Լեգենդը Նռանէի

Սիրանուշ Վարդանյան

 

Արևաշող մի վայրում, որտեղ նրբակերտ ծաղիկների բույրն արբեցնում է, իսկ բնության գեղեցկությունը՝ կուրացնում, հպարտ կանգնած է փառահեղ հսկան՝ իր մեջ ամուր պահելով գաղտնիքը…

Արևաշող վայրին զուգահեռ՝ Նաիրյան թագավորության զմրուխտափայլ դաշտերի ալիքների մեջ երևում են ծածանվող կարմիր վարսեր, որոնք կարծես կնիքում են Նարէի յուրօրինակությունը, միաժամանակ պատճառներից մեկը հանդիսանալով «տարօրինակ» պիտակավորման:

Թավշյա խոտերը շոյելով վազում է Նարէն՝ արձակ դաշտի երկայնքով, քամին ծածանում է նրա վարսերը՝ ծաղիկներին նոր երանգ փոխանցելով,  նրբաբույրերի գրկում թաքնված թիթեռները հետագծի նման բարձրանում են վեր՝ ստեղծելով հեքիաթային պատկեր:

Փոքրիկ Նարէն հաճախ էր գալիս այս դաշտ՝ հեռու քաղաքի եռուզեռից, մարդկանցից, տարօրինակ հայացքներից և ավելի մոտ բնությանը, ծաղիկներին, թիթեռներին… իրեն: Այստեղ նա իրեն ազատ և անկաշկանդ էր զգում: Նարէն իհարկե չէր մոռանում վերցնել իր կյանքի անբաժանելի մաս կազմող ներկերն ու թղթերը, որպեսզի ամեն անգամ յուրատեսակ ձևով անմահացներ այդ նույն վայրը, և, որ ամենակարևորն էր Նարէի համար՝ երկինքը, ամպերը: Նա չէր դադարում նայել երկնքին, չէ՞ որ այն խաղաղ է, պարզ՝ ճիշտ իր էության պես…

Նարէն նկարում էր այն, ինչ տեսնում էր, իսկ նա ամեն ինչ այլ կերպ էր տեսնում, նույնիսկ ամենահասարակ ծաղկին պատկերում էր յուրովի, որովհետև նայում էր իր աչքերով: Գուցե դա կախված էր հենց իր աչքերի՞ց՝ արևոտ, արևափայլ, արևագույն աչքերից: Գուցե…

Նա սիրում էր բնությունը, սիրում էր ինչպես մայրիկի երգած մեղրաձայն օրորը կամ պատմած հեքիաթը, որոնք իրեն հանգիստ էին պարգևում և տանում երազանքների աշխարհ:

Զմայլված նկարում էր Նարէն և երբ թղթին էր հանձնում ամպերի փնջի վերջին վրձնահարվածը, մի դեղնափայլ թիթեռ նստեց նրա ձեռքին՝ դանդաղ բացել-փակելով իր գեղանախշ թևերը: Նարէն ժպտաց, բայց և անհանգիստ ձայնով ասաց.

  • Թիթե՜ռ, ինչու՞ մարդիկ ինձ չեն հասկանում, մի՞թե ես տարօրինակ եմ, ասա՛:

Թիթեռը մի քանի վայրկյան Նարէին լուռ ընկերակցելուց հետո շարունակեց իր թեթևաթռիչքը՝ իր հետ տանելով Նարէի հայացքը մինչև տեսադաշտից անհետանալը:

Արդեն ուշ էր, արևը մայր էր մտնում, տուն վերադառնալու ժամանակն էր: Դաշտից տուն տանող ճանապարհը փոքր անտառի միջով էր: Նարէն ներկերն ու նկարը գրկած անցնում էր անտառով ու հանկարծ մի ձայն լսեց: Նա մի քիչ վախվորած նայեց շուրջբոլորն ու տեսավ մի արտասովոր գազան, որն իրեն էր նայում կրակոտ աչքերով: Նա երկար ճիրաններով դանդաղ մոտենում էր աղջկան՝ շողացնելով սուր, երկար ատամները: Նարէն վախից քարացավ, խոշոր աչքերն ավելի խոշորացան, սիրտը սկսեց արագ բաբախել: Նա ակամա ճչաց, ու մի պահ գետնին գամված ոտքերն ընթացան… Վազում էր արագ՝ չհամարձակվելով ետ նայել: Բարեկամ դարձած ճանապարհը օտարացավ ոտքերի տակ. Նարէն սայթաքեց ու ընկավ՝ գլուխն ուժգին հարվածելով: Այդ պահին ականջներում հնչող անտանելի սուր ձայնը ճնշեց աղջնակին, նա թուլացավ: Մարմնով անցնող սարսուռը հուշեց՝ վտանգը մոտ է: Նարէն դժվարությամբ մի փոքր բարձրացրեց գլուխն ու տեսավ՝ շատ մոտ էր: Աչքերն ակամա փակվեցին՝ նշմարելով ինչ-որ մանուշակագույն պայծառ լույս… Քիչ անց ուշքի եկավ, բացեց աչքերն ու սարսափած նայեց շուրջբոլորը, տեսավ միայն ցաքուցրիվ թափված ներկերն ու թղթերը: «Ի՞նչ էր դա, ի՞նչ կատարվեց, այս ամենը թվա՞ց ինձ, բայց ինչպե՞ս, ախր ես տեսա…»: Նարէն զգույշ բարձրացավ: Նա շփոթված էր: Վախվորած հավաքեց իրերը և արագ ընթացավ տուն: Երբ մի քանի քայլ էր մնում քաղաք հասնելուն՝ հևիհև շրջվեց, բայց ոչ մի արտասովոր բան. ետևում խաղաղ անտառն էր:

Մայրիկն արդեն պատրաստել էր Նարէի սիրելի նռով թխվածքաբլիթը: Լսվեց դռան ճռռոցը:

  • Նարէ՞, ինչու՞ այսքան ուշացար, ախր անհանգստանում ենք, չէ՞,- եռացող թեյնիկը կրակի վրայից վերցնելով՝ ասաց մայրիկը:
  •  Ը՜, ճանապարհին…
  • Հը՜, այդ ի՞նչ է, ոտքդ վնասե՞լ ես, ի՞նչ է պատահել,- անհանգստացած ընդհատեց մայրիկը:
  • Ոչինչ, մայրի՛կ, ճանապարհին… Շտապում էի, ճանապարհին ընկա, մի փոքր քերծվել է, կանցնի:

Նարէն ցանկանում էր պատմել կատարվածի մասին, բայց վախեցավ, որ մայրիկը կարող է չհավատալ:  

  • Ուշադի՛ր եղիր, աղջի՛կս, շու՛տ վերադարձիր, որպեսզի չշտապես,- աղջնակի ճակատը համբուրելով՝ ասաց մայրիկը:
  • Կներես, մայրի՛կ, նկարս դեռ չէի վերջացրել:
  • Էլի զմայլվում էիր մայրամուտով և մոռացե՞լ էիր տուն վերադառնալու մասին,- ժպտալով գլուխն օրորեց մայրիկը:
  •  Ը՜, այո՛,- հայացքը թեքելով՝ ասաց Նարէն:
  • ԵՒ ինչպես միշտ ներկոտել ես ձեռքերդ ու երեսդ,- ժպտաց մայրիկը,- գնա լվացվի՛ր, ընթրիքը պատրաստ է: Չմոռանաս հայրիկին էլ կանչել, դեռ աշխատում է բակում:
  •  Լավ, մայրի՛կ:

Մի քանի քայլ անելուց հետո շրջվեց. ծանոթ բույր զգաց.

  • Նռով թխվածքաբլի՞թ:

Ստանալով մայրիկի ջերմ ժպիտը՝ ասաց․

-Ա՜խ, մայրի՛կ, դու գիտես՝ ինչպես ինձ ուրախացնել:

Լուսինը շողում էր՝ իր փայլով կիսվելով աստղերի հետ: Նարէն պատուհանից նայում էր այդ փայլին և հիշում այն լույսը: Ողջ գիշեր Նարէն մտատանջվում էր. «Այդ ի՞նչ արարած էր, ի՞նչ կատարվեց ինձ հետ, դա իրակա՞ն էր, եթե այո, ապա ինչպե՞ս ես ողջ մնացի, ու՞ր անհայտացավ այդ կենդանին, այդ ի՞նչ լույս շողաց, հաջորդ անգամ միայնակ չեմ գնալու դաշտ…»:

Անցավ մի քանի օր, աղջիկը, տարված գրքերով, դասերով, գրեթե մոռացել էր կատարվածի մասին: Առավոտ էր, արևը ծիկրակում էր սպիտակաթույր ամպերի միջից: Նարէն դպրոց էր գնում իր ամենամոտ ընկերոջ՝ Անանէի հետ: Նրանք ճանապարհին ջերմ զրուցում էին, ծիծաղում,  քննարկում էին նոր կարդացած գիրքը, երկուսն էլ հավանել էին և որոշում էին, թե որն է լինելու հաջորդը: Քիչ անց հասնում են իրենց բացօդյա դպրոցը:  

 Լսվեց համադասարանցիների հերթական փսփսոցը.

  • Եկավ կրակե աղջիկը,- քմծիծաղով ասաց մեկը:
  • Հիմա այնքան հարց կտա ուսուցչին, որ չի թողնի մի բառ ասենք,- դժգոհեց մյուսը:
  • Այդ դեղնած աչքերով մի՛ նայիր ինձ, սարսափում եմ: Գուցե արև՞ն ես գողացել,- ծիծաղեց մեկ այլ աշակերտ:
  • Մի՛ ծաղրեք նրան,- մեջ ընկավ մի ինքնահավան,- թե չէ նա կգնա և ամեն ինչ կպատմի իր ծաղիկներին: Այսօր ջրե՞լ ես պարտեզիկդ, իսկ գիշերը հեքիաթ պատմե՞լ ես նրանց:

  Բոլորը ծիծաղեցին: Նարէն սկսում էր հուզվել: Առաջ եկավ Անանէն.

  • Բավակա՛ն է ձեր ցածրակարգ մտքերն արտահայտեք: Այս ամենը խոսում է ձեր նախանձի մասին: Դուք նախանձում եք նրան, որովհետև նա յուրահատուկ է և ոչ մեկի նման չէ: Նա այնքան բարի է և դաստիարակված, որ իրեն թույլ չի տա ձեզ արժանի կերպով պատասխան տալ:

 Ուսուցիչը մոտեցավ երեխաներին՝ զանգը ձեռքին: Երեխաները լռեցին և զբաղեցրին իրենց հարմար տեղը խոտերի վրա: Դասը սկսվեց: Նարէն ոչ մի բառ չասաց ողջ դասի ընթացքում, ինչը բնորոշ չէր նրան, միայն ցույց տվեց ուսուցչին պարտաճանաչ կատարված տնային աշխատանքը, որն ինչպես միշտ ավելին էր, քան հանձնարարված էր:

Տուն գնալիս Նարէն շնորհակալություն հայտնեց Անանէին իրեն պաշտպանելու համար:

  • Շնորհակալության կարիք չկա, ընկերները միշտ պետք է օգնեն ու պաշտպանեն միմյանց,- ջերմ ժպտալով՝ ասաց Անանէն: – Ուշադրություն մի դարձրու այն մարդկանց խոսքերին, ովքեր կարծում են, թե իրենք «ամենաներն» են: Այդպիսի մարդիկ շատ հեռու են գեղեցիկն ու ճիշտը հասկանալուց և գնահատելուց: Նրանք ուղղակի ինքնահավան հիմարներ  են,- ծիծաղեց նա:
  • Գիտե՞ս, ես հպարտ եմ և շա՜տ երջանիկ, որ քեզ պես ընկեր ունեմ,- ամաչեց Նարէն:

Երկինքը մռայլ էր, երևում է՝ տխուր էր, ուր որ է արցունքներ կթափեր: Արևը հազիվ նշմարվում էր թուխ ամպերի միջից: Նարէն իր սենյակում փորձում էր նկարել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Թղթերը մեկը մյուսի ետևից վայրէջք էին կատարում՝ իրենց տեղը զիջելով նորին: Նա հուսահատվել էր, երևի թե եղանակն էր շղթայում ձեռքերի ազատ շարժումը: Բավականին ներկ էր գործածվել այդ նկարը վերանկարելու համար: Դեղինն արդեն վերջացել էր, մյուսներն էլ՝ շուտով: Նարէի համար այնքան թանկ էր իր ներկերի յուրաքանչյուր կաթիլը, չէ՞ որ դրանք իր հայրիկի ստեղծագործ մտքի արդյունքն են: Հայրիկը՝ Թադէն, բույսերի գիտակ էր, նա աճեցնում էր տարատեսակ, արտասովոր, հազվագյուտ բույսեր, որոնցից էլ ներկ էր ստանում սիրելի դստեր համար: Նարէի համար տոն էր այն օրը, երբ հայրիկը նոր ու շատ գեղեցիկ երանգ էր ստանում: Հայրն ամեն անգամ ասում էր.

– Յուրօրինակ երանգ՝ յուրօրինակ աղջնակի համար:

 Նարէն չէր կարող ծնողներից նոր ներկեր խնդրել, գիտեր, որ դա շատ երկար և դժվար աշխատանք է, որը բավականաչափ միջոցներ է պահանջում, իսկ Թամուր արքան բարձրացրել էր հարկերը… Նա, մի փոքր սրտնեղած, կտրուկ թափահարեց վրձինը, ներկն ակնթարթորեն դիպչելով ճերմակ թղթին՝ մի հեքիաթային գեղեցկությամբ պատկեր ստեղծեց: Հենց այդ պահին ներս մտավ մայրիկն ու տեսավ հրաշքը: Երկուսն էլ ապշած նայում էին նկարին, այն փայլում էր, ինչպես աստղազարդ երկինքը: Աղջիկն ակամա պատկերել էր մի վայր, որը երբեք չէր տեսել, կարծես հեքիաթից լիներ… Իսկ մայրիկը ծանոթ ինչ-որ բան էր նկատում, զգում:

  • Մայրի՛կ, այդ ինչպե՞ս եղավ, ես… ես ուղղակի թափահարեցի…,- ապշած ու շփոթված ասաց Նարէն:
  • Կարծես թե եկել է ժամանակը…,- մրմնջաց մայրը մի քանի վայրկյան նկարին լուռ նայելուց հետո:
  • Ի՞նչ ասացիր, մայրի՛կ, ինչի՞ ժամանակը:

Մայրը փակեց կիսաբաց դուռը, նստեց աղջկա կողքին և ասաց.

  • Այն, ինչ հիմա քեզ կասեմ, աղջի՛կս, շատ կարևոր է և գաղտնի:

Աղջիկը լուռ և անհանգիստ նայում էր մայրիկին:

  • Քեզ իզուր չէ, որ տարօրինակ են համարում, դու նման չես մյուսներին ոչ միայն արտաքինով և բնավորությամբ, այլև՝ էությամբ…

Նարէն ոչինչ չէր հասկանում:

  • Ես ու հայրդ ծնվել, մեծացել և ապրել ենք Արարատյան թագավորությունում: Այդ թագավորությունը նման չէ Նաիրյան թագավորությանը, դա հրաշագործների երկիր է: Այնտեղ կյանքը հիասքանչ էր, բոլորս ուրախ և անհոգ ապրում էինք մինչև այն սարսափելի առավոտի գալը: Երկինքը խոժոռվել էր, բոլորն իրարանցման մեջ էին, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Արքայի հրամանով ժողովուրդը հավաքվեց թագավորական ապարանքի դիմաց՝ լսելու չարաբաստիկ հրամանը.
  • Այսօրվանից ի վեր՝ ոչ ոք իրավունք չունի օգտագործել կախարդանք, եթե որևէ մեկը խախտի թագավորի հրամանը, կաքսորվի՛,- իր խոսքերով բոլորին նետահարեց թագավորը:

Ամբոխը խելագարվեց, լսվում էին բողոքի ու զարմանքի աղաղակներ.

  • Դա հնարավոր չի՜…
  • Ինչպե՞ս կարելի է ապրել առանց կախարդանքի, մենք հրաշագործներ ենք, մեր և թագավորության կյանքը կախված է կախարդանքից…
  • Ի՞նչ է պատահել, սա ի՞նչ անհեթեթ հրաման է…
  • Դա զրպարտությու՜ն է…
  • Մենք էլ կարծում էինք ամենաարդարամիտ և իմաստուն թագավորն ունենք…

Թագավորը բարկացավ.

  • Լռե՛ք, այս ամենը ձեր և թագավորության բարօրության համար է: Կապրեք այնպես, ինչպես հարևան թագավորության սովորական մարդիկ և ո՛չ մի բողոք ու ըմբոստություն այլևս:

Նարէն լարված լսում էր մորը՝ ոչ մի բառ բաց չթողնելով:

  • Այդ օրվանից սկսվեցին մեր սև օրերը, աղջի՛կս: Հրաշագործի համար կախարդանք չօգտագործելը հավասար է ձեռքերը կտրելուն: Մարդիկ շատ դժվարությամբ համակերպվեցին այդ մտքի հետ: Կյանքը փոխվեց: Նույնիսկ բերքը զգալի նվազեց, որովհետև մենք չգիտեինք՝ ինչպես առանց կախարդանքի աճեցնել որևէ բույս:

Ոչ ոք չհասկացավ` ինչի համար էր այդ անսպասելի ու անբացատրելի շրջադարձը: Ինչպե՞ս կարող է դա նպաստել մեր բարօրությանը: Անհեթեթություն: Բոլորը հասկացան, որ այդ ամենը թագավորն արեց իր փառասիրությունից ելնելով: Լուրեր տարածվեցին, որ արքան կորցրել է իր ուժը, թե ինչպես, կրկին ոչ ոք չգիտեր: Եվ ինչպե՞ս կարող էր որևէ մեկը լինել թագավորից առավել, չէ՞ որ նա՜ է գերագույնն ու տերն ամեն ինչի,- վրդովված հեգնեց մայրը:

  • Արդյո՞ք մարդն ընդունակ է կործանել մյուսների կյանքը, հանուն ինքնասփոփանքի, միակը լինելու: Մայրի՛կ, բայց չէ՞ որ դա վատ է, մարդը կարո՞ղ է այդքան չար լինել:
  • Ա՜խ, աղջի՛կս, որքան պարզ ու միամիտն ես: Այս կյանքում բոլորը քեզ պես բարի և անմեղ չեն:  Սա քո երազանքների մոլորակը չէ, ի՛մ հեքիաթ-աղջիկ, դու դեռ փոքր ես և չգիտես՝ ինչերի է ընդունակ մարդը և ես չեմ ցանկանա, որ դու երբևէ հանդիպես այդպիսի մարդկանց:

  Նարէն մտահոգ նայեց մայրիկին:

  • Բա ինչու՞ ենք մենք հիմա այստեղ ապրում, մայրի՛կ:
  • Այ դա ամենացավալի հարցն է, աղջի՛կս: Ձմեռ էր, դու պետք է ծնվեիր, իսկ ես ծանր հիվանդացել էի և մեր կյանքին վտանգ էր սպառնում: Ես օր ու գիշեր քո մասին էի մտածում, բայց ոչ մի դեղաթուրմ ինձ չէր օգնում: Գիտես, որ հայրիկդ բույսերի գիտակ է: Նա տարիներ շարունակ մի բույս էր աճեցնում, որն օժտված էր շատ հզոր կախարդանքով՝ կարող էր բուժել ցանկացած հիվանդություն: Այն ստեղծելու համար հայրդ շատ դժվար ու երկարատև  աշխատանք էր կատարել: Բայց, ցավոք, հայտնագործությունն անավարտ էր, վերջին՝ ամենակարևոր կախարդանքն էր մնացել, որպեսզի բույսի ուժը լիարժեք գործեր: Անելանելի վիճակում հայտնվելով՝ հայրդ որոշեց դեմ գնալ թագավորի հրամանին հանուն մեզ: Ես չէի համաձայնում, քանի որ շատ վտանգավոր էր գաղտնի կախարդանք օգտագործելը, թագավորական զինվորներն ամենուր օր ու գիշեր հսկում էին: Բայց հայրդ որոշել էր, դա մեր վերջին հույսն էր: Նա ծածկեց բոլոր պատուհաններն ու դռները, որպեսզի ոչ մի բան չնկատվի և սկսեց կախարդել: Ես անհանգիստ հետևում էի պատուհաններին և դռանը, սիրտս այնքան արագ էր բաբախում, ինչ-որ բան ինձ հուշում էր, որ այս ամենը վատ է վերջանալու: Հրաշագործ-բույսն ուժգին լուսարձակեց և ծաղկեց: Մեր աչքերն ակամայից փայլեցին… Հայրիկդ սկսեց արագ պատրաստել դեղաթուրմը: Հանկարծ լսվեց դռան ուժգին թակոցը, զինվորներն էին: Ես սարսափեցի: Թադէն միայն հասցրեց ինձ փոխանցել դեղաթուրմը: Զինվորներն ուր որ է կկոտրեին դուռը, հայրդ շտապեց բացել այն: Փաստորեն նրանք նկատել էին պատուհանից լուսարձակող լույսը, իսկ երբ տեսան  բույսը, ամեն ինչ պարզ էր… Մեզ որոշեցին աքսորել մի հեռավոր վայր, որի մասին մտածելն անգամ սարսափելի է: Բարեբախտաբար ես ու հայրդ կարողացանք փախչել և եկանք այստեղ՝ Նաիրյան թագավորություն, որտեղ մեզ ընդունեց և օգնեց Թամուր արքան, եթե նա չլիներ, մենք անտուն կմնայինք:

Բայց ամեն ինչ անցյալում է: Կենարար բույսը փրկեց ինձ ու քեզ՝ ամենանվիրված հայրիկիդ շնորհիվ, ինչն ամենակարևորն է,- աղջնակի գլուխը շոյելով՝ ավարտեց մայրը:

 Ներս մտավ Նարէի հայրը.

  • Այդ ինչի՞ մասին եք այդպես խորասուզված զրուցում:

Նարէն ու մայրը ժպտացին միմյանց:

  • Առաջ արի, սիրելի՛ս, նստիր:
  • Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք այդ խորաթափանց հայացքներով ինձ նայում,- զարմացավ հայրը:
  • Թադէ՛, ես ամեն ինչ պատմեցի նրան մեր անցյալի մասին,- զգուշությամբ ասաց մայրը:
  • Ի՞նչ, ինչպե՞ս, չէ՞ որ մենք ամեն ինչ քննարկել և որոշել էինք, Ակնէ՛,- վրդովվեց հայրը:
  • Գիտեմ, սիրելի՛ս, կներես, բայց մենք չէինք կարող այն երկար գաղտնի պահել, ժամանակը հուշեց…

  Հայրը նայեց Նարէին՝ կարծես հայացքով հարցնելով. «Եվ ի՞նչ կասես…»:

  • Ստացվում է, որ ես հրաշագո՞րծ եմ,- զարմանք-հիացմունքով ասաց Նարէն:

 Ծնողները ծիծաղեցին և ջերմ գրկեցին միմյանց:

Նարէի էության բացահայտումից հետո անցել էր մի քանի օր: Նա ամեն օր փակվում էր սենյակում և փորձում օգտագործել իր ուժը, բայց ոչինչ չէր ստացվում: Ծնողների հորդորով աղջիկը ոչ ոքի ոչինչ չէր պատմում, դա կարող էր վտանգավոր լինել:

Բայց Նարէի էության գաղտնիքն անավարտ էր…

Այսքան ժամանակ մարդիկ ապրում էին խաղաղ, քանի դեռ…

Նուռը ճաքեց…

Նարէն նկատում էր, որ մարդիկ օրեցօր փոխվում էն: Ծնողները, որ այդքան տարի հաշտ էին ապրել, ամեն օր վիճում էին, նույնիսկ չնչին պատճառներով: Անանէն սկսել էր ընկերություն անել «ինքնահավան հիմարների» հետ: Ուսուցիչն այլևս չէր գնահատում Նարէի աշխատանքը և բղավում էր, երբ Նարէն կամ մեկ այլ աշակերտ հարց էր տալիս: Մարդիկ դժգոհում էին ամեն ինչից, ըմբոստանում թագավորի դեմ, թողնելով իրենց աշխատանքը՝ սկսում էին գողանալ մեկը մյուսից: Ճանապարհով քայլելիս Նարէն նկատում էր մարդկանց օրեցօր չարացող հայացքները: Նրանք դառնում էին անճանաչելի: Քաոս էր: Եվ այդպես, աստիճանաբար մարդիկ կարծես կորցնում էին ՄԱՐԴՈՒՆ բնորոշ հատկանիշները՝ անկեղծությունը, հավատարմությունը, կարեկցանքը, բարությունը, խիղճը… Միայն Նարէն էր նկատում այս ամենը, նա զգում էր, որ ինչ-որ վատ բան է կատարվում:

   Առավոտ էր, չնայած որ շողում էր արևը, Նարէի համար օրը պայծառ չէր: Նա այլևս չէր նկատում բնության գեղեցկությունը, չէր գնում իր սիրելի կանաչազարդ դաշտն ու նկարում, չէր խաղում թիթեռների հետ, չէր խնամում իր պարտեզի ծաղիկները, գիշերները չէր զմայլվում աստղերով ու երազում, չէր նայում երկնքին ու ամպերին: Նա ամեն օր տխուր ու գլխիկոր մտածում էր, նա անհանգիստ էր… «Ես չեմ ճանաչում իմ ծնողներին, Անանէին, մարդկանց…Ես կարծես միայնակ լինեմ»:

   Դպրոցում երեխաները կրկին սկսեցին ծաղրել Նարէին.

  • Ի՞նչ է պատահել մեր «յուրահատուկ» աղջնակին, չլինի՞ թե կորցրել ես խոսելու ունակությունը,- ծիծաղեց մի սևահեր աղջիկ:
  • Երևի թիթեռներն այլևս ընկերություն չեն անում նրա հետ,- Նարէի մեջքի ետևից լսվեց շատ ծանոթ ու հարազատ ձայն:

Անանէն էր…

Նարէն շուռ եկավ և տեսնելով նրան՝ քարացավ:

  • Ի՞նչ ես ապշած հայացքով վրաս նայում,- ասաց տղան:
  • Անանէ՛, այդ դու՞ ես,- չհավատալով վայրկյան առաջ լսածին՝ ասաց Նարէն:
  • Ի՞նչ է, աչքերդ կուրացե՞լ են իրենց պայծառ լույսից, չե՞ս տեսնում, որ ես եմ,- ավելի խորը վիրավորեց տղան:

Նարէն այլևս ոչինչ չասաց, լուռ նստեց մի անկյունում և սկսեց լաց լինել:

Դպրոցից տուն գնալիս Նարէն մոտեցավ ընկերոջն ու հարցրեց.

  • Ի՞նչու ես ինձ ծաղրում մյուսների պես, ինչու՞ ինձ հետ այլևս ընկերություն չես անում, ես քեզ նեղացրե՞լ եմ:
  • Ո՛չ, բայց ես այլևս չեմ ուզում քո ընկերը լինել, քո պատճառով ինձ էլ են միշտ ծաղրել ու վիրավորել: Նրանք չեն սխալվում, դու իսկապես տարօրինակ ես:
  •  Բայց…  բայց մենք լավագույն ընկերներ ենք, ընկերները չեն կարող դավաճանել,- լացակումաց ասաց Նարէն:
  • Ուրեմն ընկերներ չէինք,- հստակ ու կոպիտ ասաց Անանէն և հեռացավ:

 Նարէն տուն մտավ և արցունքն աչքերին՝ փարվեց մայրիկին:

  • Ի՞նչ է պատահել, աղջի՛կս, ինչու՞ ես լալիս:
  • Ես կորցրեցի իմ լավագույն ընկերոջը, մայրի՛կ,- հեծկլտալով ասաց Նարէն:
  • Դուք վիճե՞լ եք, երևի դու ես մեղավորը, չէ՞: Այդքան ասում էի քեզ՝ իջիր երկնքից և քեզ պահիր այնպես, ինչպես բոլորը:
  • Մայրի՛կ, բայց դու ինձ երբեք նման բան չես ասել,- զարմացած նայեց մորը,- ես ոչինչ չեմ արել, նա ուղղակի փոխվել է, ինչպես և դուք՝ բոլորդ,- ավելի ուժգին սկսեց լացել Նարէն:
  • Ինչե՞ր ես խոսում, աղջի՛կ,- զայրացավ մայրը:
  • Այո՛, մայրի՛կ, ձեզ հետ ինչ-որ բան է կատարվում, դուք կարծես չարանում եք,- անհանգստացած ասաց Նարէն:
  • Հիմա՛ր աղջիկ, դու արդեն հանդգնում ես մորդ չա՞ր անվանել,- բղավեց մայրը՝ ձեռքը բարձրացնելով:

Նարէն այդ վայրկյանին ապշահար դուրս վազեց տանից՝ փախչելով հարվածից:

  • Ու՞ր ես փախչում, տու՛ն արի, Նարէ՛, և սովորիր քեզ կարգին պահել, որպեսզի ընկերներդ չփախչեն քեզանից,- դռան դիմացից բղավում էր մայրիկը:

Նարէն գլխակորույս փախչում էր, քամին ցաքուցրիվ էր անում անմեղ արցունքները, դեղին թեթև զգեստը ալեծածան էր լինում՝ քամու հարվածի հետ արձակելով Նարէի հոգեվիճակին համահունչ փոթորկվող ձայներ… Տասը տարիների ընթացքում մայրը ոչ մի անգամ չէր բղավել մաքրամաքուր աղջնակի վրա, այն էլ՝ սփոփելու փոխարեն: Նարէն վախենում էր, վախենում էր կորցնել իր հարազատ մարդկանց իրական կերպարները, վախենում էր, որ չի կարող օգնել նրանց «վերադառնալ», քանի որ չգիտեր լուծումը, վախենում էր, որ կյանքի ջերմությունը կսառչի…

Հասնելով հոգեհարազատ վայրը՝ աղջիկը ձուլվեց ծաղիկներին: Նա փորձում էր մի ելք գտնել, փորձում էր հասկանալ՝ արդյոք մարդիկ այդպիսին են, բայց ինչ-որ բան նրան հուշում էր, որ իրենք մեղավոր չեն…

Երեկո էր, արևն իր տեղը զիջել էր լուսնին, կարմրահերը դեռ դաշտում էր: Հանկարծ նա առկայծող փայլեր նկատեց մենավոր ծառի ետևում: Դանդաղ մոտեցավ: Դրանք թիթեռնիկներ էին՝ արծաթափայլ թիթեռներ, որոնք պտտվում էին ճյուղերի շուրջ՝ փայլափունջ թողնելով: Ավելի մոտեցավ: Դրանք ճյուղեր չէին… Առաջ եկավ մի գեղակերտ եղջերու՝ մանուշակագույն լույս արձակող ճյուղավորված եղջյուրներով, երկնագույն շողացող աչքերով, կաթնագույն սլացիկ մարմնով՝ պատված թույլ օխրա պուտերով, և որ ամենազարմանալին էր՝ երկար, մանուշակագույն, փայլող թևերով, նրա ճակատին պատկերված էր շողացող նախշազարդ նուռ: Այդ զարմանահրաշ էակը կարծես հեքիաթային աշխարհից լիներ, գեղեցկությունն աննկարագրելի էր: Նարէի երկար թարթիչները դիպան կոպերին, նա մի քանի րոպե ապշած նայում էր: Եղջերուն պտտվեց՝ կանգնելով արձակ դաշտի համայնապատկերի դիմաց:

  • Բարև, Նռանէ՛,-  գեղահնչյուն և հստակ ձայով ասաց եղջերուն:

Նարէն ոչ մի բառ չէր կարողանում արտաբերել:

  • Ես Բյուրակնն եմ, քո պահապանը,- գլուխը թեթևակի խոնարհելով՝ ասաց գեղամարմինը:
  • Նը…նը…Նռանէ՞, ի…ի…իմ պահապա՞նը,- կցկտուր ասաց Նարէն՝ ակամա հիշելով այն մանուշակագույն պայծառ լույսը:
  • Այո՛: Դու պետք է կատարես քո առաքելությունը՝ պահպանես Մարդկային էության Նուռը:
  • Ես… ես ոչինչ չեմ հասկանում:
  • Արի՛ ինձ հետ,- ասաց եղջերուն՝ կանգնելով մենավոր ծառի սաղարթների տակ:

Աղջիկը տեղից չշարժվեց:

  • Վստահի՛ր ինձ:

Նարէն զգում էր, որ պետք է գնա, լուռ հետևեց նրան:

  • Փակի՛ր աչքերդ:

Ծառի թափվող տերևները պարուրեցին նրանց: Մի քանի վայրկյան անց Նարէն բացեց աչքերը և կրկին չհավատաց նրանց:

  • Որտե՞ղ ենք մենք,- շուրջբոլորը նայելով հարցրեց նա:
  • Սա իմ տունն է՝ Ադամակերտը: Հետևի՛ր ինձ:

Այդ վայրն ամբողջովին շողում էր, կարծես ադամանդ լիներ: Նրանք մոտեցան մի լճակի, որն առաջացել էր ալեգալար թափվող ջրվեժի փեշին:

  • Նայի՛ր,- գլխով ցույց տալով ջուրը՝ ասաց Բյուրակնը:

Նարէն տեսավ իր և աստղազարդ երկնքի արտացոլանքը:

  • ԵՒ ի՞նչ…
  • Բարձրացրու ձեռքդ և ցույց տուր նշանդ:

 Նարէն աջ ձեռքին՝ դաստակի հատվածում, ի ծնե մի նշան ուներ, որը բաց կարմիր գույնով նուռ էր նշմարում: Նա բարձրացրեց ձեռքը՝ լճին զուգահեռ և տեսավ, որ նշանը փոխվեց՝ հստականալով նմանվեց եղջերուի ճակատին դրոշմված նռանը, բայց՝ կարմիր գույնով: Արտացոլանքի ասղտերը խմբվելով պտտվեցին մրրկահողմի պես մի առանցքի շուրջ՝ ալիավորելով ջուրը: Թեթև քամին շոյեց Նարէի երեսն ու վարսերը: Ջրում երևացին աստղերով ուրվագծվող պատկերներ՝ ուղեկցվող ձայնով:

«Տասը տարի առաջ ծնվեց մի աղջնակ, ում վիճակված է փրկել Մարդկանց՝ անմարդկությունից: Նա Նռանէն է:

Մարդկության ծննդավայրում՝ արևաշող մի վայրում, որտեղ նրբակերտ ծաղիկների բույրն արբեցնում է, իսկ բնության գեղեցկությունը՝ կուրացնում, հպարտ կանգնած է փառահեղ հսկան՝ իր մեջ ամուր պահելով Մարդկային էության Նուռը: Նուռը Մարդու էությունն է, որի մեջ ամփոփված են Մարդուն բնորոշ բոլոր հատկանիշները: Այն հայտնվել է չարի ձեռքում:

Մարդուն ապրեցնում է սիրտը, եթե այն կանգ առնի, նա կմեռնի:

Նռանէն պետք է պահպանի Նռան սիրտը՝ Հույս. Սեր. Հավատ»:

  • Ու՞մ ձեռքում է հայտնվել Նուռը, ո՞վ է չարը:

Նարէի հարցին չհնչեց պատասխան: Աստղերը զբաղեցրին իրենց տեղերը, լճակը վերականգնեց իր տեսքը:

  • Ուրեմն ես… Նռանէ՞ն եմ,- ապշահար գլուխը բարձրացրեց Նարէն:

Բյուրակնը վեր ու վար արեց գլուխը:

  • Բայց ես ինչպե՞ս կարող եմ փրկել մարդկանց, ես անգամ չգիտեմ, թե որտեղ է Նուռը: Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող,- ասաց նա շփոթված ու անիքնավստահ:
  • Ես կօգնեմ քեզ,- կարեկցանքով ասաց եղջերուն,- սիրու՞մ ես ծնողներիդ, նրանք քեզ համար թա՞նկ են:
  • Աշխարհից էլ շատ, տիեզերքի անսահմանության մեջ չեմ գտնի որևէ մեկի, ում կսիրեմ նրանցից առավել:
  • Դե ուրեմն, հանուն նրանց տերը եղիր առաքելությանդ:

Նարէն խոհուն հայացքով նայեց երկնքին, հետո՝ ձեռքի դրոշմին ու ասաց.

  • Հույս.Սեր.Հավատ: Սիրտը կբաբախի…

Եղջերուն  ժպտաց և նստեցրեց աղջնակին իր մեջքին՝ սլանալով դեպի առեղծվածային երկինք:

Բայց այդ ընթացքում Նուռը կամաց-կամաց խամրում էր՝ կորցնելով ավելի ու ավելի շատ հատիկներ…

Առավոտյան Նռանէն փորձում էր բացահայտել Նռան գտնվելու վայրը:

  • Դու գիտե՞ս՝ որտեղ է Մարդկության ծննդավայրը,- հարցրեց նա եղջերուին:

Բյուրակնը խորը հայացքով տարուբերեց գլուխը:

  • Որտե՞ղ կարող է այն լինել,- մտածում էր Նռանէն,- Մարդկության ծննդավայր…
  • Այդ վայրն ինչ-որ կերպով պետք է կապված լինի քեզ հետ: Գուցե հիշու՞մ ես ինչ-որ բան:
  • Ես… ես մի նկար ունեմ,- հանկարծակի հիշեց աղջիկը,- այն նկարել եմ ակամա, կախարդանքի շնորհիվ: Այդ նկարի մեջ պատկերված վայրում ես երբևէ չեմ եղել, բայց ամեն անգամ նկարին նայելիս ինչ-որ հարազատ բան էի զգում: Գուցե…
  • Կարո՞ղ ես նկարագրել այդ վայրը:
  • Այն շա՜տ գեղեցիկ էր, հեքիաթային մի աշխարհ, հեռվում մի երկթև սար էր, դիմացին գետ, դաշտ, ծաղիկներ…
  • Որտե՞ղ է այդ նկարը:
  • Մեր տանը, իմ սենյակում: Մայրիկս գուցե ճանաչի այդ վայրը:
  • Պետք է արագացնենք: Գնա՞նք:
  • Գնացի՛նք,- վստահ ասաց Նռանեն:

Նռանէն ներս մտավ, գրկեց մայրիկին: Մայրը համբուրեց աղջկա ճակատը: «Սերը դեռ չի մարել». ինքն իրեն սփոփեց աղջնակը:

  • Որտե՞ղ էիր գիշերը:
  • Ապահով վայրում, մայրի՛կ, մի անհանգստացիր: Դու պետք է օգնես ինձ մի հարցում:

Նա գտավ նկարն ու ցույց տվեց մայրիկին:

  • Քեզ ծանո՞թ է այս վայրը, դու գիտե՞ս՝ այն որտեղ է գտնվում:

Մայրն ուշադիր նայեց.

  • Սա Արարատյան թագավորությունում է:
  • Արարատյան թագավորությունու՞մ,- զարմացավ Նռանէն,- իմ ծննդավայրու՞մ:
  • Կարծես թե այո, այս լեռը շատ նման է այնտեղի հսկային:

Ներս մտավ հայրը.

  • Նարէ՛, որտե՞ղ էիր, ես ու մայրդ…
  • Գիտեմ, հայրի՛կ,- գրկեց նրան Նռանէն: -Կներեք ինձ, ես շտապում եմ, պետք է գնամ: Մայրի՛կ, շնորհակալ եմ քեզ: Եվ միշտ հիշեք՝ ես հանուն ձեզ պատրաստ եմ ամեն ինչի: Դուք շուտով «կվերադառնաք»,- մայրիկին էլ  ամուր գրկեց և դուրս եկավ տանից՝ նկարը ձեռքին:
  • Այդ ու՞ր ես գնում, մենք ոչինչ չենք հասկանում, սպասի՛ր,- կանչեցին ծնողները:
  • Գնում եմ կատարելու իմ առաքելությունը: Նռանէն շուտով կվերադառնա և մենք կրկին երջանիկ կլինենք,- ճանապարհից ձայն տվեց աղջնակը:

Ծնողները թեև շփոթված էին և մի փոքր էլ բարկացած, բայց ներքին վստահություն ունեին աղջկա հանդեպ:

Նռանէն մոտեցավ անտառում իրեն սպասող Բյուրակնին, ցույց տվեց նկարն ու ասաց.

  • Գնում ենք Արարատյան թագավորություն: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Նուռն այնտեղ է:
  • Բարի: Նստիր, Նռանէ՛, մի՛ վախեցիր:

Լայնարձակ թևերը թափահարելով՝ բարձրացավ վեր: Երկնքում շողաց մանուշակագույն լույսը:

Հասնելով Արարատյան թագավորություն՝ Նռանէն ընթացքի մեջ բացականչեց.

  • Փառահեղ հսկա՜ն, Բյուրա՛կն, տեսնու՞մ ես այն սարը՝ հեռվում, մայրիկն ասաց, որ նկարի սարը նման է իրենց հսկային, լեգենդն էլ ասում էր. «…հպարտ կանգնած է փառահեղ հսկան՝ իր մեջ ամուր պահելով Մարդկային էության Նուռը»: Նուռն այնտե՜ղ է, աչքերիս չեմ հավատում, մենք մոտ ենք փրկությանը,- ասաց աղջնակը անսահման ուրախությամբ :
  • Ես գիտեի, որ դու կարող ես…

 Նռանէն ցանկանում էր ծանոթանալ իր հայրենիքին և ճանաչել այն, այդ պատճառով առաջարկեց ոտքով շարունակել ճանապարհը: Վայրէջք կատարեցին թագավորության դարպասների մոտ: Ցանկանում էին ներս մտնել, բայց դարպասապահ զինվորները չթողեցին.

  • Թագավորի հրամանի համաձայն՝ ոչ ոք առանց իրեն տեղեկացնելու իրավունք չունի ներս մտնել կամ դուրս գալ թագավորությունից: Մենք պետք է ձեզ տանենք նրա մոտ:

Նռանէն և Բյուրակնը զարմացած միմյանց նայեցին: Շրջապատվելով զինվորներով՝ ուղևորվեցին դեպի թագավորի ապարանքը:

  • Ձե՛րդ մեծություն, մի կարմրահեր աղջիկ և հեքիաթային արարած ասում են, որ այստեղ են եկել Նաիրյան թագավորությունից՝ փրկելու մարդկանց,- հայտնեց սենեկապետը:
  • Նե՛րս բերեք դրանց,- մռայլ ասաց թագավորը:

Նռանէն տեսնելով թագավորին՝ հիշեց մայրիկի պատմածը և ակամա ձայնը բարձրացրեց.

  • Ուրեմն Դու՞ք եք աքսորել իմ ծնողներին, Դու՞ք եք մարդկանց դժվար կյանք պարգևել, ինչպե՞ս կարելի է զրկել հրաշագործին կախարդելու իրավունքից… Ինչու՞ եք այդքան չար: «Չա՞ր…». մտքում կրկնեց Նռանէն, կարծես ինքն իրեն հուշեց: -Սպասե՜ք… Դու՞ք եք բացել Նուռը, Դու՛ք եք չարը,- աղջիկն ապշեց իր բացահայտումից և քարացավ մի պահ:
  • Ի՞նչ ես խոսում, աղջի՛կ: Ո՞վ է համարձակվում թագավորի հետ այդպես խոսել, շղթայե՛լ նրանց:

Զինվորներն արագ շրջապատեցին նրանց և շղթայեցին:

  • Ոչ՛, ո՛չ, սպասե՛ք,- բղավում էր Նռանէն՝ փորձելով ազատվել շղթաներից,- նա կկործանի մարդկությունը, թողե՛ք:

Եղջերուն էլ ըմբոստանում էր դեմ առնելով եղջյուրները:

  • Բա՛ց թողեք մեզ,- բղավեց Նռանէն՝ թափահարելով ձեռքերը՝ հրաշքով կոտրեց իր և Բյուրակնի շղթաները: Այդ պահին նրա նռանշանը փայլեց:
  • Ոչ ոք իրավունք չունի՛ կախարդանք օգտագործել իմ թագավորությունում, բռնե՛ք նրանց և զնդանը նետեք,- ավելի զայրացավ թագավորը:

 Զինվորները կրկին բռնեցին նրանց, սպառնալով սրով:

 Նռանէն փորձեց կրկին կախարդել, բայց չստացվեց, նա չգիտեր՝ ինչպես կառավարել իր ուժերը:

 Թագավորը մի պահ մտածկոտ գլուխը կախեց հետո զարմացած նայեց Նռանէին, դեմքը խոժոռվեց.

  • Սպասե՛ք: Դու կախարդու՞մ ես, բայց ինչպե՞ս, ինձ ասացին, որ դուք Նաիրյան թագավորությունից եք, այնտեղ մարդիք չգիտեն հրաշքի մասին: Նա ձեզ իմ կախարդա՞նքն է տվել:
  • Ո՞վ,- հարցրեց Բյուրակնը:
  • Ձեր կախարդա՞նքը,- զարմացավ Նռանէն:

Թագավորն այլայլվեց.

  • Մի ձևացրեք, թե ոչինչ չեք հասկանում: Հենց հիմա ասացե՛ք ինձ, նա՞ է ձեզ ուղարկել, ձեր պայծառափայլ Թամուր արքա՞ն,- հեգնանքով ասաց Կարաննի թագավորը: -Ո՞րն է ձեր գալու իրական նպատակը: Հերիք չէ պատերազմ է սկսում, մի զույգ էլ լրտե՞ս է ուղարկում:
  • Թամուր արքան պատերա՞զմ է սկսում,- զարմացավ Նռանեն,- հնարավոր չէ, նա խելամիտ և խաղաղասեր արքա է, իսկ մենք լրտեսներ չենք և ոչ մի կապ չունենք մեր թագավորի հետ: Ի՞նչ է կատարվում: Խնդրում եմ, բա՛ց թողեք:
  • Ես ատում եմ Նաիրյան թագավորությունը և ձեր թագավորին, դուք չարիք եք մեզ համար:
  • Իսկ Դուք չարիք եք մարդկության համար:
  • Ինչե՞ր ես խոսում, աղջ՛իկ, ես ողջ կյանքում պաշտպանել եմ իմ ժողովրդին:
  • Հը՛, այդպե՞ս եք պաշտպանում, զրկելով մարդկանց իրենց ունակություններից հանուն ձեր եսասիրությա՞ն: Չէ՞ որ մարդիկ պատվում և վստահում էին Ձեզ:
  • Դու ոչինչ չգիտես և իրավունք չունես դատել ինձ,- բարկացավ արքան:
  • Ես մի բան գիտեմ, որ պետք է պահպանեմ Մարդկային էության Նուռը և կանեմ դա,- ասաց Նռանէն, կախարդանքով ազատվեց շղթաներից և հանկարծ ամբողջովին բոցավառվեց կարմիր լույսով, բոլորը մի պահ փակեցին աչքերը այդ պայծառ լույսից: Նրան պարուրեցին թիթեռները և նա բարձրացավ վեր: Դա իսկական հրաշք էր: Իջնելով հատակին՝ նա կերպարանափոխվեց՝ վարսերը փայլում էին՝ պատված ծաղիկներով, դեղին, թիթեռնիկներով զգեստը փոխվեց՝ դառնալով երկար, կարմիր, գեղեցիկ զգեստ, վրան պատկերվեց իր դրոշմը՝ ծաղկազարդ շողացող Նուռը: Նռանէն հաստատեց իր ուժը:

Բոլորն ապշած էին կատարվածից:

  • Ո՞վ ես դու,- մի կերպ արտաբերեց քարացած արքան:
  • Ես Նռանէն եմ, Մարդկային էության Նռան պահապանը: Ակնէ և Թադէ հրաշագործերի դուստրը: Ես կպաշտպանեմ Նուռը քեզանից:
  • Աչքերիս չեմ հավատում,- զարմացավ արքան,- ուրեմն լեգենդն իրական է… Ես կարծես թե գիտեմ, թե դու ումից պետք է պաշտպանես այն:

 Մի օր ես մի քանի զինվորներով որսի էի գնացել անտառ: Գնալով որսի ետևից՝ հեռացել էի զինվորներից: Հանկարծ մի ձայն լսեցի, ես չհասցրեցի շուռ գալ ու ինձ բռնեց այն սարսափելի արարածը՝ չարքը:

  • Կրակոտ աչքերո՞վ ու երկար ճիրաններո՞վ,- ընդհատեց Նռանէն:
  • Այո՛, դու գիտե՞ս նրան:
  • Մի անգամ անտառում նա ինձ ուզում էր բռնել, բայց ես ողջ մնացի:

Մի քանի վայրկյան մտածելով՝ Նռանէն նայեց Բյուրակնին և գլխի ընկավ,- այդ դու՞ էիր, դու փրկեցիր ինձ, ի՛մ պահապան,- գրկեց եղջերուին: Բայց այն ժամանակ ես մտածեցի, որ այդ ամենն ինձ թվաց:

  • Չէ՞ որ ես քո պահապանն եմ, միշտ քո կողքին եմ, եթե անգամ դու ինձ չտեսնես,- ժպտաց Բյուրակնը:

Արքան շարունակեց.

  • Ես սարսափած էի, փորձում էի օգնություն կանչել, բայց այդ գարշելին ինձ չէր թողնում, ձեռքերս շղթայված էին՝ կախարդանքն անզոր էր: Հետո մի տղամարդ հայտնվեց՝ չար ու խորամանկ հայացքով: Դա ձեր Թամուր արքան էր: Ես հասկացա, որ նրանք ինչ-որ բան էին փնտրում, որի համար իրենց հզոր ուժ էր պետք: Նրանք իմացել էին Արարատյան թագավորության մասին և եկել էին տանելու իմ և ժողովրդիս ուժը: Անելանելի վիճակում հայտնվելով՝ ես խաբեցի նրանց՝ ասելով, որ իմ ժողովուրդը չունի մոգական ուժ, որ ես խլել եմ բոլորի ուժերը: Նրանք սպառնացին ինձ՝ ասելով, որ եթե տեսնեն թագավորության որևէ բնակչի, ով ունի կախարդական ուժ, կսպանեն բոլորիս, և որ այս ամենը պետք է գաղտնի պահեմ: Թագավորը խլեց իմ ուժը՝ բռնելով ձեռքերս և արտասանելով մի հին, հզոր հմայախոսք: Դա հնագույն հմայախոսք էր, որի մասին նույնիսկ ես չգիտեի: Ես ապշած էի՝ ինչպես կարող է հասարակ մարդը կախարդանք խլել հրաշագործից, այն էլ այդպիսի հմայախոսքով: Գիտեք, այդ պահին ինձ պարուրեց ամենադաժան զգացողությունը, որ զգացել եմ երբևէ՝ այլևս հրաշագործ չեմ: Այդժամ ես համոզվեցի, որ նրանք շատ վտանգավոր են: Երբ ինձ բաց թողեցին, ես անմիջապես վերադարձա և արձակեցի իմ հրամանը՝ պաշտպանելով ժողովրդիս: Իսկ այդ անշնորհակալները սկսեցին ատել ինձ: Հիմա էլ կորցրել են իրենց հավատարմությունն ու հնազանդությունը և սկսել են կախարդել, դե թող կախարդեն, այդ ամբարտավանն էլ պատերազմ կսկսի:
  • Չենք թողնի, արքա՛: Ուրեմն Թամուր արքան այսքան ժամանակ քողարկված էր բարու դիմակով: Հիմա ամեն ինչ պարզ է, ներողություն եմ խնդրում իմ պահվածքի համար, Ձե՛րդ մեծություն:
  • Հը՛մ,- հպարտ հայացքով Նռանէին նայեց թագավորը, փոխադարձաբար ներողություն խնդրելու փոխարեն:

«Հատիկները պակասում են…». մտածեց Նռանէն:

  • Դու գիտե՞ս՝  որտեղ է Նուռը,- հարցրեց արքան:

Նռանէն ցուց տվեց նկարը:

  • Սա Արարատն է՝ Մարդկության ծննդավայրը,- ասաց Կարաննին:
  • Արարատ: Ուրեմն թագավորությունը նրա անունն է կրում:
  • Այո՛:

Այդ պահին լսվեցին մարդկանց աղաղակներ: Թագավորը դուրս նայեց պատուհանից և տեսավ զինված հեծյալների, որ հեռվից մոտենում էին ապարանքին՝ ճանապարհին կործանելով ամեն ինչ:

  • Ձե՛րդ մեծությու՜ն, Ձե՛րդ մեծությու՜ն,- շնչակտուր ներս մտավ սենեկապետը,- մեզ վրա հարձակվու՜մ են, ժողովուրդը խուճապի է մատնվել:

Թագավորը ոչինչ չարձագանքեց:

  • Երկու անմեղ ժողովուրդ չպետք է տուժի, նենգ արքայի պատճառով: Ձե՛րդ մեծություն, խաղաղեցրեք նրանց: Այստեղ աղետ կսկսվի,- խուճապահար ասաց Նռանէն թագավորին:
  • Թող պաշտպանվե՛ն, չէ՞ որ նրանք հրաշագործ են,- հեգնեց արքան:
  • Նրանք պատրաստ չեն հակահարձակման, բացի այդ՝ Դուք նրանց արգելել եք կախարդել: Մի՞թե չեք հասկանում, վա՛յր դրեք Ձեր հպարտությունն ու ինքնասիրությունը, փրկե՛ք թագավորությունը, նրանք ամեն ինչ կկործանեն:
  • Թող կործանե՛ն, այդ ապերախտներին հասնում է:
  • Բայց նրանք Ձեզ էլ կսպանեն, Դուք զուրկ եք կախարդանքից, մոռացե՞լ եք:
  • Չեն կարող, ես պաշտպանված եմ այստեղ իմ զինվորների կողմից:
  • Ձեզ ոչ ոք չի պաշտպանի, նրանք էլ են կորցրել իրենց հնազանդությունը, հիմա բոլորը միայն իրենց մասին են մտածում, լավագույն դեպքում՝ նաև ընտանիքների:

Նռանէն հասկանում էր, որ թագավորը մեղավոր չէ իր պահվածքի համար, այդ չարքն ու Թամուր արքան են այս քաոսի պատճառը: Նա չէր կարող մնալ և պաշտպանել բոլորին, զգում էր, որ չարը մոտ է Նռան սրտին: Աղջիկը դիմեց եղջերուին.

  • Բյուրա՛կն, ի՛մ հավատարիմ ընկեր, ես պետք է անհապաղ բարձրանամ Արարատ և վերականգնեմ Նուռը, քանի դեռ ուշ չէ: Իսկ քեզ խնդրում եմ մնալ այստեղ և պաշտպանել թագավորին, նա անօգնական է և չի հասկանում, թե ինչ է խոսում:
  • Ես չեմ կարող քեզ մենակ թողնել, դա շատ վտանգավոր է:
  • Խնդրում եմ, վստահիր ինձ, ես կկարողանամ:
  • Զգույշ եղիր, կարմրահե՛ր աղջիկ…

Մեծահոգի փոքրիկ աղջնակը պատրաստ էր գնալու վտանգին ընդառաջ: Նա գրկեց եղջերուին և ուղևորվեց դեպի հոյակերտը:

Ճանապարհը շատ վտանգավոր էր, բայց նա պաշտպանվում էր կախարդանքով, որին արդեն ինքնին տիրապետում էր: Հասնելով հսկայի ստորոտին՝ նա խորը շունչ քաշեց և սկսեց բարձրանալ: Բարձրում սառնաշունչ քամին հարվածում էր աղջնակին: Նա փորձում էր հաղթահարել իր վախը՝ բարձրությունը: Ամեն անգամ ցած նայելիս  Նռանէի մարմնով դող էր անցնում: Շունչը կտրվում էր, վարսերը փակում էին տեսադաշտը, ոտքերը սայթաքում էին, ձեռքերը սառել էին, բայց նա առաջ էր գնում: Որքան մոտ գագաթին, այնքան դժվար. գագաթը պատված է հավերժական ձյունով և սառցաբուքը խեղդում էր փոքրիկ աղջնակին: Մնացել էր գեթ մի քանի քայլ նպատակակետին հասնելու համար: Նա ուժասպառ էր, թուլացած ոտքը դնելով սառցապատ քարին՝ կտրուկ սայթաքեց…

Լսվեց սարսափելի ճիչը…Գագաթը կայծակնորեն հեռանում էր, հեռանում էր երկինքը, անհետանում էր նպատակը… ԵՒ հանկարծ, զգաց հարազատ հենարան: Բյուրակնն էր: Հասավ Նռանէի պահապանը ճիշտ ժամանակին:

  • Ընկե՛րս, ես… ես մտածեցի որ… Ա՜խ Բյուրակն, դու կրկին փրկեցիր իմ կյանքը,- վախից ծնված արցունքները գլորվում էին՝ սրտի անդադար թրթիռով:
  • Ասում էի չէ՞՝ ես միշտ քո կողքին եմ: Միայնակ գնալը շատ վտանգավոր է, չպետք է քեզ մենակ թողնեի:
  • Շնորհակալ եմ: Ի՞նչ էի անելու առանց քեզ

Նարէի կողքին նստած էր Կարաննի արքան:

  • Չէի կարող նրան այնտեղ թողնել, չէ՞ որ խնդրել էիր պաշտպանել նրան,- ասաց Բյուրակնը:
  • Կրկին շնորհակալ եմ:
  • Ինչպե՞ս է ժողովուրդը,- անհանգստացավ Նռանէն:
  • Մի կողմը համառորեն պաշտպանվում է, մյուս կողմը՝ հարձակվում:
  • Պետք է շտապենք…

Թռիչքն ուժգնանում էր քամու հարվածներից: Սլանում էին վեր: Հասան գագաթին, երևաց քարանձավը: Նռանէի սիրտը սկսեց արագ բաբախել. մոտ էր և՛ փրկությունը, և՛ վտանգը: Անձավի ներսում՝ ոսկեձույլ պատվանդանի վրա, դրված էր Մարդկային էության Նուռը: Այն ճեղքված էր և ունայն, միայն նուրբ կարմիր լույսով վառվում էր սիրտը՝ Հույսը.Սերը.Հավատը., կողքին թափված էին խամրած հատիկները: Նռանէն մոտեցավ նրան և դողացող ձեռքերով խմբեց թառամած հատիկները:

  • Կարծես թե հյուրեր ունենք,- լսվեց սարսափազդու մի ձայն:

Չարքն էր:

Նռանէն արագ շուռ եկավ և քարացավ:

Ստվերի տակից երևաց նաև Թամուր արքան:

  • Ո՞վ է այս համարձակ աղջնակը,- նենգ ձայնով ասաց նա:

Բյուրակնն առաջ եկավ և ծածկեց աղջնակին.

  • Չմոտենա՛ք նրան, գուցե մոռացե՞լ ես եղջյուրներիս ուժը,- չարքին նայելով ասաց եղջերուն:
  • Երևի չգիտեք, թե ում դիմաց եք կանգնած,- ասաց Թամուրը:
  • Մենք գիտենք, երևի թե դուք չգիտեք,- համարձակ ասաց Նռանէն՝ առաջ գալով եղջերուի ծածկից:
  • Հը՛հ, և ո՞վ ես դու, սանձարձա՛կ աղջիկ,- ձայնը բարձրացրեց Թամուրը:
  • Ես Նռանէն եմ, Նռան պահապանը և ձեզ ոչնչացնողը,- բղավեց նա՝ ոտքը ուժգին հարվածելով գետնին:

Լեռը դղրդաց: Լսվեց նրա բողոքի աղաղակը: Նրանք ընկան:

Չարքը բարձրացավ և հարձակվեց Նռանէի վրա, այդ պահին եղջերուն ցատկեց՝ պաշտպանելու աղջնակին և եղջյուրի երկաթե ծայրով ուժգին խոցեց գազանին: Չարքի դեմ զենքը երկաթն էր, նա չէր կարողանում դիպչել դրան: Խոցված չարքը կրկին ընկավ, այս անգամ ընդմիշտ չունենալով բարձրանալու հնարավորություն: Խոցելու ժամանակ չարքը հասցրել էր ճիրաններով վնասել Բյուրակնին: Խեղճը ծանր վիրավորվեց և ընկավ:

  • Բյուրա՛կն,- լացակումաց կանչեց Նռանէն:

 Նենգ արքան մեկնեց ձեռքը, որպեսզի սառեցնի Նռանէին:

  • Զգու՜յշ,- գոռաց անկյունում թաքնված Կարաննի թագավորը:

Աղջիկն ակնթարթորեն թեքվեց՝ փախչելով հարվածից: Բայց այն դիպչեց սրտին…Հույսը…Հավատը…

Մի վայրկյանում ամեն ինչ մթագնեց, բոլորն ընկան: Թագավորությունների վրա իջավ խավար և մշուշ, տիրեց քար լռություն, բոլորը քարացան: Նռանէի արևաշող աչքերը խամրեցին՝ նշմարելով միայն ծնողների ժպիտը…

Արդյո՞ք Մարդը…

Ուժասպառ եղջերուն բարձրացրեց Նռանէին, կանգնեցրեց Նռան առջև.

  •  Փրկի՜ր…,- վերջին ճիգերով ասաց Բյուրակնը:

Նռանէն նայում էր Նռանը, սառցապատ սրտի արտացոլանքում նա մի ակնթարթում տեսավ իր կյանքի բոլոր դրական պահերը, ժպիտները, ծիծաղը, բնությունը, երկինքը, արևը…

  • Արև՛ը…,- բացականչեց Նռանէն,- արևը լույս է՝ կյանք, ջերմությունը կհալեցնի այն: Բայց… բայց երկնքում արև չկա, ամեն ինչ մթագնել է,- լացակումաց ասաց աղջիկը:
  • Այնուամենայնիվ, ես սիրում էի իմ ժողովրդին,- դժվարությամբ և կցկտուր լսվեց Կարաննի արքայի ձայնը:
  • Ի՞նչ ասացիք, սի… սիրու՞մ էիք: Ճի՜շտ է, սիրում էիք… այո՜… Սերը…

Նռանէն ուշադիր նայեց Սիրո հատիկին, այն դեռ չէր սառչել…

  • Սպասի՛ր, ձեռք չտա՛ս Նռանը,- նենգ ու ցածր ձայնով ասաց Թամուր արքան:

Նռանէն շրջվեց:

  • Չհամարձակվե՛ս: Ո՞վ ես դու, ինչու՞ ես դու այդքան չարացել, ինչու՞ ես էազրկում մարդկանց:
  • Ե՞ս,- հևիհև խոսում էր նենգ արքան,- ասեմ, ես մի լքված որբուկ էի, հալածված ու անտեսված բոլորի կողմից, ինձ ամենուր ծեծում էին, ծաղրում, որովհետև աղքատ էի, միայնակ: Ինձ նույնիսկ դպրոց չընդունեցին: Մեծանալով փողոցներում՝ ես հասկացա, որ այս աշխարհի ամենադաժան ու չար արարածը մարդն է: Ես ողջ կյանքում ատել եմ բոլոր մարդկանց և ինքս ինձ խոստացել, որ ես վրեժ եմ լուծելու բոլորից: Հետո ես հանիպեցի չարքին: Տարիներ առաջ նա մի սրվակ էր գողացել ծեր ու հմուտ կախարդից: Դա հասարակ սրվակ չէր, այն իր մեջ կարող էր պահել կախարդական ուժ, նույնիսկ ամենահզորը: Բայց սրվակի ուժը կարող էր օգտագործել միայն մարդը, այդ պատճառով չարքը գտավ ինձ: Նա խոստացավ տալ այդ սրվակը և ինձ թագավոր դարձնել, եթե օգնեմ նրան գտնել Մարդկային էության Նուռը, և ես իհարկե համաձայնեցի: Ցավոք, սրվակը դատարկ էր, այն լցնելու համար մեզ իրական հրաշագործի ուժ էր հարկավոր, հզոր ուժ: ԵՒ այստեղ մեզ օգնեց մեր շատ սիրելի խաբեբան՝ Կարաննի թագավորը՝ Արարատյան թագավորության հզորագույն հրաշագործը: Այսպիսով՝ ես ու չարքը հասանք մեր նպատակին, իսկ ես շահեցի եռակի՝ դարձա թագավոր, ունեցա կախարդական հզոր ուժ և վրեժ լուծեցի մարդկանցից: Հրաշալի է, այնպես չէ՞,- ծիծաղեց Թամուրը՝ ցույց տալով պարանոցից կախված սրվակը: -Հիմա իմացա՞ր, թե ով եմ ես, դե մի կողմ քաշվիր, եթե չես ուզում, որ այս անգամ չվրիպեմ:
  • Ես խղճում եմ քեզ, Թամու՛ր, ուշքի՛ արի, դու ոչ միայն մարկանց, այլ նաև քեզ ես սպանում, զգու՞մ ես՝ ինչպես է ներսդ դատարկվում:
  • Մի՛ դատարկախոսիր,- մեկնեց ձեռքը Թամուրը՝ արտաբերելով վճռորոշ հմայախոսքը …

Կախարդանքը դիպչելով սառցե սրտին՝ հայելային կերպով վերադարձավ արքային: Չարը չարին է վերադառնում… Սրվակը կոտրվեց:

Նռանէն ձեռքերով հավաքեց բոլոր հատիկները, գրկեց Նուռը.

  • ԵՍ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԵՋ ԵՂԱԾ ՈՂՋ ՍԵՐԸ ՔԵԶ, ՄԱ՛ՐԴ: ՍԵ՛ՐՆ Է ԱՊՐԵՑՆՈՒՄ, ՍԵ՛ՐՆ Է ԱՐԵՎԸ:

Նուռը լուսավառվեց, Նռանէի դրոշմը՝ ևս: Սիրտը՝ Հույսը. Սերը. Հավատը., բաբախեց, հատիկները պտտվելով ամփոփվեցին Նռան մեջ, ճեղքը փակվեց: ՄԱՐԴԸ վերադարձավ…

Նռանէն ընկավ՝ փակելով աչքերը…

Մի քանի րոպե անց Կարաննի թագավորն ուշքի եկավ, նրա ուժը վերադարձել էր: Նա մոտեցավ Նռանէին և գրկեց.

  • Դու փրկեցիր բոլորիս, կատարեցիր քո առաքելությունը, Նռանէ՛:

Արևը դուրս եկավ, երկինքը խաղաղվեց: Ջերմափայլ շողերը ներս մտան ու պարուրեցին կարմրահեր աղջնակին: Արևաշող աչուկները բացվեցին…

Նռանէն երջանիկ էր, բայց…

  • Բյուրա՛կն, բացի՛ր աչքերդ: Նրա վերքը խորն է, բայց նա շնչում է, նայե՛ք,- արցունքներն աչքերին՝ արքային դիմեց աղջիկը:

Արքան փորձեց հրաշագործել, բայց Բյուրակնը ուշքի չեկավ:

  • Բացի՛ր աչքերդ, խնդրու՛մ եմ,- անդադար լալիս էր Նռանէն,- դու չես կարող ինձ մենակ թողնել: Հիշու՞մ ես՝ ասում էիր ինձ, որ միշտ իմ կողքին ես լինելու: Դե՛, բացի՜ր աչքերդ…

Նռանէն ակամայից հիշեց մայրիկի խոսքերը. «Կենարարբույսը փրկեց ինձ ու քեզ…»

  • Կենարար բու՜յսը…,- բացականչեց աղջիկը:

Նա Բյուրակնի եղջյուրների շուրջ պտտվող արծաթաթույր թիթեռներին ուղարկեց ծնողների մոտ՝ բերելու բույսի գեթ մեկ տերև:

  • Դու իսկապես շատ խիզախ ես, Նռանէ՛, կներես ինձ իմ խոսքերի համար,- ասաց արքան:
  • Դուք էլ ժողովրդասեր ու նվիրված արքա եք, իսկապես արժանի Ձեր գահին,- ժպտաց Նռանէն:

Քիչ անց թիթեռները վերադարձան՝ բերելով բույսի տերևը: Նռանէն տվեց այն եղջերուին:

  •  Դե՜… բացի՛ր աչքերդ, ի՛մ հավատարիմ ընկեր, առանց քեզ ես չէի կարող հաղթահարել այս ամենը, ես քեզ շա՜տ եմ սիրում,- վճիտ արցունքները գլորվում էին ցած:

Եվ հանկարծ հրաշքը կատարվեց…

  • Ես գիտեի, որ դու կարող ես, տե՛ս, նռանշանդ շողում է,- աչքերը դանդաղ թարթելով՝  կամացուկ ձայնով ասաց եղջերուն՝ նայելով Նռանէին և ժպտալով:
  • Մայրի՛կ, հայրի՛կ,- փարվեց ծնողներին արևափայլ աղջնակը,- միայն թե իմանաք՝ ինչ է կատարվել:
  • Թանկագի՛նս, մենք քեզ այնքան էինք կարոտել, կարծես մի ողջ հավերժություն մեր կողքին չէիր,- անդադար համբուրում էին աղջնակին ծնողները:
  • Ես էլ ձեզ էի անչա՜փ կարոտել:

Ներս մտան արքան և Բյուրակնը:

  • Ծանոթացեք, իմ ընկերներն են:
  • Օ՜, Ձե՛րդ մեծություն,- ապշած խոնարհվեցին ծնողները:
  • Բարև Ձեզ, շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Պետք է ասեմ, որ Դուք հերոս դուստր ունեք, նա փրկեց մեզ բոլորիս,- ասաց արքան:
  • Շնորհակալ ենք, Ձե՛րդ մեծություն, բայց ի՞նչ է պատահել,- զարմացած կանգնած էին նրանք:

Նռանէն ծիծաղեց.

  •  Քիչ անց ձեզ ամեն ինչ կպատմեմ, սիրելինե՛րս:
  • Ես ներողություն եմ խնդրում Ձեզ աքսորելու համար և խնդրում եմ, որ Դուք վերադառնաք հայրենիք:
  • Ներողության կարիք չկա, Ձե՛րդ մեծություն, շատ շնորհակալ ենք, մենք մեծ ուրախությամբ կվերադառնանք,- զարմացած ոգևորվեցին ծնողները:
  • Մայրի՛կ, հայրի՛կ, իսկ նա իմ պահապանն է, իմ լավագույն ընկերը,- Բյուրակնին ներկայացնելով՝ ասաց Նռանէն:
  • Ի՜նչ հեքիաթային էակ է,- հիացած ողջունեցին ծնողները:

Բյուրակնը նույնպես ողջունեց:

Հանկարծ ներս մտավ Անանէն.

  • Նարէ՛, իսկ ես այլևս քո ընկերը չե՞մ, ների՛ր ինձ, խնդրու՛մ եմ, ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում ինձ հետ:
  • Անանէ՜,- բացականչեց Նռանեն՝ գրկելով նրան,- իհա՛րկե իմ ընկերն ես, գիտեմ՝ դու մեղավոր չես: Ես չեմ նեղացել քեզանից:
  • Ա՜խ, Նարէ՛, դու իսկապես յուրահատուկ տարօրինակ ես,- ծիծաղեց տղան, նրան միացան բոլորը:
  • Ի դեպ՝ ես Նռանէն եմ…

Թագավորությունները խաղաղվեցին և միացան: Կարաննի արքան պաշտոնապես հանեց կախարդելու արգելքը: Բոլորը ճանաչում էին Նռանէին, մարդիկ շատ էին սիրում այդ անսահման բարի, խիզախ, տարօրինակ յուրօրինակ, կարմրահեր աղջնակին: Հեքիաթ-աղջիկը երջանիկ էր ինչպես և բոլորը, չէ՞ որ նրանք ՄԱՐԴ ԷԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ …

Արևաշող մի վայրում, որտեղ նրբակերտ ծաղիկների բույրն արբեցնում է, իսկ բնության գեղեցկությունը՝ կուրացնում, հպարտ կանգնած է փառահեղ հսկան՝ իր ճերմակած հիշողություններում ամուր պահելով գաղտնիքը՝ լեգենդը Նռանէի: