Երեք ու կես հարց Վարդուհի Եղիազարյանի հետ2

Երեք ու կես հարց Վարդուհի Եղիազարյանի հետ2

Մասնագիտական ուղին դեռ դպրոցից սկսած ծրագրավորող Վարդուհի Եղիազարյանն այժմ իր ասպիրանտական աստիճանն է ստանում Օքսֆորդի համալսարանում: Ոգեշնչվելով նաև բժշկությունից, նա հաջողությամբ համադրում է այդ երկու ոլորտները, բայց այս ամենի մասին` հերթով.

IMG 1235 1 - Երեք ու կես հարց Վարդուհի Եղիազարյանի հետ2

Ինչպե՞ս հայտնվեցիր ծրագրավորման ոլորտում:


Այս հարցում ինձ միշտ հաջողակ եմ համարել, որովհետև փոքր ժամանակից պատկերացրել եմ, թե ինչով եմ զբաղվելու։ Հայրիկս ծրագրավորող ու դասախոս է, բացի այդ, միշտ շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր շատ ոգևորված էին ծրագրավորման մասին խոսում ու քննարկում: Դպրոցում օլիմպիական խմբակ էի գնում, ամբիոնի վարիչն էլ տիկին Սուսաննան էր, ով հիմա Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար է: Այս ամբողջը չէր կարող ինձ չվարակել: Մի խոսքով` օլիմպիական շարժման մեջ նկատեցի, որ ընկերներս ակտիվ զբաղվում էին կրթությունը արտասահմանում շարունակելու ուղղությամբ: Ու գիտակցեցի, որ դա իրական բան է ու երազանքների աշխարհից չէ: Շատ արագ կողմնորոշվեցի ու դիմեցի Օքսֆորդ` համալսարան, որի մասին ամենուր լսում էի: Օքսֆորդը, բացի կրթությունից, հաջողակ կյանքի համար անհրաժեշտ հմտություններ է սովորեցնում` ինքնավստահություն ու ինքնուրույնություն, նոր մարդկանց հետ հարաբերությունների հաստատում և այլն: Իրոք շատ բան սովորեցի վերջին 5 տարիներին:

IMG 1205 1 - Երեք ու կես հարց Վարդուհի Եղիազարյանի հետ2

Ծրագրավորման մասնավորապես ո՞ր ուղղությունն է քեզ ամենաշատը գրավում:


Ես աշխատել եմ բժշկական նկարների սեգմենտացիայի` մշակման վրա: Դրանք ներկայումս բարձր որակի են ու, եռաչափ լինելու պատճառով, աշխատանքի համար բարդ են ու գնալով էլ ավելի են բարդանում, իսկ պրոցեսները` դանդաղում: Այս խնդրի լուծման աշխատանքի համար խորացա զուգահեռ ծրագրավորման մեջ: Սա համեմատաբար նոր ոլորտ է, մոտ 10 տարվա պատմություն ունի ու մեծ ուշադրություն է գրավում վերջին 5 տարիներին: Սա ընդհանրապես արագ է զարգանում, որովհետև փոխվում է դրա hardware-ը: Ու «ծրագրավորում» հասկացությունն էլ է ընդլայնվում ու տարեցտարի ավելի շատ մարդկանց ու մասնագիտություններ ներգրավում` ընդհուպ բժշկությունը:

IMG 1213 1 - Երեք ու կես հարց Վարդուհի Եղիազարյանի հետ2

Կա կարծրատիպ, որ աղջիկները ծրագրավորման մեջ մեծ թիվ չեն կազմում: Ըստ քեզ` ի՞նչն է պատճառը:


Կարծում եմ` մեծ է մշակութային ազդեցությունը: Ընդ որում, իմ վիճակագրությամբ` Հայաստանում խնդիրը սուր չէ: Օրինակ՝ մեր աշխատարանին աղջիկները մոտ 40 տոկոս են կազմում: Հնարավորությունների համեմատությունն էլ, ըստ իս, անտեղի է, ու ծրագրավորման մեջ տղաներին աղջիկներից հմուտ համարելու դատողությունը հիմնված է միայն կարծրատիպերի վրա: Հաջողությունը միանշանակ սեռով չէ պայմանավորված, այլ աշխատանքով ու ջանքով, որ կներդնես գործիդ մեջ: 

IMG 1219 1 - Երեք ու կես հարց Վարդուհի Եղիազարյանի հետ2

ՄԻ ՓԱՍՏ

Ես անիմացիաների մեծ սիրահար եմ: Ամենաներ չեմ սիրում ունենալ, բայց երևի «WALL⋅E» -ն կառանձնացնեմ, իսկ ռուսական մուլտերից` «Բրեմենյան երաժիշտները»: Վերջերս աշխատելիս` էդ մուլտի երգերն էի լսում: Հա՜, ու շրջապատին կարող եմ հունից հանել իմ դանդա՜ղ ու մանրակրկիտ աշխատելով:

Like
Like Love Haha Wow Sad Angry