց ու ներս տարավ Էնդրյուն,- հուսով եմ` էլի կհանդիպենք։
-Գժվե՞լ ես,- ներս մտնելուց հետո հարցրեց Լուին,- չտեսա՞ր ինչ սիրուն էր։
-Ոչի՞նչ, որ ընկերոջ հետ էր։
-Չլսեցի՞ր, տղեն էլ էր կասկածում։ Նույնիսկ նորմալ չներկայացրեց էդ աղջկան։
-Կլինի՞ դու ամեն սիրուն աղջիկ տենալուց հարձակման չանցնե՞ս։
-Չէ՛։ Ասեմ քեզ Դյուբուան կփաստի։
-Շատ խնդալու ա։
-Հա ինչ։ Երկու անգամ փորձել եմ նորմալ խոսակցություն սկսել, էն էլ ցրել ա, կամ ընդհանրապես ուշադրություն չի դարձրել։
-Դո՞ւ ոչ մի բան չնկատեցի՞ր։
-Ի՞նչ։
-Էս զույգի մեջ։ Ասեցին, որ համերգին եղել են։
-Տենց բան են ասե՞լ։
-Ես չեմ հասկանում դու էնտեղ չէիր։
-Դե կներես։ Ախր շատ սիրուն էր է… Էս ո՞ւր։
-Ման գալու։ Միայնակ մտածել եմ ուզում,- դուռը բացեց ու տնից դուրս եկավ Էնդրյուն։
***
-Ո՞ւր ա Միշելը,- հարցրեց Էմման, նստելով անկողնու վրա։
-Ման գալու ա գնացել։
-Էլի՞։ Ստրասբուրգում տեղ կա՞, որ չի հասցրել տեսնի։
-Դու էլ էս հետաքրքիր մարդ Էմմա,- ասաց Նատալին,- էդ երեխեն կարո՞ղ ա գերիդ ա։ Մեկ ա ամբողջ օրը նվագում ես, պիտի նստի հետևդ ու սպասի մինչև օրն ավարտվի՞։
-Լա՛վ, պարզ ա։ Ակսելի հետ ա։
-Ի՞նչ վատ ա, որ։
-Ոչ մի վատ բան, ուղղակի նյարդայնանում եմ, որ Միշելի երեսը օրական կես ժամով եմ տեսնում։
-Գնար չգնար մեկ ա էդքան ժամանակով էլ տեսնելու էիր։
-Էդ էլ ես ճիշտ ասում։ Լավ ա գոնե էդ անտեր մեքենայից ազատվել ա։ Հիմա տաքսիով են ֆռֆռում,- հառաչեց Էմման ու քայլեց դեպի լոգարան։ Լվացվեց։ Սանրեց գզգզված մազերը։ Զգեստափոխվեց ու իջավ հյուրանոցի ընդունարան։
Ի սկզբանե ժամանակավոր ապրելու տեղ փնտրելիս Վանուհին ու Էմման կենտրոնանում էին երկու կարևոր բաների վրա՝ մատչելիության և հարմարավետության։ Ընդունարանում դրված դաշնամուրի վրա թույլատրված էր նվագել ինչքան կցանկանային հաճախորդները, ձայնը մինչև համարներ չէր հասնում ու չէր խանգարում հաճախորդների հանգիստը։ Էմման, իջնելով պարուրաձև աստիճաններով, կանգ առավ։ Ինչ-որ մեկը նստած էր դաշնամուրի առջև։ Ո՞վ էր։ Առաջին դեպքն էր, որ դաշնամուրի դիմացի նստարանը դատարկ չէր։ Էմման մոտեցավ երաժշտին։ Պատանին չէր նվագում։
-Բարև, Էնդրյու։ Ի՞նչ ես անում էստեղ։
-Կարո՞ղ ես նվագել։
Էմման կիտեց հոնքերը։ Էնդրյուն մոլորված տեսք ուներ։
-Ինչի՞ հա…
-Ուղղակի նվագի, խնդրում եմ։
Էմման տեղավորվեց դաշնամուրի առջև ու կասկածով լցված սկսեց նվագել։
Որոշ ժամանակ անց նկատեց Էնդրյուի դեմքին հայտնված քմծիծաղը։ Էմման զայրացած մատները պոկեց ստեղնաշարից։
-Ի՞նչ։
-Կներես, չկարողացա զսպել ինձ։ Ես լրիվ հիմար եմ։
-Բան չեմ հասկանում…
-Ի՞նչ կա չհասկանալու։ Ես ուղղակի հիացած եմ։ Եթե դու ինձ հաղթես, դա կլինի դարի խայտառակությունը ու ոչ ոք նույնիսկ չի իմանա։
-Ինչի՞,- շոյված այն մտքից, որ Էնդրյուն հնարավոր է համարում իր հաղթանակը, կեղծ վրդովվեց Էմման,- որովհետև աղջի՞կ եմ։
-Չէ, ի՞նչ ես խոսում։ Որովհետև խուլ ես։
9
-Ես ոչ ոքի չեմ պատրաստվում ոչինչ ասել, առավել ևս, որ մրցույթին մի շաբաթ ա մնացել։
-Բայց ո՞նց հասկացար։
Էմման ու Էնդրյուն քայլում էին փողոցով։
-Երբ իրար հետ նվագեցինք՝ այդ ժամանակ հասկացա, որ մի բան այն չէ։
-Բայց…
-Երեք շաբաթ մտածել եմ մինչև քեզ ասելը։ Դրա համար հանգիստ եղի, մինչև որոշեմ աշխարհին ասել, որ խուլ ես, մրցույթը կպրծնի։
-Չեմ հասկանում, ինչի ասեցիր, եթե չես պատրաստվում շանտաժի ենթարկել։
Էնդրյուն ծիծաղեց։
-Ինձ հետաքրքիր էր։
-Հետաքրքի՞ր։ Ի՞նչը։
-Դե գիտես, առաջին հայացքից շատ բարդ է պատկերացնել խուլ երաժշտի, այն էլ այդքան հաջողված։ Եթե իհարկե դու Բեթհովենը չես։
Էմման ոլորեց աչքերը։
-Էս ի՞նչ էր։
-Հա ի՞նչ։ Անցած անգամ դու էիր աչքերդ ոլորում, երբ քեզ գովում էի։
-Որովհետև ինձ թվաց հերթական դատարկամիտ ես, որ ոչինչ չի հասկանում երաժշտությունից։
-Դե պատկերացրու քանի անգամ է հոգեբանս «Բեթհովենն էլ է խուլ եղել» արտահայտությունն օգտագործել, որ ես նորից նվագեմ։
-Ոնց հասկացա մոտը ստացվել ա։
-Չէ՛։ Ես էլ իր մոտ չէի գնում, երբ սկսեցի նվագել։
-Բա ո՞նց սկսեցիր…
-Երկար պատմություն ա։ Ավելի լավ ա քեզնից պատմես։ Թե չէ տարօրինակ ա, իմ մասին էսքան բան գիտես, ես քո վեցակի չեմպիոնությունից բացի նորմալ բան չգիտեմ։
-Դե, ծնվել եմ Փարիզում։ Հինգ տարեկանից ծնողներս ուսուցիչ են վարձել, որ դաշնամուր սովորեմ։ Մինչև հիմա նվագում եմ։ Կարծում եմ` վերջ։
-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել մրցույթին։
-Վեց տարի առաջ ես ու ընկերս գրազ եկանք, որ եթե ես գնամ` կպարտվեմ։ Ստիպված եղա մրցանակի հետ հասնող գումարի կեսն իրան տալ։ Իսկ դո՞ւ։
-Ի՞նչը ես։
-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել։
Էմման լռեց։
-Պարզ է… Սա էլ իմ տունն է։
-Կարիքը չկա…
-Գիտեմ ուղղակի ներսում դաշնամուր կա ու լայն բացված ականջներ չկան։
Էմման ներս անցավ։ Փոքրիկ, միհարկանի տնակ էր։ Էնդրյուն տեղավորվեց դաշնամուրի առջև ու ձեռքով Էմմային առաջարկեց նստել։
-Ի՞նչ ես լսում, երբ նվագում ես։
Էմման նայեց Էնդրյուի վրա.
-Ոչինչ։ Ավելի ճիշտ մինչև վերջերս։
-Այսինքն նվագելիս էլ չես լսում։
-Չէ՛, միայն նվագելիս չեմ լսում։
Էնդրյուն հարցական նայեց աղջկան։
-Ինչ կորցրել եմ լսողությունս, աղմուկ եմ լսում։ Երաժշտության տարբեր հատվածներ միանգամից՝ իրար վրա լցված։ Ոնց որ խզբզած լինեն գլխիս մեջ։ Բայց հենց սկսեցի նորից նվագել, ձայները լռեցին։ Երբ նվագում եմ` աղմուկը չկա։
-Այսինքն հիմա էլ ես աղմո՞ւկ լսում։
-Ձայնը մի քիչ իջել է, բայց հա։
-Իջե՞լ է։
-Առաջին փուլի ժամանակ, երբ դու սկսեցիր նվագել, մի բան կատարվեց։ Չէի հավատում, դրա համար խնջույքին էլ խառնվեցի իրար, երբ համոզվեցի։
-Ի՞նչ,- զարմացավ Էնդրյուն։
-Ես լսում էի, ինչ էիր նվագում։ Հասկանո՞ւմ ես։ Իրոք լսում էի։ Երաժշտություն աղմուկի փոխարեն։ Հետո ես էլ փորձեցի նվագել, սկզբում երաժշտությունը տեղում էր, բայց կամաց-կամաց խամրեց։
-Այսինքն խնջույքի ժամանակ…
-Ես առաջին անգամ լսեցի սեփական նվագս։
-Երկրորդ փուլին արդեն լսում էիր…
-Մասամբ։ Սկզբում հեռվից եկող հնչյուններ, հետո ձայնը պարզացավ ու անջատվեց։ Մինչև վերջացնելս նորից լռություն էր։
-Ես չեմ հասկանում, ինչի՞ ես թաքցնում խլությունդ։ Դու ֆենոմեն ես։
-Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի նվագածիս։ Բոլորին մենակ էդ էլ կհետաքրքրեր։
-Եթե քեզ թվում ա հանդիսատեսում ինչ-որ մեկը երաժշտությունից մի բան հասկանում ա, սխալվում ես։ Իսկ քեզ խղճալ հնարավոր չէ։ Ես ինձ եմ խղճում, որ խուլ հալովդ ինձնից մի քիչ ես վատ նվագում։
Էմման քարացավ.
-Կարծում ես` հաղթելու հնարավորություն ունե՞մ։
-Հաշվի առնելով էն, որ դու մի ամիս ա պարապում ես, իսկ ես քո տարօրինակության առեղծվածն եմ լուծում, կարծում եմ` հավանականություն կա։
Էմման ժպտաց։
-Մեկ ա չեմ պատկերացնում։
-Ի՞նչը։
-Ո՞նց ես նվագում։ Ո՞նց ես լսում։ Ոչինչ չեմ պատկերացնում։ Ինչի՞ հենց իմ նվագածը լսեցիր։
-Կուզեի իմանալ հարցերիդ պատասխանները,- հառաչեց Էմման։
-Կնվագե՞ս հետս,- դադարից հետո հարցրեց Էնդրյուն։ Էմման գլխով արեց։
Աղջիկը ձեռքերը դրեց ստեղնաշարին ու սկսեց նվագել։ Էնդրյուն միացավ նրան։ Միասին նստած նվագում էին։ Նվագը ներդաշնակ էր ու հանգիստ։
***
Լուին սովորականի պես ուշ ժամի բացեց դուռն ու ներս անցավ։ Լույսերն անջատված էին։ Միացրեց լույսերն ու լայնացած աչքերով նայեց իր դիմաց։ Դաշնամուրի առջևում տեղավորված ընկերն ու աղջիկը, ով անկասկած Էմմա Դյուբուան էր, քարացած իրար էին նայում։ Նրանց աչքերը կասկածելի փոքր հեռավորության վրա էին։ Լուին հետ-հետ գնաց, բայց Էնդրյուն կտրուկ թեքեց գլուխը։ Նայեց աղջկան.
-Մոռացա ասել, որ ընկերոջս հետ եմ ապրում։
Էմման վեր թռավ տեղից։
-Սա Լուին է, իր հետ էլ գրազ էի եկել։
-Շատ հաճելի է,- անհարմարությունից այրվելով՝ ասաց Էմման։
-Մենք արդեն ծանոթ ենք,- հատակին նայելով՝ պատասխանեց Լուին։
-Ես պիտի գնամ…,- ասաց աղջիկը։
-Արդեն մութ ա, հետդ չգա՞մ,- հարցրեց Էնդրյուն։
-Չէ՛, նորմալ ա,- ասաց ու բացեց դուռը,- դե… Մինչ երրորդ փո՞ւլ…
Էնդրյուն գլխով արեց։
Էմման քայլեց դեպի հյուրանոց։ Անհարմարության զգացողությունը նահանջում էր։ Երբ բացեց սենյակի դուռը, ժպիտը դեմքին էր, բայց այն շուտ չքացավ։
-Միշե՞լ,- զարմացած ասաց Էմման։
Միշելը, հսկայական ճամպրուկը ձեռքը, կանգնած էր սենյակի կենտրոնում։
Մաս չորրորդ
1
Երկու օր եզրափակչից առաջ, Էմման արթնացավ երկարատև, բայց անհանգիստ քնից։ Բացեց աչքերն ու սկսեց զննել կաթնագույն առաստաղը։ Պատուհանի մոտի անկողինը դատարկ էր։ Միշելին շտապ տուն էին կանչել։ Ինչքան խնդրեց, պահանջեց, ոչինչ չասաց, ուղղակի հեռացավ, Ակսելին էլ հետը տարավ։ Այդպես չեն անում։ Մանավանդ, երբ վերջին փուլին մի քանի օր է մնացել։ Մանավանդ, որ մնացած օրերը ընկերոջ հետ ման էր գալիս, իսկ Էմման փակված էր պատերի ներսում ու նվագում էր։ Ճիշտ է, վերջերս քիչ էր Միշելի երեսը տեսնում, բայց միայն այն գաղափարը, որ իր հետ էր, օգնում էր աղջկան։ Հիմա դատարկությամբ էր լցված, բայց չէր պատրաստվում Միշելին մի բառ անգամ գրել։ Ալարկոտ շարժումով վերցրեց հեռախոսն ու միացրեց այն։ Աչքերին միանգամից հղում եկավ.
«Նոր Բեթհովե՞ն, թե՝ խաբեբա»
Էմման կտրուկ նստեց տեղում։ Ողջ համացանցն իր նկարներով էր լցված.
«Քսաներկու տարեկան խուլ աղջիկը անցնում է «Ֆրանսիայի դաշնակահարների ամենամյա մրցույթի» եզրափակիչ փուլ։ Այն տեղի կունենա երկու օրից` «Ստրասբուրգի զենիթ» համերգասրահում։ Աղջիկը ողջ ընթացքում թաքցրել է խլությունը։ Լուրեր են պտտվում, որ մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի ինչ-որ անդամ օգնել է նրան այդ փաստը թաքցնել։ Աղջիկը չորս մրցակից ունի, որոնցից ամենամեծ վտանգն ու հանդիսատեսի սիրելին է հանդիսանում՝ Էնդրյու Մարտինը, ով….»
Էմման հագնվեց ու անտեսելով իր իրերը ծալող Նատալիին՝ դուրս եկավ հյուրանոցից։ Քայլեց նեղ փողոցներով։ Կիսածանոթ տները շարվել էին իրար կողքի. Էմման թակեց դռներից մեկը։ Լուին բացեց դուռն ու ասաց.
-Վա՛յ, բարև…
Էմման, անտեսելով տղային, շարժվեց դեպի դաշնամուրը։ Էնդրյուն նստած էր դիմացը։ Պտտվեց, երբ ոտնաձայներ լսեց։
-Է՞մ…
Էմման բացեց հեռախոսը, հանեց ու պահեց Էնդրյուի աչքերի դիմաց։ Էնդրյուն կես վայրկյան անց ապշած աչքերով նայեց Էմմային.
-Ես…
-Իզուր մի տանջվիր, միակ մարդն էիր ով տեղյակ էր…
-Ես ոչինչ ոչ ոքի չեմ ասել։ Նույնիսկ Լուին չգիտի։
-Ի՞նչ չգիտեմ,- հարցրեց Լուին։
Էմման զայրացած նայեց Էնդրյուին.
-Ուղղակի չեմ հավատում, որ վստահեցի քեզ։
-Ասում եմ, ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ տեսնում էդ հայտարարությունը։
Էմման առանց այդ էլ կատաղած էր Միշելի ու Ակսելի վրա։ Ողջ շաբաթ չէր կարողանում մեկի վրա թափել զայրույթը, իսկ Էնդրյուն հրաշալի տարբերակ էր։ Կամ մասնագիտացած խաբեբա էր, կամ ճիշտ էր ասում։ Բայց այդ դեպքում, ո՞վ…
-Հաջողություն եմ մաղթում եզրափակչում,- պարզապես ասաց Էմման քար դարձած դեմքով ու դուրս եկավ Էնդրյուի տնից։
Էնդրյուն գնաց աղջկա հետևից, բայց Էմման փոշիացել էր։
-Ախպե՛րս, վստա՞հ ես, որ էս աղջիկը դուրդ գալիս ա։ Մի քիչ հոգեկան ա,- Էնդրյուի մեջքի հետևում լսվեց Լուիի ձայնը։
-Տենաս ո՞վ ա խաբար տվել,- քթի տակ ասաց Էնդրյուն։
-Ի՞նչը, վա՜յ,- զայրացավ Լուին,- էդ ինչ ա, որ ինձ չես ասում։
***
-Էմմա՛, արի հանգիստ դատենք։
-Ես իմ որոշումը չեմ փոխի,- իրերը ճամպրուկի մեջ խցկելով՝ ասաց Էմման,- չեմ պատրաստվում իրենց խղճահարության առարկան դառնալ։
-Վանուհին հիվանդանոցում է։
-Հը՞,- կանգ առավ Էմման,- ի՞նչ ես խոսում։
-Միշելը դրա համար է հետ գնացել, որ դու մասնակցես վերջին փուլին։
-Ի՞նչ ես խոսում։ Դա մի շաբաթ առաջ էր…
-Նա չէր ուզում քեզ շեղել մրցույթից, դրա համար…
-Տատին մի շաբաթ ա հիվանդանոցում ա, ու ես նոր եմ իմանո՞ւմ։
-Նրա բուժման համար…
-Ես հավաքած գումար ունեմ,- կտրուկ ասաց Էմման,- թե՞ կարծում էիր՝ գումարի խաթր եմ մրցույթին մասնակցում։
Ամենափոքր ճամպրուկը վերցրեց ու դուրս եկավ սենյակից։ Նատալին չհետևեց նրան։
Թռիչքի ընթացքում քրքրվում էր ներսից։ Չգիտեր` ուր փախչեր։ Եղած գումարը ծախսել էր տոմսի վրա։ Մինչև վայրէջքը մութն ընկավ։ Երբ օդանավակայանում տեսավ Ակսելի պեպենապատ երեսը, իրեն ամենաերջանիկ մարդը զգաց։ Փաթաթվեց ընկերոջն ու ասաց.
-Խնդրում եմ, ասա, որ ամեն ինչ լավ է։
-Հա՛, բա ո՞նց… Լավ արեցիր, որ գրեցիր։ Ես քեզ կտանեմ հիվանդանոց։
Հիմա մեքենան բնական չափսերի էր, բայց Էմման այսքան նեղվածք երբեք չէր զգացել։ Մի բան ուր որ է փակելու էր շնչուղիները։ Հասան տեղ։ Նորից այնտեղ էր։ Յոթ տարի անց «Մարսելի կենտրոնական հոսպիտալի» դռներից ներս անցավ, այս անգամ՝ սեփական ոտքերով։ Քայլեց Ակսելի հետևից։
Սպիտակ սենյակ, պատառոտված կապույտ առաստաղ, մահճակալի վրա ճմռթված մի մարմին։ Էլ ոչինչ չէր հետաքրքրում իրեն։
Մարմինը շարժեց ակնագնդերն ու թեթև ժպտաց թոռնուհուն տեսնելուն պես։
-Տա՛տ,- անմիջապես կողքը տեղավորվեց Էմման,- ո՞նց ես։
-Արդեն լավ եմ բալե՛ս,- արտասանեցին գունաթափված շուրթերը։
-Կներես ինձ, տա՛տ, խնդրում եմ, կներե՛ս, որ շուտ չեկա։
-Ի՞նչ ես խոսում, բա մրցույթը։ Հո չէի կտրելու քեզ…
-Ոչ մի մրցույթ։ Էլ ոչ մի մրցույթ… Ուղղակի էստեղ կմնամ, որ սենց բան էլ չլինի։
-Էս երեխեն գժվել ա՞,- կողքերը նայեց ու հարցրեց Վանուհին,- այ բալա, էդքան տանջանք ես կրել էդ մրցույթի խաթր, հո իմ պատճառով չես թողնի։
-Քո պատճառով չի։
-Բա էլ ինչի։
Էմման նայեց հատակին ու ասաց.
-Բոլորն արդեն գիտեն, որ խուլ եմ։
-Հա ի՞նչ,- զարմացավ Վանուհին,- ու դրա համար ուզում ես չմասնակցե՞լ։
Էմման նայում էր Վանուհուն ու չգիտեր ինչ ասել։
Վերջապես Վանուհին կրկին խոսեց.
-Պապաս շատ է պատմել իրենց փախուսի պատմությունը, երբ փոքր էի։
-Ի՞նչ պատմություն։
-Տասնհինգ թվին, երբ հայրս փոքր երեխա էր, թուրքերից պրծնելու համար Նանսենյան անձնագրերով իր ծնողները փախչում են Վանից։ Թողնում են համարյա ամեն ինչ, բայց հայրս վառ հիշում է, թե ինչպես է երեք տարեկան հասակում լացում, երբ հասկանում է, որ իրենց տան դաշնամուրը պիտի թողնեն։ Հետագայում՝ քսանութ տարի անց,երբ հաստատվում է Մարսելում՝ մորս հետ, որոշում է, որ իր երեխաները պիտի դաշնամուր ունենան։ Ցավոք, երեխաների փոխարեն ունենում է երեխա՝ ինձ, իսկ աշխատավարձը հազիվ է հերիքում ինձ ու մորս պահելու համար։ Էդ մարդը տենց էլ դաշնամուր չի կարողանում առնել։ Ամեն անգամ, ինչ-որ երաժշտական խանութի մոտով անցնելիս, աչքը դաշնամուրների վրա է մնում։ Դու ինձ հիմա՝ էն մարդուն, ում հոր միակ երազանքը եղել ա այն, որ ես դաշնամուր նվագեմ, ուզում ես համոզես, որ դու՝ իմ թոռը, խուլ հալով նվագել գիտես, դաշնամուր ունես, ու չես ուզո՞ւմ մասնակցել էն մրցույթին, որում հավանաբար կհաղթե՞ս։
-Ես…
-Էմմա՛, ոչ ոք չգիտեր, որ խուլ ես, երբ անցնում էիր պետության գլխավոր երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլ։ Քեզ թվում ա, որ հիմա պիտի դրանով առաջնորդվե՞ն։
Էմման նայեց տատիկին։ Չգիտեր ինչ ասել։ Ակսելը ձեռքը դրեց ուսին.
-Է՛մ…
-Ներեցեք, բայց տատիկին հանգիստ է պետք, խնդրում եմ ազատել հիվանդասենյակը,- ասաց դռների մոտ գոյացած բուժքույրը։
Էմման նայեց Վանուհուն աղերսող հայացքով։
-Մի բան ասեմ, բայց չջղայնանաս։ Երկու տարի առաջ, մեր տանը հայտնված դաշնամուրը ես էի առել, ու մեր նախկին հարևանների տեղափոխությունը դրա հետ ընդհանրապես կապ չուներ։
-Գիտեմ, տատ,- ժպտաց Էմման,- էդքան էլ հիմար չէի, մեր նախկին հարևանները երբեք էլ դաշնամուր չեն ունեցել։
-Ներեցե՛ք, դուք պիտի դուրս գաք։
-Էմմա՛, բառերս լավ հիշիր, եթե եզրափակիչին չմասնակցես, էլ տուն չեմ թողնի մտնես։
-Հը՞…
-Հենց տենց։ Էլ չասեմ, որ բուժումից կհրաժարվեմ։
-Գժվե՞լ ես, տենց բան չանե…
-Կանեմ, եթե հեռուստացույցս միացնեմ ու քո նվագը չտեսնեմ։
Էմման մի վայրկյան էլ նայեց շուրջը, մինչ Ակսելն ու բուժքույրը պայքարում էին մեջքի հետևում։
-Ես մահճակալիս դոշակի տակ լիքը փող ունեմ հավաքած…
-Գիտեմ,- ժպտաց Վանուհին,- էդքան էլ հիմար չեմ։
Վերջապես Էմման դուրս եկավ հիվանդասենյակից, ավելի ճիշտ, իրեն ու Ակսելին վռնդեցին այնտեղից։ Էմման քայլում էր իրեն ծանոթ շինությունով ու ոչինչ չէր զգում։ Պարզապես հիվանդանոց էր։ Գետինն էր մտնում այն ամենից, ինչ արել էր այդ օրը։ Բոլորի հետ հասցրել էր կռվել…
-Էմմա՛,- ասաց Միշելը, երբ նկատեց Ակսելի ու Էմմայի հիվանդանոցից դուրս եկող ուրվագծերը։
2
Միշելն ու Էմման կանգնած էին հիվանդանոցի ետնաբակում։
Էմման ներշնչում էր ծուխն ու նայում էր Միշելի վրա.
-Դրա համար էիր փախել։
Միշելը չպատասխանեց։ Ուղղակի կանգնած ծխում էր։ Մի քանի վայրկյան անց ասաց.
-Չէի ուզում, որ ամեն ինչ թողնես ու գաս։
Էմման նայեց Միշելի վրա։ Ալիքաձև մազեր խռըխշտիկ տեղավորված ականջների հետևում, աչքերի տակ գոյացած պարկեր, ոչ այնքան նորաձև հագուստ։
-Դու ես ասել, որ խուլ եմ,- քմծիծաղ տվեց Էմման,- կբացատրե՞ս։
Միշելը ուշադիր նայեց Էմմային.
-Գիտեմ, որ զզվում ես ինձնից, բայց որ Վանուհուն տեսա էս վիճակում՝ կորցրի ինձ։ Մերոնց գործերը կտրուկ վատացել են, փող չեմ կարող կորզել։ Բժիշկներն ասացին, որ վերականգնման համար շատ գումար պետք կլինի։ Ես խուլ եմ, չգիտեմ երաժշտությունն ինչ է, բայց տեսնում էի, որ Մարտինը ժյուրիի աչքերում ավելի բարձր ա։ Եթե իմանային, որ խուլ ես ու էդպես ես նվագում…
Միգուցե հաղթեիր ու ամեն ինչ լավ լիներ,- ուսերը թոթվեց Միշելը,- գիտեմ, որ հիմար եմ, գիտեմ, որ չպիտի անեի, խնդրում եմ…,- ու քիչ էր մնում արցունքախեղդ լիներ։
Երկու վայրկյան անց Էմման ամուր գրկել էր Միշելին ու չէր ուզում բաց թողնել։
-Կներես,- ասաց Միշելը, երբ Էմման ձեռքերի մեջ առավ նրա թացացած երեսը։
Մաս հինգերորդ
1
Էմման, Ակսելն ու Միշելը ուղևորվեցին օդանավակայան։ Ու, երբ տոմսավաճառը հայտարարեց, որ էլ տոմս չկա մոտակա տասներկու ժամերի չվերթների համար, Միշելը քիչ էր մնում հարձակվեր նրա վրա։ Ակսելը նույնիսկ կաշառել փորձեց։ Ի վերջո Էմման հանձնվեց ու ասաց.
-Վե՛րջ։ Հերիք ա։ Չեմ մասնակցի։ Ոչինչ էլ չենք կարող փոխել։
-Մի վայրկյան, է՛,- միջամտեց Ակսելը,- վաղվա համար ի՞նչ տոմսեր ունեք։
-Երեկոյան՝ ժամը յոթին, չվերթ կա, երկու տոմս կա առկա։
-Մինչև տեղ հասնի, գիշերը կընկնի, համերգն էլ կսկսի։ Չի հասցնի։
-Էլ չասեմ տոմսերի գինը,- մրմնջաց Էմման։
Ակսելը, լսելով այս, ձեռքը խփեց սեղանին.
-Ես չեմ հասկանում, կողքի քաղաք հասնելու համար ինչի՞ պիտի ավելի շատ փող ծախսենք, քան տիեզերք թռնելու։
-Ցավում եմ,- սառը տոնով, կեղծ ժպիտով ասաց տոմսավաճառը։
Նրանք երեքով դուրս եկան ու երկար քայլելուց հետո նստեցին առաջին հանդիպած նստարանին։ Էմման երեսը թաղեց ձեռքերի մեջ։ Միշելը ժեստերով Ակսելին ասաց.
-Թարս ա։ Մերոնց գործերը ինչի՞ սենց վատացան։ Չեմ էլ կարա իրենցից ուզեմ։
Ակսելը, բան չհասկանալով, դանդաղորեն արտասանեց.
-Հը՞։
Միշելը սկսեց հռհռալ։ Նրանց ծանոթության ողջ ընթացքում Ակսելը հնարավորինս դանդաղ էր արտաբերում բառերը, որ Միշելի համար ընթեռնելի լինի։ Ու հիմնականում դա էր պատճառը, որ Միշելը լիովին հասկանում էր Ակսելին, բայց տղայի դեմքի արտահայտությունը հուշում էր, որ ամեն անգամ բառ արտասանելիս ոչ միայն երկու անգամ դանդաղ էր ասում, այլև երկու անգամ բարձր։
-Ի՞նչ պատահեց, է։
-Հեչ,- հազիվ իրեն զսպելով ասաց Միշելը,- ես հիմար եմ։ Իսկական հիմար։
Նստարանի դղրդոցից Էմման ազատեց դեմքը մատներից։ Նայեց Միշելին։
-Ո՞նց չէի հասկացել, պիտի զանգենք Նատալիին։
2
Մի քանի րոպե Ակսելի միջոցով Նատալիի հետ խորհրդակցելուց հետո, եռյակը կրկին վերադարձավ օդանավակայան։ Տոմսավաճառին հասնել-չհասնելուն պես, Ակսելը զանգեց Նատալիին ու հեռախոսը փոխանցեց։
-Բարև ձեզ, ձեզ հետ է խոսում Մարսելի օդանավակայանի տոմսավաճառը։
-Ողջո՛ւյն։ Ես Նատալի Մոնեն եմ, «Ֆրանսիայի դաշնակահարների ամենամյա մրցույթի» այս տարվա եզրափակիչ անցած՝ Մարսելի միակ ներկայացուցիչ Էմմա Դյուբուայի մենեջերը։ Իմ հաճախորդը անձնական և առողջական խնդիրներով, երևի լսած կլինեք, որ խուլ է, հապճեպ վերադարձել է Մարսել, իսկ հիմա, երբ լուծվել են այդ բոլոր խնդիրները, դուք նրան անհարմար ժամին անհավանական գնով տոմս եք ուզու՞մ վաճառել։ Դուք ընդհանրապես պատկերացնու՞մ եք, եթե նա չհասցնի մրցույթին։ Էնդրյու Մարտինի միակ իրական հակառակորդը։
Տոմսավաճառը նայեց Էմմային, ապա Միշելին՝ փորձելով կռահել, թե որ մեկն է Էմմա Դյուբուան։ Ըստ հուսահատության աստիճանի, հիվանդագին, անգույն դեմքովը պիտի լիներ։
-Մի վայրկյան կապ հաստատեմ իմ մենեջերի հետ։
Տոմսավաճառը իր հեռախոսով զանգահարեց ինչ-որ մեկին, ապա, մի կին հայտնվեց։ Տոմսավաճառը հեռախոսը փոխանցեց նրան։
3
-Չեմ հավատում, որ Նատալին մեզ 1-ին կարգի տեղեր հանեց, էն էլ անվճար,- ասաց Ակսելը։
-Ես էլ,- ասաց Էմման,- մենք դեռ լուրջ խնդիր ունենք։ Օդանվակայանից դուրս գալուն պես պիտի հասնենք «Զենիթ»։
-Դեռ գոհ եղիր, որ վերջում ես ելույթ ունենալու,- միջամտեց Միշելը։
-Վստա՞հ ես, որ չես ուզում գալ։
-Հա՛։ Ես մնալու եմ Վանուհի տատիկի մոտ, և սա էլ քննարկման առկա չէ։ Ակսելի հետ կգնաս։ Համ էլ ինքն իրոք կլսի ինչ ես նվագում։
Էմման նայեց Միշելին, ջերմ ժպտաց.
-Ինձ թվում ա, ամենալավն էս աշխարհում ինձ դու ես լսել,- ու գրկեց Միշելին։ Միշելը, անհարմար զգալով տաքսիստի ներկայությունից, չնայած վարորդը հաստատ ժեստերից բան չէր հասկանում, իսկ Ակսելը աչքերը չռած փորձում էր հասկանալ, թե ի՞նչ կատարվեց, աչքերը ոլորեց ու մի լավ ճպպացրեց։
-Հերիք ա լեզվիդ տաս։ Մենակ տենաս ի՜նչ շորեր եմ պատրաստելու ելույթիդ համար։
Եռյակը մտավ Էմմայի տուն։ Միշելը միանգամից գնաց ննջասենյակ, իսկ Էմման վազեց դեպի դաշնամուրը։ Ակսելը, անհարմար զգալով, մնացել էր միջանցքում։
-Ակսե՞լ,- գոռաց Միշելը,- ո՞ւր ես։ Ինձ օգնություն է պետք։
Ակսելը թեթևացած շունչ քաշեց։ Միշելի տարօրինակ արտասանությունը ջերմացնում էր նրան։ Քայլեց դեպի ձայնն ու, աչքերը լայնացրած, մնաց դռան մոտ։
Տանն ինչքան շոր ու հագուստի հետ ինչ-որ կապ ունեցող կտոր կար՝ բլրի նման լցված էր մահճակալին։
-Էս անճաշակությունից նորմալ բան պիտի ստանամ։
-Ը… Ես ինչո՞վ կարամ օգնեմ։ Ախր շատ հեռու եմ է նորաձևությունից։
-Ոչ մի գերբնական բան չպիտի անես, առանձնացնում ես ամեն գունավոր բան ու գցում հատակին մնացածը՝ թողնում։ Պա՞րզ է,- ռազմական հրամանատարի տոնով արտասանեց Միշելը։
Ակսելը զինվորի նման գլխով արեց ու անցավ գործի։
4
Էմման Վերցրեց համակարգիչն ու փնտրեց Կոմիտաս անունը։ Փոքր ժամանակ, տատիկի խորհրդով, շատ էր նվագում նրա գործերը։ Գտավ իրեն լավ ծանոթ նոտաներն ու պատճենեց։
Նստեց դաշնամուրի դիմաց։ Այստեղից էր ամեն ինչ սկսել, այստեղ էլ պիտի ամեն բան ավարտին հասցներ։ Ըստ իր սկզբնական նախագծի՝ պիտի Բեթհովենից մի բան նվագեր, բայց Էմման Բեթհովենը չէր, երբեք չէր եղել։
***
Արևի ճառագայթները թափանցել էին սենյակ, իսկ Էմման դեռ նվագում էր, երբ Միշելը, գզգզված մազերով ու ճմռթված շորերով ներս ընկավ հյուրասենյակ։
-Սա կատարյալ է։ Ամբողջ գիշեր տանջվել եմ, նույնիսկ տատիկիդ կարի մեքենայով ինքս մի երկու բան եմ կարել,- ասաց նա ժեստերով ու հանձնեց տոպրակը։
Էմման շարժեց հոգնած մատերն ու նայեց Միշելին։
-Կարծում եմ ՝ պատրաստ եմ։
-Հենց հիմա գնա քնելու, անկեղծ ասած, ինձ էլ չէր խանգարի, բայց Ակսելը զբաղացրել ա քո մահճակալը, դրա համար…
-Չէ՛, արի գնանք զբոսնելու։ Հետո կքնենք։
***
Միշելն ու Էմման լուռ շրջեցին անգիր արած փողոցներով։ Ի վերջո հասան իրենց սիրելի նստարանին ու տեղավորվեցին։
-Կարծում եմ ՝ սիրահարվել ես,- վերջապես ասաց Միշելը։
-Ո՞վ էլ ասեր,- հեգնեց Էմման։
-Գիտեմ, որ ամեն ինչ խառն է ու վերջին օրերին, մեղմ ասած, քիչ ենք շփվել, բայց խնդրում եմ հանկարծ հատուկ վատ չնվագես, որ նա հաղթի։
-Ցնդե՞լ ես, ինչ է,- ծիծաղեց Էմման,- Էնդրյուն շատ լավ երաժիշտ է ու լավ էլ տղա է երևում, բայց… Կարծում եմ վեցակի չեմպիոն լինելն իրեն կհերիքի։
Միշելը մի ձեռքով գրկեց Էմմային։
-Չես պատկերացնի՝ ինչ կտայի, որ լսեի նվագդ։
Էմման զարմացած նայեց Միշելին.
-Բայց դու պարում ես, չնայած խլությանդ։
-Բայց ես չեմ լսում, չնայած պարելուս,- մի րոպե լռելուց հետո Միշելը շարունակեց,- բարեբախտաբար գաղափար չունեմ, թե էդ ինչ է, էդ ձեր երաժշտությունը։ Չգիտեմ, ոնց ես դիմանում։
-Ես լսում եմ, երբ նա է նվագում։ Չգիտեմ ոնց, չգիտեմ ինչի, բայց լսում եմ։ Իսկական երաժշտություն, ո՛չ էն աղմուկը, որ անընդհատ գլխիս մեջ ա։ Ու կարծում եմ՝ արդեն լսում եմ, երբ ինքս եմ նվագում։
Միշելը ժպտաց, նայեց ժամացույցին.
-Գնանք։ Հավաքվելու ժամանակն է,- վեր կացավ,- Հուսով եմ էդ տղային չես ահաբեկել քո խլությունն աշխարհին հայտնելու համար։
-Օ՜, էն էլ ոնց եմ ահաբեկել, պիտի ներողություն խնդրեմ։
-Կխնդրես, անպայման կխնդրես, ջախջախելուց հետո։
5
Ինքնաթիռում Ակսելն ու Էմման իրար կողք նստել ու լուռ մնացել էին։
-Չգիտեմ, թե ոնց ենք ժամանակին հասնելու։
-Էդ հարցն արդեն լուծված է,- ժպտաց Ակսելը։
-Հը՞։
-Հասնենք, կհասկանաս։
-Վայ, էլ չեմ կարողանում։ Շատ լարված եմ։
-Ը… Ես գիտեմ։ Կուզե՞ս լսել իմ ու Միշելի առաջին համբույրի մասին…
Էմման դեմքը ծամածռեց ու ինքն ու Ակսելը սկսեցին հռհռալ։
-Չէ՛, խնդրում եմ, ինձ իմ բաժին մղձավանջները հերիք են։
-Գիտե՞ս, որ լսեցի նվագածդ, սիրտս կոտրվեց։
-Ինչի՞։
-Դե, փաստորեն, բաձարձակ անտաղանդ եմ։
Էմման ջերմորեն նայեց Ակսելին.
-Երբ հասկացաք, որ էլ դասարան հետ չեմ գալու… Ի՞նչ…
-Գիտե՞ս չէ, քո էն համերգին ես էլ էի գնում, որ նայեի։ Ու երբ հասկացա, որ համերգը չի լինելու, տեղս չէի գտնում։ Հետո իմացա պատճառն ու սկսեցի մտածել, թե ո՞նց եմ ամեն օր դիմանալու էդ հիմարների դասարանում առանց քեզ։ Բավական մոտ էինք, հիշո՞ւմ ես։
-Գիտեմ, ուղղակի կարծում էի չես ուզի խուլ աղջկա հետ ընկերություն անել։ Չէի ուզում տրագեդիաների մեջ քեզ գցել։ Մի խոսքով… Կներես։
-Ինչի՞ համար։ Դու կներես, որ հին հուշեր հետ բերեցի։ Քեզ լարվելը օգուտ չի տա։
-Ակսե՛լ, միայն խոսք տուր, որ քո ու Միշելի ժամադրությունները չես պատմի ու ես էլ կյանքում չեմ լարվի։
-Էլ մի։ Ես հո գիտեմ, որ աղջիկներն իրար ամեն ինչ պատմում են։ Ինձ թվում ա, ամեն բան արդեն գիտես, բոլոր մանրամասներով։
Էմման ու Ակսելը կրկին ծիծաղեցին։ Էմման երկու բաժակ գինի խնդրեց ստյուարդուհուց։
-Հաղթանակիդ կենացը,- ասաց Ակսելը ժպտալով։
-Քո ու Միշելի կենացը, հիմա՛ր,- Էմման համբուրեց Ակսելի այտը,- հաստատ քեզնից լավին չի ճարի։ Ու հա՛, ես ամեն ինչից տեղյակ եմ, նույնիսկ բոլոր անիմաստ մանրամասնություններից։
Էմման արթնացավ իրեն մեղմ թափ տվող ձեռքերում։
-Հասնում ենք,- ասաց Ակսելը, ում դեմքին հարմարավետ նստարանի գլխամասի պատճենն էր։
Էմման լոզերը մաքրեց երեսից, ճպուռները հանեց աչքերից ու նայեց ժամացույցին։ Երկու ժամից քիչ ունեին «Զենիթ» հասնելու համար։
6
Ստրասբուրգի օդանավակայանից դուրս գալուն պես, հանդիպեցին Նատալիին։ Նա կանգնած էր կասկածելի ծանոթ, կիսամահ ավտոմեքենայի դիմաց։
-Էս ի՞նչ ա,- հարցրեց Էմման՝ ահասարսուռ արտահայտությունը երեսին։
-Էն որ ասում էի՝ հասցնելու հարցը լուծված ա, սրա հետ էի,- ժպտաց Ակսելը։
-Էս քաղաքում ուրիշ ավտո չկա՞ր,- նվվաց Էմման։
-Էս մեկը դեռ վարձված ա, հո նորին փող չէի տալու։
-Լա՛վ։ Տեղավորվեք։ Վրաներիցդ էժան գինու հոտ ա գալիս։ Ես եմ քշելու,- միջամտեց Նատալին։
Ակսելը մի կերպ նստեց դիմացը, իսկ Էմման տեղավորվեց հետևի նստարանին։
-Մեր բախտից ելնելով՝ էսօր ամբողջ քաղաքում խցանում ա,- հայտարարեց Նատալին։
-Մեր բախտից չի,- պատասխՆեց Ակսելը,- բոլորը գնում են «Նոր Բեթհովենին» տեսնելու։
-Նատալի՛։ Ես պարտավոր եմ ժամանակին տեղ հասնել։ Պիտի լսեմ Էնդրյուի ելույթը։
-Կփորձենք,- ու Նատալին այնպիսի ուժգնությամբ տեղից պոկվեց, որ ներկաներին պարզ էր, որ այս ճամփորդությունը մեքենայի վերջինն է լինելու։
Էմման Միշելի տված տոպրակից հանեց նոր պատճենած նոտաներն ու սկսեց աչքի անցկացնել։ Մինչև որ… Ծանր հարված։
7
Ամեն բան տարօրինակորեն այնքան ծանոթ էր, որ արդեն հեգնանքի էր նման։
-Ո՞ղջ եք,- Ակսելին հասավ Նատալիի ձայնը։
Նա գտավ Էմմայի ձեռքն ու թափ տվեց։
-Էստեղ եմ,- բացականչեց Էմման։
Մեքենային հարվածել էին հետևից։ Այն էլ հաստատ չէր շարժվի։
Էմման մի կերպ դուրս եկավ ճմռթված դռան միջով։ Նատալին ու վարորդը արդեն բուռն վեճի էին բռնկվել։
-Հե՛յ,- ասաց Էմման բարձրաձայն,- մեզ տասնհինգ րոպե է մնացել։
Ակսելն առաջ ընկավ, հարբած վարորդին հրեց ու վայր գցեց, մի կերպ հրեց իր վարձած «լվացքի մեքենա»-ի մեջ, նստեց բավական նոր, հանած քիչ առաջ տափակած քիթը, մեքենան։
-Արագացրե՛ք,- գոչեց նա։
Էմման ու Նատալին տեղավորվեցին։
-Ժամանակ չկա, արագ փոխվի,- ասաց Նատալին։
-Ակսե՛լ, աչքերդ փակի։
-Գժվե՞լ ես, ղեկին եմ։
-Ակսելին ոչինչ չի հետաքրքրի, վստահ եմ,- ասաց Նատալին։
Էմման հանեց տոպրակի պարունակությունն ու հագավ։
-Իջե՛ք,- բղավեց Ակսելը, չնայած Էմման չլսեց։
Նատալին ու Էմման դուրս ընկան մեքենայից։ Միանգամից ներս անցան։ Կանգնածները տեսնելով Էմմային՝ պարզապես ներս թողեցին։
-Մյուս անգամ արի ուղղակի տաքսիով էլի գնանք,- ասաց Էմման։
-Էս անգամ էլ պիտի տենց լիներ, բայց փողերս վերջացել էին,- պատասխանեց Նատալին։
-Ինչի՞ վրա։
-Տոմսեր էի առել առաջին կարգում թռիչք ապահովելու համար։
-Ո՞նց, էդ ձրի չէր։
-Իհարկե չէ։ Հանկարծ երեխեքին չասես։ Հաղթելուց հետո կտաս էդ գումարը,- ժպտաց ու կանգ առավ Նատալին։
-Էմմա Դյուբուա՞,- մի պատանի հայտնվեց Էմմայի առջև, ով ժեստերով էր խոսում,- ուրախ ենք, որ էստեղ եք, եկեք իմ հետևից։
Էմման տեղավորվեց առաջին շարքում։
Բեմի վրա հայտնվեց Էնդրյուն ու նստեց դաշնամուրի առջև։ Աչքի տակով անցկացրեց դահլիճը, բայց Էմմային չնկատեց։ Սկսեց նվագել։
8
Էմման բարձրացավ ետնաբեմ։ Էնդրյուն նստած էր այնտեղ ու քառորդ չափով բաց վարագույրներից նայում էր բեմին։ Այստեղից կարող էր երևալ միայն երաժիշտը։
Էմմային տեսնելուն պես Էնդրյուն վեր թռավ, աչքերը դեռ թաց էին։ Էսպես, դեռ երբեք չէր նվագել։
-Էմմա՛, կներես, ես….
Էմման քաշեց Էնդրյուի օձիքից ու համբուրեց նրան։
Լուին վազելով ներս անցավ.
-Էնդ… վերջն էր, էս տարի էլ ա հաղթանակը մերը լինե…,- Էմման հետ քաշվեց Էնդրյուից ու վերջինս զայրացած նայեց Լուիին։
-Ես չեմ հասկանում, ինչի՞ եմ ձեր ամենաինտիմ պահերը հարամ անում, ներող եղեք,- հատակը զննելով հայտարարեց Լուին, հետո հիշեց, որ Էմման չի լսում ու երեսը բարձրացրեց, բայց աղջիկն արդեն բեմին էր։
9
Էմման նստեց ստեղների առջև։ Խորը շունչ քաշեց։ Հոտառությանը հասավ մոր օծանելիքի բույրը։ Նա այստեղ էր։ Այն համերգին, որին ողջ կյանքն էր փորձում ներկա լինել։
Աղջիկը ձեռքը դրեց հրեշի բերանն ու տիրացավ նրան։