Էլեկտրոմենը
«Էլեկտրիկներ» գրական ընկերախումբ
Հեղինակներ
Հասմիկ Կարապետյան
Անուշ Խաչատրյան
Կարեն Խաչատրյան
Արտավազդ Մինասյան
Գոհար Թումանյան
Համբարձում Համբարձումյանի աշխատարան
Գյումրի
2019
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Էլեկտրիկը
Աշնանային մշուշուապատ կիրակնօրյա առավոտ էր։ Թռչյունները սավառնում ու խաղում էին մառախուղի մեջ: Արևը մառախուղին հրելով ցանկանում էր իր ճառագայթները տարածել ամբողջ քաղաքի վրա:
Չնայելով քաղաքի առավոտյան սարսուռին` խավարոտ, խոնավ, անձրևից բորբոսնած ու խունացած պատերով մի սենյակում` բրդյա ծածկոցի մեջ, ցրտից կուչ եկած քնել էր 40-ին մոտ մի տղամարդ: Մահճակալը ամեն անգամ ճռճռում էր, երբ այդ տղամարդը շուռումուռ էր գալիս անկողնում: Առաստաղից ձյունի պես թափվում էին բորբոսնած ծեփի «մասունքները», մի քանիսն էլ սարդոստայնից էին կախ ընկած մնացել:
Մի քանի րոպե այդ դիրքով քնելուց հետո արթնացավ, կատվի նման ձգեց իր քարացած մարմինն այնպես, որ ոսկորները քիչ էր մնում կոտրվեին: Հետո ձեռքով շոշափեց կնոջ կողմը և հասկացավ, որ արդեն արթնացել գնացել է, բացեց աչքերը, ինչպես ամեն առավոտ, այդպես էլ այդ օրը զննեց սենյակի ամեն մի ծակ ու ծուկ: Արջի նման մռնչալով հորանջեց ու էլի քնեց:
Դը՜զզ, դը՜զզ, այնպես անճոռնի դզզոց էր հանում բջջայինը, որ մահճակալի մոտ դրված պահարանը նույնպես դզզում էր:
Մի քանի ժամ այդ դիրքով քնելուց հետով երեսը ծամածռելով արթնացավ, սկզբից բացեց մի աչքը, ձեռքով շոշափելով հասավ ու մի կերպ վերցրեց բջջայինը: Մոտեցրեց դեմքին, բջջայինի լույսը լուսավորեց տղամարդու երեսը, խավարի մեջ կարծես բեղերով ուրվական լիներ: Հայացքը նետեց էկրանի վրա գրված անունին, հետո ժամին ու տեղից վեր թռավ: Ժամը 12-ն էր: Շտապ ու վախեցած պատասխանեց զանգին՝ ընթացքում փորձելով հագնել տաբատը:
– Ալո՞:
– Գուգո՛, էսօր 1-ին արի մոտս գործի, միամ հարց կա պարզելու:
– Վա՜յ, Սևակ ջան, կներես, եթե գուզես գործից հանես, մի էրա ըտպես բան, է՜լ չեմ ուշանա:
– Տո, այ մարդ, էսօր կիրակի է, ի՞նչ ուշանալ, ի՞նչ գործ, ուրիշ հարց է, դու արի:
Գուգոն տաբատը հագին մի փոքր էլ ննջեց ու վեր կացավ լվացվելու:
Գուգոն նիհարիկ ու միջահասակ կամվածքով, փորը փոքր ինչ դուրս եկած, կռացած տսքով, կոկիկ բեղերով, գլխի ճակատային հատվածը ճաղատ, մնացած հատվածը սև ու սպիտակ մազերով տղամարդ էր: Երեխաները նոր էին արթնացել, ամեն ինչ սովորականի պես էր` աղմուկ աղաղակ, երեխայի ճիչ, կնոջ փնթփնթոց ու վերջապես զոքանչի ռեվիզիոն ու դժգոհ հայացք, որ իր ծնունդը չի շնորհավորել Գուգոն: Մի խոսքով տանը տիրում էր քաոս, Գուգոն գլուխն առավ ու դուրս գնաց տնից, որ գնա աշխատավայր:
Ոտքը դուրս դնելուն պես հարևանուհի Ջեմմա տատը, թռավ դեմքին:
– Գուրգե՞ն, ի՜նչղ ես։
– Լավ եմ Ջեմմա տատ, դու՞ ինչղ ես:
– Ես լավ եմ, արդուկս լավ էղնի:
– Ջեմմա ջան, եկուց պատրաստ կեղնի, արի՛ տար:
– Եպ հարցրի, սիր եկուց պատրաստ կեղնի:
Գլուխը կախ Գուգոն շարունակեց ճանապարհը, շքամուտքից դուրս ելնելուն պես քամին տվեց դեմքին: Եղանակը անձրևոտ էր, մի փոքր ցեխոտ։ Փողոցն ու մայթը իրարից չէին տարբերվում: Գուրգենը քայլում էր դեպի աշխատավայր ու մտքում փորձում էր գուշակել, թե տնօրենը ինչի համար է կանչել։
Ցեխի մեջ կորած Գուգոն հասավ աշխատավայր, պահակի աչքից թաքուն, երեխայի նման ցեխոտ ոտքերով արագ-արագ վազեց դեպի տնօրենի աշխատասենյակը: Թակեց դուռն ու ներս մտավ:
– Նե՛րս եկեք,
Լսվեց սենյակից:
– Նստի Գուգո:
Գուգոն առաջ քաշեց աթոռն ու նստեց: Տնօրենը Գուրգենից ավելի երիտասարդ էր, բայց հաստամարմին, ճաղատ գլխով, նստած տեղը փորը կախ էր ընկել, աչքերնը, որ առանց այն էլ փոքր էին, թաքնվել էին հաստ այտերի մեջ: Աթոռը քիչ էր մնում ծանրությունից տրաքեր:
– Սա իմանամ` էդ ի՞նչ է էղե, որ կիրակի օրով կանչել ես,- հարցրեց Գուգոն։
– Գուգո, որ սել էի են ընտանիքի լույսը մարե, ընչի՞ չես մարե:
– Իմ սիրտը չի տանի, ինչ ճիշտ ճիշտ, ետ ջահել աղջիկը երեխատեր է, մորը կպահե, գլխին տղամարդ չունի, թող գոնե լույսից չզրգվին, մեղք են, երկու անգամ է կերթամ կխնդրէ, որ չմարեմ:
– Գուգո՛, քեզի հաձնարարվել է անջատել, ուրեմն անջատե ու հանգիստ գործիդ նայե: Էսօր իրար հետ կերթանք ու կանջատես: Հենց հմի է կերթանք, քելե:
– Կիրակի օրով երթանք մարդկանց լսերը մարե՞նք:
– Տո՜ դե, ա՛յ մարդ կիրակիս որն է՜, մեխքալս որն է՜, ես իմ գործի տերն եմ, քելե գնացինք:
– Ինչ կեղնի իմ տեղս ուրիշին տար, Սևակ ջան, էտ երեխեքը աչքիս առաջն են, հաքերը շոր էլ չունին:
Տնօրենը մի կերպ պոկեց իրեն աթոռին ու գրասենյակից դուրս եկան, տնօրենը Գուգոյին զոռով նստեցրեց մեքենան ու գնացին: Գուրգենը դադարեց վիճել, որովհետև գիտեր, եթե շարունակի պատասխանել, իրեն աշխատանքից կհեռացնի ու եթե նա աշխատանք չունենա, ընտանիքին տիրություն անող չի լինի, դե հա՜ զոքանչի թոշակը կա, բայց Գուգոն հո գիտեր, որ գումար չաշխատի, կյանքը ավելի անտանելի կդառնա:
Շուտով հասան այդ տան բակը: Պարտքատեր ընտանիքը ապրում էր երրորդ հարկում: Բարձրացան երրորդ հարկ, աստիճանները մասամբ փլված էին, արմատուրները երևում էին, իսկ պատի ծեփերը խոնավությունից ուռուցիկ էին դարձել: Գուգոյի համար սովորական տեսք ուներ շքամուտքը, բայց տնօրենի համար մի տեսակ զզվելի, դե, իհարկե, լավ կյանքով ապրած մարդու համար դա զզվելի տեսարան էր, իսկ այն մարդու համար, ով քնում ու ապրում էր նման սենյակում շատ սովորական էր: Տնօրենը փորը քարշ տալով, բարձրացավ աստիճանները:
Մոտեցան դռանը, դուռն էլ դու՞ռ լիներ, կողպեքի հատվածում կար մի լա՜յն անցք և հեշտությամբ կարող էիր տեսնել տան եռուզեռը, իսկ դռան վետևի հատվածը թեքված էր դեպի դուրս և այն տպավորոթյունն էր ստեղծվում, որ դուռը ուր որ է կընկնի վրադ: Թակեցին դուռը, բացող չկար, կրկին թակեցին, լսվեց քստքստոց։ Դռանը մոտեցավ մի հեգ կին. նա տան մայրիկն էր: Հիվանդ էր մայրը, մի կերպ հասավ դռանն ու բացեց: Տնօրենին տեսնելով ծեր կինը շփոթվեց, բայց արագ վերգտավ իրեն և տուն հրավիրեց.
– Համեցեք ներս, սուրճ խմենք:
Կնոջ նպատակն այն էր, որ տնօրենը տեսնի նրանց ապրուստը, թե ինչ վատ վիճակում են ապրում:
Տնօրենը խիստ հայացք նետելով մերժեց, իսկ Գուգոն խելոք-խելոք կանգնած սպասում էր հրամանին, որ անջատի։ Կանգնել էր տնօրենի հետևում, որ կրկին չտեսնի նրանց խեղճ վիճակը:
– Չէ՛, շնորհակալ եմ, ընձի լավ է քու պարտքդ հյուրասիրես,- կտրուկ ասաց տնօրենը:
– Ա՜խր…
– Հե՛չ մի ախր, կամ փողը կամ կանջատենք:
Խեղճ կինը կոպիտ պատասխան ստանալուց սսկվեց:
Տնօրենը չթողեց ոչ մի ավել բառ խոսեր կինն ու Գուգոյին հրամայեց անջատել:
– Գուգո անջատե, խաղ ու պար չենք էնե, ոչ է պարապ ենք:
Գուգոն գլուխը կախ մոտեցավ հաշվիչների արկղին, բացեց ու անցավ իր գործին: Մինչ վարպետ Գուգոն իր գործն էր անում, կինը տնօրենին համոզում աղերսում էր, որ չանջատեն ու ժամանակ տան: Գուրգենին մի փոքր անհարմար էր աշխատելը, վախվխելով տնօրենին խնդրեց օգնել:
– Սևակ ջան, որ խնդրեմ միամ կօգնե՞ս, շուտ պրծնինք երտանք:
– Քու գործդ է, ես բդի էնե՞մ, սաղիդ գործը ես բդի ենեմ, դե սա աշխատող չպահեմ, ու՜ֆ, սա՛, ինչ բդի էնեմ:
– Էս մլից զգու՜շ բռնե, շատ օգնած կեղնիս:
Շքամուտքի ձայներից հարևան տատիկը դուրս էր գալիս, իբր թե գնում էր դուրս, բայց 4-րդ հարկից առանց ալարելու իջավ վար, որ տեսներ թե ինչ է կատարվում: Ուշադիր զննեց, տեսավ, որ անջատում են լույսը: Այն պահին, երբ մի լարից` մինուսից, բռնել էր տնօրեն Սևակը, իսկ մյուսից` պլյուսից, վարպետ Գուգոն, հարևան տատիկը մի գեշ անեծք ասեց․.
– Տոկը զարգե, չորնաք սատկիք,-ու արագ իջավ գնաց:
Տեղնուտեղը հոսանքը խփեց ու երկուսն էլ չորացան ընկան:
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Հիվանդանոցում
Ուշաթափվել ընկել էին, մինչ երեխաները կանգնած ծիծաղում էին Գուգոյի բիզ-բիզ մազերի վրա, ծեր կինը շտապ օգնություն կանչեց: Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, Գուգոն` հիմարավուն ժպիտով և բիզ-բիզ մազերով, իսկ Սևակը` հոնքերը կիտած ու մռայլ: Գուգոն փոշոտ աշխատանքային շորերով էր, իսկ Սևակը` մոխրագույն, հազիվ կոճկված վերնաշապիկով ու մուգ տաբատով: Տան դռան կողքին դրված էր գործիքների պայուսակը: Մինչև շտապ օգնությունը հասավ, օրը կես դառավ:
– Շուտ էրե՛ք, երրորդ հարկն են ընկած,- աստիճանների մոտ շտապ օգնության բրիգադին դիմավորեց ծեր կինը։
– Հանգիստ, յա՜, տիկին ջան:
Բժիշկները բարձրացան երրորդ հարկ, զարկերակները ստուգեցին, փորձեցին տեղափոխել պատգարակների վրա: Նիհար Գուգոյին արագ իջեցրին և մեքենայի մեջ դրեցին, ապա վերադարձան Սևակի հետևից։ Բարձրացան վերև, Սևակին դրեցին պատգարակի վրա ու փորձեցին աստիճաններով իջեցնել։
– Քա ինչխ էլ ծանր է տնաշենը, մեջքս պոկվավ,- բժշկի ոտքերը ծանրությունից ոլորվեցին, լավ է, որ պատգարակը չգցեցին:
– Ժողովու՜ր, լը օգնե՛ք, իջցնենք էս սևոտ մարդուն, սիկ վայտե էլ ցանցի պետն է,- ձեռքերի շարժումներով կանչում էր հավաքվածներին:
– Կերևա, էնքան է կերել մեր փողերը, լը փորի աշեցեք,- ասաց շենքի տատիկներից մեկը:
Պատգարակի վրա պառկած Սևակին մի կերպ մտցրին մեքենան, ու շտապ օգնության մեքենան քաղաքի դարուփոս փողոցներով սլացավ դեպի հիվանդանոցը։
Հետազոտություններից հետո Գուրգենին տեղափոխեցին լուսավոր պալատ: Պալատում մի տղամարդ էլ կար պառկած: Նա գունատ տեսք ուներ և դժվարությամբ էր շնչում: Գուգոյին պառկեցրին պատուհանի մոտ, արևի ճառագայթները ընկել էին աչքերին, սակայն դեռ ուշքի չէր գալիս: Պալատում ներդաշնակ հանգիստ էր տիրում, որը հանկարծ խախտվեց: Անտանելի դզզոց լսվեց, որը որոշ ժամանակ հետո անջատվեց: Գուրգենը սկզբում բացեց մի աչքը, հետո մյուսը: Աչքերը բացելուն պես լուսավոր, սպիտակ առաստաղը երևաց: Պատուհանը բաց էր, մաքուր ու սառը օդը փարվեց դեմքին։ Ծիտիկների մեղմ ծլվլոցը ականջներն էր շոյում։ Աչքերը տարուբերեց, հետո տեսավ իրեն ուշադրությամբ նայող զույգ աչքեր, որոնց մեջ հոգատարություն ու գթասրտություն կար: Սպիտակ շորերով աղջիկը հակված էր իր իր վրա ու ինչ-որ բան էր ասում: Հուր մազեր ուներ, արտահայտված, երկնագույն աչքեր, ալ կարմիր շրթունքներ: Արևի ճառագայթները այնպես էին լուսավորել աղջկա գլուխը, որ թվում էր գլխին լուսապսակ կա ու լույսը հենց նրանից է հորդում։ Իսկական հրեշտա՜կ: Գուգոն երկմտանքների մեջ էր, չէր հասկանում, թե ինչ է եղել, ու ինչ գործ ունի այս անծանոթ վայրում: «Ա՜յ, մա՜րդ, էս ուր եմ, ի՞նչխ եմ ստեղ հայտնվել, չեմ է հիշե, ի՞նչ է եղե, սիկ դրա՞խտն է, թե՞ դժոխքը, բայց ինչխ կքցեմ կբռնեմ դրախտն է, բը Գաբրիել հրեշտապետը ու՞ր է, սիկ աղջիկ է»:
Աղջիկը մոտեցավ ձախ մահճակալին պառկած տղամարդուն և հարցրեց.
– Սիրտդ ի՞նչխ է, պարոն Պետրոս:
– Եսիմ է՜հ, հեչ լավ չեմ եսօր, երևի եղանակից է, սիրտս բերանս գուկա,- մի կերպ պատասխանեց Պետրոսը:
– Կու՞զես ելնինք մաքուր օդի, օդը ստեղ ծանր է:
– Քել, ջանի’դ մեռնիմ, դու օր չեղնիս, իմ մասիս մտածող չկա:
«Փաստորեն ես հիվանդանոցն եմ, բայց ընչի՞»․ մտածում էր Գուգոն:
Բուժքույրը նստեցրեց հիվանդին անվասայլակին ու պալատից դուրս գալիս շրջվեց Գուգոյին.
– Ձեզ ինչ-որ բան պե՞տք է։
– Քուր ջան, սպես մե հարցմ, ուրտի՞ց եմ ստեղ ընկել:
– Տոկն է խփել, բերել են, ինչ-որ բանի կարիք ունի՞ք:
– ՉԷ՛, իսկ ե՞րբ դուրս կգրեք:
– Երբ զգացիք, օր արդեն լավ եք:
– Լավ, բժշկուհի ջան։
Բուժքույրը դուռը փակեց ու գնաց։ Գուրգենը մնաց մենակ իր մտածմունքների ու խոհերի հետ։ Փորձեց վերհիշել ամբողջ օրը` հերթականությամբ թվարկելով. «Առավոտ կանուխ քունս հարամ էղավ, շեֆիս զանգից ելա, գնացի էլ ցանց, հետո ու՞ր գնացի, է~ չեմ հիշե, լը րոպեմ սխալ սի։ Առավոտ զանգի ձենից ելա, հետո կնկաս` թևերը քշտած, ոչ բարով տեսա, գեստապոյին էլ շնորհավորի։ Գնացի էլ ցանց, շեֆս բանմ սեց ելանք, բայց ո՞ւր, ու՞րտեղ է տոկը ինձի խփել, վայտե գնացինք տեղմ հոսանքը անջտելու, բը լավ ես ստեղ եմ, բը են խիշնիկը ո՞ր ջանդամներն է, բան չեմ ջոկե։»
Գուգոյին սկսեց խանգարել իր վրա գցված ծածկոցը, որը շատ հաստ էր ու սկսեց ծակծկել մարմինը` փշի պես։ Մի կողմ շպրտեց, անհանգստությունից նստեց ու եղունգները սկսեց կրծել։ Ձեռքերը տանջված տեսք ունեին. ընտանիք է պահում, բան չես կարող ասել, խեղճը ո՞ր մեկն անի, ձեռքերը խնամելու ժամանակ չունի։ Կրծեց ու կրծեց եղունգները, բայց այդպես էլ շարունակությունը չհիշեց։ Պալատում հանգիստ էր, Գուգոն պատուհանից դուրս էր նայում, մեկ էլ նորից ականջը ընկավ անտանելի ձայնը, որը կարծես ճանճի դզզոց լիներ։ Զգաց, որ հեռախոսն է, ելավ տեղից, մահճակալի ծայրերից բռնելով, երերալով քայլեց ու հասավ կախիչից կախված իր առօրյա, փոշոտ բաճկոնին, որի գրպանում անդադար հեռախոսն էր դզզում։ Հանեց հեռախոսը, բայց քիչ էր մնում վախից գցեր.
«Աստված ջան, մենակ ընձի էս պահին լաճառ կնիկս էր պակաս, օձ մոր ծնունդն է, օր չվերցնեմ, էլի կզանգե, նադայել կենե, ու՜ֆ լավ է վերցնեմ, 10 հատ զանգել է, թե սա օր չեմ պատասխանե՝ զբաղված եմ անֆայմ»։
– Սա, ա՛յ կնիկ,- չհասցրեց էլ մի բառ ասել, կինը սկսեց բորբոքվել։
– Յաա՜, զահրումա՜ր, էս բարեհաճիր պատասխանել, մյամ է դու հարաքյաթով կխոսաս։
– Սուսա՛ն, թե նոռմալ բան պիտի սես` սա, թե չէ` կախե։
– Ստեղ, եթե մեկմ կա, որ անոռմալ է, ըդիկ դու ես։
– Վա՜յ, Աստված ջա՜ն, տո կսեմ բան ունիս սելու` սա, ինչ լոլոներ կկարդաս։
– Ո՞ւր ես, ուրդեղաներ ես, չսի՞ շուտ գուկաս, անհասկցո՛ղ։
– Ըմպես չէ որ ես հավեսիս ֆռֆռամկը կամ բալ մասկարադ եմ։
– Բը մեկմ էղնի հարցնե, թե ի՞նչ կենես օր չես ֆռֆռա, սաղ աշխարհի դարդը քեզի են տվել, թե՞ Պուտինն է մոտը կանչե։
– Ահա՜ա, մարդ է սկան դարդ էղնի, հիվանդանոցն եմ, տոկն է խպեց չպրծա, վայտե մեռնիմ էլ պրծում չունենամ։ Քիչմ հետո դուրս գրեն, ելնիմ գուկամ։
– Ը՛խկ, ձախորդ փանոս, ըդիկ ընձի վաբշե չի հետաքրքրե, շանը սատկել չկա, 6-ին տունը էղնիս։
– Հա դե, մորդ նվերն առա՞ր։
– Ուղեղդ լրիվ է թափե, ավլել – տարե՞լ են, չեմ ջոկե, չսի բանմ կառնիս, փողն է աջ ջեբդ դրի։
Գուգոն ձեռքը մտցրեց աջ գրպանը ու տեսավ, որ իրոք կինը ճիշտ էր ասում, Թումանյանը սևեռուն հայացքով իրեն էր նայում։
– Հա մոռացել էի, նայի նոր տեսա։
– Լը րոպեմ, դու հաստատ հիվանդանոցն ես, թե՞ էլի բառադի ընկերներիդ հետ լակեսկը, Գուգո տղա իմացա խաբեսկը․․․
– Այ կնի’կ, տո կսեմ հիվանդանոցն եմ, ախպոր պես մի պատմություն սարքե, գլուխ չունիմ:
– Ըդիկ ես է գիտեմ, օր գլուխ չունիս, լավ է օր վրեդ կվերցնես:
– Ահա՜, հմի սա մորդ ի՞նչ առնիմ։
– Էդե դու մտածե, մտի խանութ բանմ առ։
– Մեր մեջի կնիկ մարդը դու ես, ես էդ զիզի-բիզի բաներից չեմ ջոկե:
– Անբաշար մարդ, սաղ ես կենեմ, մնաց տեղդ է հաց ուտեմ ու ֆսյո:
– Իսկ օր չառնի՞մ, մեկ է մերդ անուն պիտի դնե, շառից – փորձանքից հեռու:
– Իմ մերս սայլուկ չէ, օր լավ բանին անուն դնե, նոռմալ բան առ բեր, գլուխս մի՛ հարթուկե, սկան ժամանակ մե բանիմ է անուն դրե` քեզի, էնե ես իմ մորս չլսի էշի պես:
– Ափսո՜ս, լսած բդի եղնեիր:
Գուգոյի կինը սեղանը գցելուց հետո սենյակում առանձնացել ու որոշել էր ամուսնուն զանգել` մորից թաքուն։ Սկզբում որոշել էր փսփսոցով խոսել, որ հանկարծ մայրը չլսեր, այն էլ նյարդերը տեղիք տվեցին: Գնալով բարձրացավ ձայնի տոնը ու դարձավ մյուսներին լսելի ։ Սուսանը ցանկանում էր շարունակել իր խոսքը, երբ մայրը` մազերը «բիգուտիներով» փաթաթած ու ծաղկավոր խալաթով, անսպասելի ներխուժեց սենյակ։ Դեմքի միմիկաներից երևում էր, որ ինչ որ բանից դժգոհ է, վերցրեց հեռախոսը ու սկսվեց, իսկ թե՞ ինչը հիմա կհասկանանք.
– Չես ամնչե, ուրորաե սաղ գուկան, բայց դու լը չկաս, ամոթ բան չունի՞ս, կյանքիդ մեջ ճիշտ ժամանակը չհասկցար` ինչ է։
– Մեր ու աղջիկ ի՞նչ քարոզ կկարդաք, ան քիչմ հետո գուկամ։
– Վա՜յ, ի՞նչխ ես քեզի աղջիկ տվի, մարդ է քեզի պես փեսա ունենա, այսինքն սա ես ինչ մեղք ունիմ, աղջիկս էր սայլուկ, օր նախիրի միջից էշի ճակատը պաչեց, հերիք չէ պաչեց, մյամ է բերեց տունս` տնփեսա։
– Մառու՛ս, զզվցրիր թողիր, հերիք է երեսով տաս, ըմպես չէ օր պարապ-սարապ սաղ օրը նստած եմ, գնա հույրերիդ դիմավորե։
– Լավ լը դու տուն արի, հալդ կտեսնիս ճիվաղ անտեր:
Գուգոն հեռախոսը անջատեց, իսկ Սուսանը չգիտեր` ինչ աներ, մի կողմից մայրը, մյուս կողմից ամուսինը:
Դռան զանգը հնչեց, Մառուսը` շտապեց հյուրերին դիմավորելու, իսկ Սուսանը վանդակավոր, կապույտ երանգի վերնաշապիկ հանեց Գուգոյի համար, որ տուն հասնելուն պես փոխվեր ու նորմալ, ներկայանալի տեսք ունենար։
Գուգոն հոգնել էր նման խոսակցություններից, անտանելի էր դարձել զոքանչի պահվածքը, իսկ ինքը ոչինչ չէր կարող անել։ Մի երկու-երեք տարի առաջ դեռ լավ էր, առանձին էին ապրում, հետո գումարի սղության պատճառով տեղափոխվեցին զոքանչի տուն ու այդ օրվանից վեճը անպակաս է իրենց ընտանիքից։ Զոքանչը անընդհատ խառնվում էր, կոտրած շերեփի պես մեջ էր ընկնում ու ավելի էր սրում իրավիճակը։ Աղջկան տրամադրում էր Գուգոյի դեմ, անպատճառ փնովում ամեն արած գործը: Միշտ երեսով էր տալիս, որ իր տանն են ապրում` իր հաշվին։ Ինչքան կարող էր լռել, լռել ու չխոսել։ Սկզբում մտածում էր, որ ժամանակի հետ ամեն ինչ կկարգավորվի, սակայն ոչինչ չէր փոխվում, դեռ մի բան էլ ավելի էր բարդանում։ Հիմա էլ պետք էր մտածել նվերի մասին, ինչ գնել, որ բողոքավոր ու ամեն ինչին անուն դնող զոքանչին դուր գար։ Մտավ սանհանգույց, լվացվեց, թարմացավ, նայեց ինքն իրեն հայելու մեջ, սկսեց մատներով մի կերպ մազերը ուղղել, տեսքը կարգի բերել ու մտածեց. « Լավ բը ես էդ հինգ հազարի ի՞նչ առնիմ, դուխի առնիմ, բայց ի՞նչ հոտի, քաղցր առնիմ, կսե շաքարս բարձրցավ, սուր առնիմ, կսե աչքերս մրմռաց, լավ բը ես ի՞նչ էնեմ։ Ծաղիկ առնիմ, բը որ դուրը չգա, գլխիս տա, լավ հեչ մի բան, օր գոնե նվերը չտա գլխիս, ըդպես քիչ ցավոտ կեղնի։ Վազ, շուշեղեն չեմ առնի, նախտ գլխիս կջարդե: Թե սա դու, քու մերդ, ես տուտ պրիչոմ, մարդ չիդե որը մտածե, է՜հ »:
Մինչ սանհանգույցից դուրս գալը, սենյակ վերադարձավ հիվանդը` բուժքրոջ հետ միասին։ Բուժքույրը զգուշությամբ պարկեցրեց, բարձն ուղղեց, որ գլուխը հանգիստ վրան դներ, ծածկոցն էլ գցեց ու գնաց։ Գուգոն մտքերի մեջ էր լող տալիս, անհանգիստ էր։ Քայլում էր, կանգ չէր առնում, մտքերի միջից չէր կարողանում դուրս գալ, որովհետև խելքին մոտ լուծում չէր գտնում: Մտածում էր նվերի մասին, ընդհանուր ծննդյան հավաքույթի ու հյուրերի մասին.« Էլի նամռոտ դեմքերով բտի գան նստին, իրանք սեն, իրանք խնդան, ձենները սաղ տնով քցեն, հարբին սաղ սեղանն է սրբեն երթան»:
Հանկարծ ինչ-որ տարօրինակ ձայն լսեց ու շտապ դուրս վազեց. հիվանդը սկսել էր ծանր շնչել` հևիհև, անընդհատ ձեռքերով մահճակալին էր խփում, փորձում էր ձեռքը մոտեցնել ահազանգի կոճակին և օգնություն կանչել: Ճակատը քրտինքի մեջ կորել էր, կտրուկ վատացել էր ինքնազգացողությունը: Գուգոն շտապեց սեղմել կոճակը և ավելի լայն բացեց պատուհանը: Բժշկությանը ընդհանրապես ծանոթ չէր, սակայն տեսել էր, որ երբ մեկը վատանում է, պատուհանը բացում են` մաքուր օդ ապահովելու համար: Հիվանդը փորձում էր խոսել, սակայն ուժը չէր հերիքում: Բուժքույրը եկավ սենյակ, մտածելով թե սովորական գանգատ է, տեսավ, որ լուրջ է և վազեց գործիքների ու բժշկի հետևից: Մինչ բժիշկները կգային, հիվանդը սիրտը բռնեց ու անշարժացավ։ Երիտասարդ բժիշկը անմիջապես հասկացավ, որ սրտի կանգ է արձանագրվել, հանեցին էլեկտրաշոկերը, բայց սարքը չաշխատեց։ Բուժքույրը գնաց պալատի լույսը վառելու, որ տեսներ` արդյոք լույս կա։ Լույսերը տարել էին։ Խուճապահար եղած երիտասարդ բժիշկը անելանելիության շոկի մեջ նորից ու նորից էր արհեստական շնչառություն տալիս ու էլեկտրաշոկերը գործի դնում։
Գուգոյի դեմքը այլայվել էր, տեղում քարացել էր. իր դիմաց մարդ էր մահանում։
«Քա, էս մարդը հմի կմեռնի, էդ անտեր լույսերը ինչի չեն տա, գոնե տան արագ, հասցնեն փրկել »: Գուգոյի մտքի վրա, լույսերը միացան, բժիշկը նորից գործի դրեց էլեկտրաշոքերը: Լսվեց հիվանդի շնչառության ձայնը, սրտի աշխատանքը վերականգնվեց։
«Է՜հ, աբրիս Աստված ջա՜ն, փրկիր խեղճի կյանքը, մազիցմ էր կախված, չտարար մոտդ»: Գուգոյի շունչը տեղն ընկավ, հանգիստ հոգոց հանեց: Բժիշկները հիվանդին տեղափոխեցին հատուկ հսկողությամբ պալատ: Գուգոն սենյակում շուռումուռ եկավ, հետո հագավ բաճկոնը, մի երկու րոպե սպասեց, տեսավ, որ մարդ չի գալիս, որոշեց դուրս գալ:
Գլուխ երրորդ
Բոցավառվող մազերը
Գուգոն կամաց- կամաց, գլուխը պտտելով դուրս էր գալիս պալատից։ Միջանցքում մարդ չկար, բայց հենց որ ուզում էր քայլել դեպի հիվանդանոցի ելքը, բժշկուհին դիմացը ելավ։
– Էս ու՞ր կերթաք:
– Տուն, բժշկուհի ջան:
– Բը պալատի փո՞ղը:
Գուգոն մտքերիի մեջ ընկավ․ « Մե րոպեմ, Սուսանն ըսավ, օր ջեբս փող կա, տա՞մ թե չէ, Մառուսը օձի պես կֆշշա »:
– Հե՜յ, հիվանդ:
– Հասկցա, բժշկուհի ջան, հմի կուդամ:
– Դրամարկղում մուծեք:
Գուգոն կամաց-կամաց դողդողալով, քթի տակ փնթփնթալով գնաց դեպի դրամարկղը․ «Տամ, տամ էդ փողը, պրծնիմ ես հիվադանոցից»։
Գուգոն գրպանից հանեց փողը, մեկնեց աշխատակցուհուն, բայց երբ դրամարկղի ախատակցուհին բռնեց,երկար ժամանակ բաց չէր թողնում փողը , բժշկուհին փորձում էր վերցնել, իսկ Գուգոն ձիգ-ձիգ պահում էր.«Տամ, տունը ինձի կսպանեն, չտամ սոնկ յախես կընկնին, ուֆ տամ»: Գուգոն մեծ դժվարությամբ բաց թողեց փողը, դուրս եկավ հիվանդանոցից: Հիվանդանոցի դիմաց մի սպիտակ գույնի տաքսի կար, պատուհանը կիսաբաց էր: Գուգոն մոտեցավ ու հարցրեց.
– Վարպետ ջան, ազատ ես՞:
– Հա, նստի:
– Քշե վարպետ,- նստելով մեքենան ասաց Գուգոն,- տեքստիլ ել, հետո շենքի տեղը կսեմ։
Վարպետը միացրեց շաժիչը ու մեքենան տեղից պոկվեց։ Ավտոմեքենայում բարձր ու ուրախ երաժշտություն էր հնչում։ « Իմ սև սիրտս ու իրա քեֆլամիշի երգը»․ մտածեց Գուգոն:
– Էս տաքիստի գործը գործ չէ,- բողոքում է վարորդը:
– Ընչի՞, ապ ջան:
– Դե սաղ օրը սոր ընոր տանիմ բերեմգը, բայց առանձնապես փող չեմ աշխատի: Ըբը դո՞ւ ինչ կաշխատիս:
– էլետրիկ եմ:
– էս վերջերս շատ շուտ-շուտ կանջատեն լույսերը, սաղ ապրանքը փչանագը, յանիմ մենք տեխնիկա ունինք, մյամ է վարի կուտաք, ի՞նչն է օր խնդիրը:
– Եսիմ ախպեր ջան:
– Էլ ցանցը կաշխատիս ու չիդե՞ս, մեռաք լույս տատանելով, մարդ չի կռնա մտնի հանգիստ լողնա, երեկ էր մտա ու կեսից լույսը անջտիք, առիստոնս է հետը անջատվավ:
– Ես ի՞նչ կռնամ էնեմ, մեր լույսերն է շուտ-շուտ կանջատեն: էսօր է զոքանչիս ծնունդն է, թող էսօր է էլի անջատվի, ըդոր ծնունդն է հարամվի:
– Ի՞նչ բտի տանիս նվեր:
– Հեչ բան, ըդոր էդ էլ է շատ :
Ու այդ պահին նրանք կագնեցին լուսացույցի տակ, վարորդը նայեց պատուհանից դուրս ու դժգոհեց.
-Ես սվետաֆորն էլ վախտը գտավ կարմիր գույն ցույց տալու:
Գուգոն մեքենայի մեջ նստած մտածում էր, թե ինչ պիտի ասի տանը, թե ու՞ր է նվերը ու ինչու չի բերել, մտածում էր, որ էլի իր կինը ու զոքանչը պիտի խոսեն իր վրա, բացի դրանից գլուխը պտտվում ու ահավոր ցավում էր։
«Տո ես սվետաֆորը ընչի չի փոխե կանաչ, բայց թե ըմպես չէ օր տուն երթալու համար ուշքս կերթա»,- Գուգոն մտքերի մեջ էր: Այդ պահին Գուգոյի աչքերից կայծ թռավ, լուսացույցի կարմիր գույնը փոխվեց կանաչ, այնպես ակնթարթորեն կատարվեց, որ Գուգոն էլ չնկատեց։ Շաժվելուց հինգ րոպե անց, առջևում կանգնած ավտոմեքենաներին շրջանցելով ընկան փոսը ու վարորդը գոռաց.
– Էս փոսերը չշինին:
– Հա, էլ մի ըսա, օրմ մեկի ավտոն կփչանա, էդ ինչը շինին օր ես շինեին, քանի տարի է խոսք կուտան օր ճամփեքի վիճակը լավ կեղնի:
– Երգիը երգիր չէ:
– Ճիշտ կսես, էսօր շեֆը կանչեց իրա մոտ ու ըսավ որ մե ընտանիքի լուս մարեմ՝ փող չեն տվել:
– Բը հետո՞:
– Ես էլ չէի ուզե, բայց որ երեխեքս սոված չմնան բդի անջատեի, նամռոտ մարդ է շեֆս:
– Վայ ես ըդոր անխիղճ հերը անիծեմ:
Մեքենան իր ճանապարհն էր շարունակում, շուրջը` փոշի, աղմուկ, քանդված փողոցներ, կիսաշեն մայթեր, ու անծանոթներ, որոնց դեմքին նայելիս կարդում էիր իրենց դժգոհության ու բողոքի վերաբերյալ: Ինչ Գուգոն նստել էր, անտրամադիր էր, ու ոչ մի բառ չէր ասում իր կամքով, վարորդը աքցանով էր քաշում բառերը բերանից: Վարորդը անընդհատ ուզում էր հարցնել, հետո կես ճանապարհից հետ էր դառնում, մտածում էր, որ իր գործը չէ, սակայն չդիմացավ ու հետաքրքրասիրությունից պոռթկաց.
– Ախպեր ինչ նստել ես, դուրս չես գա, էդ ի՞նչ կմտածես։
– Հեչ զոքանչիս նվերի մասին կմտածեի:
– Գուզես ստեղ կայնիմ նվեր առնիս:
– Չէ ախպեր ջան փողս ծախսել եմ:
– Ըբը հմի ի՞նչ բտի էնես:
– Եսիմ, ես շատ գիդեմ, օր քեզի ըսեմ:
– Վայ, էդ զոքաչներն օր կսկսեն, վերջ չկա:
– Ըդիկ հաստատ:
Ավտոմեքենան շրջադարձ կատարեց ու մտավ Գուգոյենց բակ: Բակում երեխաներն էին խաղում, տատիկները տաղավարում հավաքված հարևաններին էին քննարկում, Վազգուշի փռած լվացքին էին անուն դնում, մյուսի ամուսնուն քննարկում, Սիրուշի աղջկան անուն կպցնում, որ ամեն օր ուշ ժամի է տուն գալիս: Անեծքներ էին հնչեցնում շատերի հասցեին: Տատիկներից փախած պապիկները զառ էին գցում, բայց այնտեղ էլ հանգիստ վիճակ չէր, մեկը արագ էր զառը քցել ու քարերը շարել, որը մյուսին դուր չէր եկել, ու այդ փոքր բանից մի մեծ աղմուկ էր բարձրացել.
– Հասանք ախպեր ջան, հազար դրամ։
Գուգոն ռեֆլեքսորեն ձեռքը տարավ գրպանը, բայց այնտեղ փող չկար, մոռացել էր, որ փողը վճարել էր դրամարկղում, սկզբում շփոթվեց, հետո որոշեց բարձրանալ կնոջից վերցնել:
– Մե րոպեմ հմի գուկամ:
Գուգոն բացեց ավտոմեքենայի դուռը ու արագ քայլերով գնաց դեպի իրենց մուտքը: Բարձրացավ երկրորդ հարկ դուռը թակեց, կինը բացեց դուռը.
– Կնիկ շուդմ փող տու՛ր, տաքսին վարը կսպասե։
– Ինչխ թե, նվերը ուրա՞, մյամ է էկե ավել փող կուզես, տո այ դանդալոշ անդեր,- փորձում էր նվերը գտնել կինը:
– Գուկամ կպատմեմ, հմի դու փողը տուր։
– Դե սպասե, հմի կուտամ, – ասաց կինը ու պահարանի վրայից վերցրեց ու տվեց Գուգոյին։
Գուգոն արագ իջավ ներքև վարորդին փողը տալու համար.
– Վերցրա, ապ ջան։
– Աբրիս ապ ջան, քեզի համբերություն, – ասաց վարորդը ու քշեց։
Մինչև Գուգոյի հիվանդանոցից գալը Սուսանը ասել էր Մառուսին, որ Գուգոն իրեն նվեր է պատրաստել։ Զոքանչը ամբողջ օրը հետաքրքրվել էր, փորձել էր աղջկանից իմանալ` ինչ նվեր է, իսկ աղջիկը ասել էր, որ անակնկալ է, ծնունդի ժամանակ կիմանա: Գուգոն տուն վերադարձավ, ու կինը սկսեց տան շեմքին հարցախեղդ անել.
– Տո Գուգո, ուրա փողը, ի՞նչ ես էրե, այ տղա։
– Հերիք է ճվաս, թո՛ղ ներս մտնիմ։
Սուսանը հետ քաշվեց, սպասեց մինչև տուն մտնելը, հետո շարունակեց.
– Քեզի հետ եմ, նվերը չեմ տեսնի, բը փողն ուրա՞, լավ անցի ներս, ես քեզի հեդ հետո կխոսամ։
Գուգոն ծկլատում էր միջանցքի դռան արանքից, որպեսզի տեսներ, թե ովքեր են հավաքվել զոքանչի ծնունդին: Էլի նույն դեմքերն էին: Հյուրասենյակը փոքր էր, ու զարմանալի էր, թե ինչպես էին ողջ ազգով տեղավորվել: Կանանցով էին մենակ, կներեք, մեկ էլ չստացված բաջանաղը ու անհաջող հարևանը: Կինը սենյակ կանչեց, արդուկած վերնաշապիկը տվեց, որ փոխվի, իրենց իր փնթի տեսքով չխայտառակի:
Գուգոն վերնաշապիկը հագավու ու մտավ հյուրասենյակ, ուր հավաքված էին բոլոր հյուրերը։ Բաջանաղը, որ այդ պահին կենաց էր ասում, Գուգոյին տեսնելով ներս կանչեց.
– Լավ է էկար Գուգո, նստի՛:
Բաջանաղը` զոնքաչի սիրելի փեսա Սասունը, աշխատում էր քաղաքապետարանում, բայց մեր մեջ ասած շատ կաշառակեր ու անազնիվ մարդ էր, ամեն քայլափոխին խաբում էր մարդկանց ու փորձում էր փող կորզել:
Սասունը վերցրեց օղին ու լցրեց բաժակը։ Այդ պահին ներս մտավ Կարինեն, ով Գուգոյի քենին էր ու դպրոցում ուսուցչուհի էր աշխատում, տեսավ Գուգոյին ու սովորության համաձայն չլռեց.
– Իյա՜, էկե՞լ ես Գուգո, քուրս ըսավ, օր դու նվեր բդի տաս մորս։
– Մալադեց բաջո, էս որոշել ես զոնքոյին սյուպրիզ էնե՞ս, – մեջ ընկավ Սասունը։
– Տո, ա՛յ տղա, քեզնից ձմեռը ձուն ուզենք չես տա, ուր մնաց նվեր, խեր էղնի,- ասաց Վազգենը, ով Գուգոյի անպարտաճանաչ հարևանն էր, ամեն անգամ ինչ որ գործիք էր վերցնում ու չէր վերադարձնում:
Գնալով քչանում էին Գուգոյի գործիքները, ինքն էր գնում արդեն խնդրում:
– Դե Գուգո, հանե նվերը տեսնինք,- անհամբեր կերպով ասաց Կարինեն:
Եվ այդ պահին ներս մտավ Մառուսը` կարմիր շիֆոնե զգեստով, խայտաբղետ դիմահարդարմամբ, գլխին հավաքած մի մեծ կոս, հազիվ էր կանգնում կրունկների վրա։ Նա նայելով Գուգոյի ձեռքին, բայց չտեսնելով նվերը ասաց.
– Աղջիկս ըսավ, օր դու նվեր բդի տաս ընձի։
Գուգոն գլուխը կախեց ու ոչինչ չպատասխանեց։ Եթե պատմեր իր հետ կատարվածը, ծաղր ու ծանակի առարկա էլ դառնալու։ Ավելի լավ է լռեր։
Այդ պահին վրդովված ու ջղանացած Սուսանը ներս մտավ.
– Գուգո քեզի նվեր չի առել մամ: Ես եկուց քեզի կուտամ։
Մառուսը արհամարանքով նայեց Գուգոյին ու ասաց.
-Ախչի, քեզի հազար անգամ ըսի սոր մի առ, դու ընձի չլսեցիր։
– Ու՜ֆ, էլի սկսիր, մամ։
Մառուսը դեմքի արհամարական արտահայտությունը չփոխելով անցավ Գուգոյի կողքով ու նստեց Սասունի կողքին։
– Ի՞նչ լցնեմ զոքանչ։
– Գինի լից։
Սասունը վերցրեց շիշը, բաժակները լցրեց ու կենաց ասաց.
– Զոքանչ ջան, դու մեր վեհություն, դու մեր սրբություն, դու ընձի շատ ես օգնե, դու լավ ծնող ես, որ ընձի տվիր քու աղջկադ։Կենացդ։
Մառուսը վերցնում է բաժակը նայում է Սասունին ու ասում.
– Աբրիս, փեսա ջան, Կարինեի բախտը բերեց, բայց էն մյուս աղջկաս բախտը չբերեց, որ էս դանդալոշին առավ։
Արյունը խփեց Գուգոյի գլխին, դեմքը կատաղությունից կարմրեց, բայց փորձեց զսպել իրեն։ Այդ պահին հայացքը ընկավ զոնքաչի մազերին ու պատկերացրեց, թե Մարուսի մազերը ոնց են վառվում։ Հենց նույն ակնթարթին Գուգոյի աչքերից կայծ թռավ, զոքանչի մազերը բոցավառվեցին: Մարուսը բռնեց գլուխը ու ճչաց։ Սասունը արագ կողմնորոշվեց ու սեղանին դրված գրաֆինով կոմպոտը լցրեց Մարուսի գլխին։ Կրակը մարեց, բայց վառված մազերի հոտը ընկավ ամբողջ սենյակով մեկ: Ոտքից գլուխ թրջված Մարուսը սկսեց աղեկտուր լացել։ Աղջիկները գրկեցին իրենց մորը և սկսեցին հանգստացնել։ Հարևանները շուտ լքեցին տունը` հասկանալով, որ տոնը արդեն անվերադարձ փչացել է։ Բացի Գուգոյից ոչ ոք չհասկացավ, թե դա ինչպես կատարվեց։
Գլուխ չորրորդ
Էլեկտրոմենը
Զոքանչի մազերը բոցավառելուց հետո, Գուգոն հասկացավ, որ ունի էլեկտրականությունը ղեկավարելու շնորհ: Նա սկզբում վախեցավ, իսկ հետո մտածեց, որ կարող է լավ նպատակներով օգտագործել այդ շնորհը: « Լավ է, օր հեչ մարդ չհասկցավ, օր ըդիկ ես էի». մտածեց Գուգոն և որոշեց ոչ մեկին չասել իր շնորհի մասին:
Իսկ ի՞նչ կարող է անել խեղճ էլեկտրիկը, ով նոր էր իմացել իր գերուժի մասին: Գուգոն վճռեց, որ պետք է անպայման օգնի մարդկանց:
Առավոտ էր: Գուգոն արթնացավ փոշեկուլի ձայնից։
– Ախչի Սուսան, առավոտ կանուխ ընչի ես էդ պիլասոսի ձենը քցե:
– Այ տղա, ըբը տունը չհավաքե՞մ:
– Վայ, Սուսա՜ն,-փնթփնթաց Գուգոն, բայց հենց այդ պահին մտքով անցավ, որ կարող է փոշեկուլի աշխատանքը դադարեցնել ու այդպես էլ արեց:
– Վա՜յ, էս ինչ էղավ այ մարդ:
– Ի՞նչ էղավ օր,- թաքուն հրճվեց Գուգոն։
– Պիլասոսը փչացավ, արի՛ հլը, շուդըմ նայե:
«Ու՜խ, էս ինչ լա՜վ է»․ մտածեց Գուգոն: Նա կնոջը ասաց, որ լուրջ բան չկա, մնա հետո կսարքի: Հետո սկսեց հագնվել: Իր հագուստի վերնաշապիկի կոճակներն էր կոճկում, հանկարծ իր մտքով անցավ իրենց հարևանուհին` Ջեմման: Գուրգենը հիշեց, թե ինչպես էր Ջեմման իրենից խնդրել վերանորոգել իր տեխնիկական սարքերը: Նա որոշեց, որ իր առաջին բարեգործությունը կլինի Ջեմմային օգնելը: Մտքերը ցրելու համար Գուգոն նախ գնաց խոհանոց: Այնտեղ նաև նրա կինն ու զոքանչն էին, երեխաները դեռ քնած էին:
– Գուգո՛, այ տղա՞, ձեռներդ լվացե՞լ ես, որ եկել ես հաց ուտելու,- պահը բաց չթողնելով հեգնեց Մառուսը, որ գլխին շալ էր կապել այրված մազերը թաքցնելու համար։
– Ես քեզի պես չեմ,-արագ պատասխանեց Գուրգենը:
– Գուգո՛,- բղավեց Սուսանը, հետո դարձավ մորը,- վե՛րջ, մամ:
Գուգոն հագավ իր էլեկտրիկիի շորերը և գնաց հարևանուհու տուն: Երկար ժամանակ թակում էր դուռը:
– Մե րոպե՜մ, սպասե՜ք, տիա էկա,- դուռն արդեն բացել էր,- վա՜յ, Գուգո ջան, դու է՞ս:
– Բարև Ջեմմա տատ: Էգել եմ քեզի օգնեմ` գործիքներդ սարքեմ:
– Վա՜յ, ապրիս Գուգո ջան, ըբը ներս արի, ընչի էս կանգնե :
Հարևանուհին ուրախությամբ ներս ընդունեց Գուգոյին: Սուրճ առաջարկեց, լսելով Գուրգենի համաձայնությունը` գնաց պատրաստելու: Իսկ ինքը այդ ընթցքում ձեռքի շարժումով վերանորոգեց տիկին Ջեմմայի կենցաղային իրերը:
– Գուգո ջան, արևիդ մեռնիմ, սարքեցի՞ր, աբրիս շատ:
– Խնդրեմ, Ջեմմա տատ ջան, լավ ես երտամ:
– Ըբը կոֆե՞դ ով բդի խմե:
– Մնա մյուս անգամ, տատ ջան:
Նա չվերադարձավ տուն, այլ գնաց դուրս քայլելու: Քայլում էր իրենց փողոցում ու հանկարծ լսեց ինչ-որ տան խոսակցություն.
– Դե զզվցրիր արդեն, ըսիգ սարքե, ընիգ սարքե, հոգնել եմ արդեն,-գալիս էր տղամարդու ձայնը:
– Որովհետև հեչ բան չես սարքե, ո՛չ միկսեռը, ո՛չ էլ դուխովկեն:
– Հասկցա՜նք, մնա հետո կսարքեմ:
Գուգոն մտածեց, որ հենց նրանք են, ում պիտի օգնի: Մատի մի քանի շարժումով նորոգեց հարիչը, իսկ հետո վառարանը: Տղամարդը վերցրել էր հարիչը ու փորձում էր ինչ- որ բան անել:
-Հը, սարքեցի՞ր,- պոռտկաց կինը:
– Չիդեմ,- հուսահատվեց ամուսինը:
Նրանք միացրեցին հոսանքին հարիչը, ու հրաշք՝ հարիչը աշխատեց: Կինը զարմացել էր,իսկ ամուսինն ուրախացել էր, որ ստիպված չի սարքել:
– Տեսար, օր կսեի կսարքեմ,- հպարտ տեսքավ ասում էր ամուսինը:
Ամուսինները շատ ուրախացան, իսկ Գուգոն ինքն իրենով հպարտացած գնաց առաջ:
Այդ օրվանից սկսած` ամեն երկեո, Գուգոն տանից դուրս էր գալիս ու պտտվում քաղաքում` օգնելու մարդկանց: Վերանորոգում էր տարբեր տեխնիկական իրեր: Անջատված հոսանքները միացնում էր ու ամեն անգամ արժանանում այդ ընտանիքների գովասանքին:
Իսկ ու՞ր էր կորել Գուգոյի ղեկավարը: Ի՞նչ էր պատահել Սևակին հոսանքահարվելուց հետո: Ոչ մի տեղ չէին լսել նրա մասին, իսկ հիվանդանոցից հետո ոչ ոք չէր տեսել:
Համացանցում ու հեռուստատեսությունում տարածվել էր իր անհետացման լուրը: Քաղաքի պատերին շատ հաճախ կտեսնեիք այսպիսի հայտարարություն. «Տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել Սևակ Մուրադյանը: Նրա երկար տարիներ եղել է Գյումրու Էլ- ցանցի տնօրենը: Անհետանալուց առաջ իր հագին եղել են սև կոստյում և շականակագույն կոշիկներ: Տեսնողներին խնդրում ենք զանգել ոստիկանություն»: Սևակի կինն էր հայտնել ոստիկանություն, որ իր ամուսինը անհետացել է:
Իրականում Սևակին ոչինչ էլ չէր եղել: Այսինքն մի բան այնուամենայինիվ եղել էր, նա նույնպես ստացել էր էլեկտրականությունը ղեկավարելու շնորհ, սակայն ի տարբերություն Գուգոյի, նա չէր ուզում օգնել մարդկանց, այլ ճիշտ հակառակը։ Հոսանքահարվելուց հետո նրա հոգին ավելի էր չարացել։ Նա թաքնվել էր բոլորից ու հաստատվել Սև բերդում: Առաջին օրը, երբ գնացել էր այնտեղ, պարզեց, որ ունի էլեկտրականությունը ղեկավարելու շնորհ: Նա իր տրամադրության համաձայն անջատում ու միացնում էր լույսերը:
«Իսկ եթե սաղ ընձի հավաքեմ ու լիքը ուժ ունենա՞մ:»
Հրաշք միտքի փայլատակելուց հետո Սևակը նստեց ավտոմեքենան ու արագ սլացավ քաղաք: Նա գնում էր դեպի ամենախուլ թաղամասերն ու հոսանքը կուլ տալով անցնում մյուսին: Մարդիկ կարծում էին, թե այս ամենը հասարակ տեխնիկական խնդիր է, բայց նրանք շատ էին սխալվում : Սևակն իր ուժի միջոցով անջատեց քաղաքի բոլոր լույսերն ու ավելացրեց իր ուժը: Սևակը հոսանքը ոչ թե պարզապես անջատում էր, այլ էներգիան իր մեջ էր կուտակում:Նա որոշեց, որ իր ուժերով կարող է կառավարել բոլորին:
Գիշեր էր: Դրսում կարծես ոչ ոք չկար։ Սևակը վերջնական անջատում է քաղաքի ամբռողջ հոսանքը: Դրանից հետո քաղաքը պատվում է մթությամբ:: Սևակը իրականացրեց իր ցանկության բոլոր կետերը բացի մեկից` Գուգոյի ուժին տիրանալուց: Քանի որ նա գիտեր, որ Գուգոն ևս ուժ է ստացել, և կարող ավել շուտ անել այն ինչ պլանավորել էր ինքը:
Գլուխ հինգերորդ
Ճակատամարտը
Լույսերն անջատվելուց հետո քաղաքը տակն ու վրա էր եղել: Մարդիկ չէին կարողանում տեղը տեղին լողանալ, հարկավոր էր ջուրը տաքացնել այդ ամենի համար, ինչը բնական է շատ երկար էր տևում: Տղամարդիկ մի կերպ դիմանում էին, իսկ կանա՜յք… պետք էր տեսնել նրանց վիճակը` մազերը ցից-ցից, մի կերպ հավաքած գլխի վրա: Ո՛չ հեռուստատեսություն կար, ո՛չ համացանց: Գյումրու բնակիչները կարծես կտրված լինեին ամբողջ աշխարհից: Լուրերը հասնում էին փոստային նամակներով: Կարճ ասած, իննսունականները վերադարձել էին:
Վրա էր հասնում գիշերը: Քաղաքը ամբողջությամբ մթության մեջ էր: Արդեն մի քանի օր էր ոչ մի բնակարանում լույս չկար, հոսանք չկար: Երևում էին միայն մոմի լույսի տատանումները:
Գուգոյի զոքանչը, իր հերթական ճվճվոցից հազիվ խաղաղվեց: Վերցրեց ծռմռված ատամներով սանրը, սանրվեց ու հայտարարեց, որ քնելու ժամանակն է և հողաթափերը կտկտացնելով գնաց ու պառկեց: Մյուս սենյակում Սուսանը քնեցնում էր երեխաներին: Գուգոն մտավ սենյակ.
– Սուսա՜ն, ա՜յ կնիկ, մերդ քնա՞վ:
– Շըշշ՜,- ասաց Սուսանը մի ձեռքը մոտեցնելով բերանին, մյուսով` երեխային գրկած:
– Ես ելնիմ տեսնիմ էս լույսերը ընչի է անջատվե, տեսնիմ կրնամ բանմ էնեմ:
Կամաց ծածկելով սենյակի դուռը, սկսեց փոխել շորերը: Բացեց դարակը, կապույտ երանգից հասկացավ, որ իր էլեկտրիկի շորերն է: Մոմի լույսի տակ հագավ իր արտահաքուստը, նայեց հայելու մեջ, ձեռքերով շոշափեց բեղերը.
– Էս անգամ էլ լավ չեմ սափրվել, էէէ՜, ոչինչ:
Բանալիով դանդաղ բացեց դրսի դուռը: Մատները զարկեց իրար, որ մոմի լույսը հանգչի: Վերցրեց գործիքներն ու իջավ ներքև: Միացրեց լուսարձակը, գտավ իրենց էլեկտրական հաշվիչի տուփը: Բանալիով բացեց, սպիտակ թղթով, շեղ ձեռագրով գրված էր` Գուրգեն Խաչատրյան: Բերանով բռնեց լուսարձակը, գործիքների տուփից հանեց պետքական գործիքը ու հաշվիչը բացեց: Երկուական կարմիր ու կապույտ հաստ լարեր էին, բռնեց դրանք. «Միացի՜»: Կայծեր դուրս թռան ու Գուգոյի մատները մի թեթև տաքացան: Բայց ոչ էլ միացավ հաշվիչը: Էլի ու էլի կրկնեց Գուրգենը: Մութ երկնքում անգամ կայծակ պայթեց, բայց իր ուժերն անօգուտ էին: Կարծես մի ուժ հետ էր պահում: Բացեց մուտքի դուռը, ձեռքերով հավաքեց կայծակը, մատները լուսարձակում էին, դողում` հավաքված ուժից: Ձեռքերի դիմացը պահելով բռնեց էլեկտրալարերը: Դրանց վրայի պաշտպանիչներն այրվեցին, կայծեր թռան ու նույն պահին աչքերը կկոցեց` հանկարծ չվնասվի: Աչքերին բան չեղավ, բայց ձեռքերը՜… երևացին երակները, ձեռքերը սկսեցին ավելի դողալ: Մի պահ երերաց, գլուխը պտտվում էր: Չկարողացավ իրեն պահել ու ընկավ գետնին: Բերանում պահած լուսարձակն ընկավ կողքին: Դրսում անձրևն ավելի ուժեղացավ: Կաթիլներն մուտքից ներս էին թափվում: Դրսի կատուն արդեն հասցրել էր իր տեղը գտնել Գուգոյի գլխի մոտ: Մլավում էր ու մլարվում, լիզում թաթերը, իսկ էլեկտրիկը անգիտակից էր արդեն հինգ րոպե:
Մի խորհրդավոր ձայն էր լսվում՝ արձագանքող ու վախեցնող։
– Գուգո, Գուգո, ես գիտեմ, քու ուժդ բդի իմս էղնի:
Գուգոյի կոպերը փակ էին, բայց աչքերն անկանոն շարժվում էին։ Մտքում աղոտ ուրվագծվում էր բարձր մի կառույց ամայի տարածքում, որի կենտրոնում մարդ էր, չար մարդ, շրջապատված մեծ ու զզվելի խավարասերներով։ Այդպիսիններին մարդիկ միայն տեսել էին հանրահայտ ֆիլմերում ու դրանց հավատալն ու առավել ևս պատկերացնելը դժվար էր։
Ձեռքերը հանկարծ սկսեց շարժել, հոսանքը մատներից թռավ ու նշան բռնեց միակ կենդանի էակը ` կատվին: Կատուն բարձր ճչալով հասցրեց փախչել, պոչը քսելով Գուրգենի դեմքին:
– Հափչի՜: Սև բե՞րդը։
Գուգոն միանգամից բարձրացավ: Մուտքից դուրս եկավ, կանգնեց անձրևի տակ: Հայացքը սառել էր, անգամ անձրևը չէր խանգառում, միգուցե չէր էլ նկատել, որ դրսում անձրև է: Գրպաններում սկսեց փնտրել ծխախոտը, հետ ու առաջ էր քայլում: Թաշկինակը գցեց գետնին, բայց մոռացավ վերցնել: Վերջապես հանեց ծխախոտը, բացեց` կրակայրիչը տուփի մեջ էր, մնացած ծխախոտների հետ: Մեկ հատը հանելով դրեց բերանը, տուփը հետ դրեց, կրակայրիչն թողնելով մեջը: Առանց վառելու` հանում էր, պահում ձեռքում, հետո դնում բերանը: Վերջում էլ չվառված ծխախոտը գցեց գետնին, սովորության համաձայն ոտքով տրորեց: Քայլեց` մոռանալով փակել թե՛ էլեկտրական տուփը, թե՛ հավաքել գործիքները:
Գուրգենը արդեն հասել էր Սև բերդ։ Դանդաղ քայլում էր դեպի բերդը, կարծես ոչ մի տեղ էլ չէր շտապում։ Ձեռքին պահած լուսարձակով բարձրանում էր վեր։ Երկնքում աստղերը չէին երևում, ամպերը ծածկել էին դրանք։ Քարերը ոտքերի տակից գլորվում էին ու ձայն արձակում միապաղաղ լռության մեջ։ Երկու քայլ էլ ու կհասներ մուտքին։ Մուտքի պահակի դեր հանձնող շունը չկար։ Կապը մնացել էր, կտրվել է՞ր, կտրել էի՞ն, կասկածելի էր այս ամենը։ Մի կողմ հրեց դարպասն ու կանգնեց. առանց զենքի էր եկել, առանց ինչ որ պաշտպանական բանի։ Մնում էր միայն հուսալ իր ուժերի վրա։ Արդեն դարպասի առջև էր` մթության մեջ վեր խոյացող Սև բերդը ավելի ահռելի ու գեղեցիկ էր թվում։ Անցավ դարպասն ու կանգնել էր ուղիղ մուտքի դիմաց: Կողքին փայտից հրանոթ էր դրված: Գուրգենը ափերը միացրել էր իրար ու եղունգներով ուժեղ սեղմում էր ձեռքերը: Իսկ եթե մտնի ու այլևս դուրս չգա: Իսկ եթե էլ կնոջն ու երեխաներին չտեսնի: Միակ ուրախությունը կլիներ, այն որ էլ զոքանչին չէր տեսնի: Իսկ եթե էլ օղի չխմի: «Էն վերջին բաժակը բդի խմեի է»: Հիշեց` վերջին անգամ այստեղ եղել էր, երբ չէր ապրում զոքանչի հետ, երբ բոլորն ուրախ էին ու ծնվել էր իր առաջնեկը: Մտքում երկու անգամ կրկնեց «Հայր մերը», խաչակնքվեց ու բացեց դուռը:
Ներսում աչքերը ծակող լույս էր: Այս մի քանի օրերի ընթացքում Գուրգենը, և իհարկե Գյումրու ցանկացած բնակիչ, երեկոները չէին տեսել լույս: Սա տեսքից միակ լուսավոր կետն էր թվում ամբողջ քաղաքի մեջ: Անցնելով մյուս դուռը, նա կենտրոնում` բեմին, տեսնում է իր ղեկավար Սևակին: Նույն տեսքն էր, միայն թե փորն ավելի մեծ էր երևում: Ձեռքերի մատներից երկար հոսանքներ էր դուրս գալիս ու հասնելով գետնին սև հետքեր թողնում: Գլուխը բարձրացնելով նա միանգամից նկատեց Գուրգենին: Իսկ Գուգոն ցանկացավ թաքնվել, բայց որպեսզի վախկոտի տպավորություն չթողնի գնաց նրան ընդառաջ:
– Վերջապես էկար,- խայթող հայացքով առաջինը խոսեց Սևակը,-ահագին երկար սպասեցի քեզի:
Գուրգենը շարունակում էր լռել: Ամբողջ մարմինը դողում էր: Սևակը հոսանքով պայթեցրեց բերդի պատուհաններից մեկը, դա էլ երևի Գուգոյի վրա տպավորություն թողնելու համար էր։
– Հը ուժդ բդի տա՞ս ընձի: Խելոք ես, կուդա՛ս:
Դանդաղ քայլերով մոտենում էր Գուգոյին, նրանց արդեն մի քանի քայլ էր բաժանում:
– Հը՞, դե տուր ուժդ:
Նախ Գուրգենը չգիտեր ինչպես փոխանցել ուժը, երկրորդն էլ` նա չէր էլ պատրաստվում: Այն, ինչ հիմա նա ուներ իր կյանքը լռիվ փոխել էր: Նա բռունցքները հանգիստ թողեց, գլուխը բացասաբար շարժեց.
– Չէ՛,- Գուգոն ինքն էլ չէր հավատում, որ կարողացավ հակաճառել իր ղեկավարին:
– Կերևա դու լուրջ ես տրամադրված: Լա՜վ:
Սևակը փակեց աչքերը, հետո դարձավ հետ ու սկսեց հերթով նայել այնտեղ բացվող դռներին: Նա ժպտում էր, կարծես թե հաղթանակն իրենն էր: Դռները ճռռալով բացվեցին, այնտեղից վազվզելով, դուրս եկան անճոռնի ու զզվելի արարածներ: Մեծ խավարասերներ էին, անհաշիվ ոտքերով, լպրծուն մարմնով ու գլխով, իսկ նրանց անցած ճանապարհը պատվում էր լորձով: Նրանց տեսնելով Գուրգենը քիչ մնար ուշաթափվեր:
– Իմ ստեղծածն են, սիրունիկն են չէ՞,- ասաց Սևակը,- առաջին անգամ նրանց եմ էլեկտրահարել ու տես թե ինչ հրաշք բաներ են ստացվել: Երբ որ քաղաքը լրիվ իմս էղնի իրանցից շատ կսարքեմ: Հլը հարձակվեք Գուգոյի վրա:
Խավարասերներն իրար հետևից, շարք կազմած գնում էին Գուրգենի վրա: Գուրգենը չկորցրեց իրեն, աչքերից կայծեր արձակելով մեկը մյուսի հետևից ոչնչացնում էր նրանց: Երբ չէր հասցնում օգտագործել աչքերը, օգնության էր հասնում ձեռքերը: Մեկ, երկու, և ահա վերջինը: Գուգոն ոչնչացրեց բոլորին, դրանց մարմիններն ցաքուցրիվ փռվել էին, ոտքերն առանձնացած, գլուխները պոկված: Սևակը շշմած էր.
– Քեզնից չէի սպասե, մալադեց: Ինչխ կերևա սաղ ես բդի էնեմ,- թևքերը վերև քաշելով անցնում էր լպրծուն մարմինների միջով,- արի մե ուժդ տուր ընձի, ինչիդ է պե՜տք, ինչ բդի էնես, գնա՛, քեզի համար աշխատի էլի: Կնիկ ունիս, երեխեք, մեղք չե՞ն:
Խավարասերներին հաղթելը կարծես նոր ուժ էր տվել Գուգոյին, նա սկսեց ընդդիմանալ:
– Վատ կօգտագործեմ ես իմս, օր միամ է քեզի տամ:
– Է՜, Գուգո փոխվել ես: Չեղնի խմած ես: Լավ արդեն շատ ձգձգվավ,- խոսքը դեռ չվերջացրած ձեռքերով հոսանք բաց թողեց Գուրգենի վրա, որից նա հազիվհազ խույս տվեց:
Երբ Սևակը ցանկացավ երկրորդ անգամ հոսանքահարել` Գուրգենն արդեն պատրաստ էր: Նա աչքերով նշան բռնեց նրա ձեռքի վրա, բայց ապարդյուն: Այն կարծես ոչ մի նշանակություն էլ չուներ: Ձեռքին անգամ քերծվածք չկար:
– Հը՞, էս ընչի՞ բան չեղավ:
– Ու՜պս, Գուգո ջան:
Գուգոն նորից փորձեց, բայց նորից ոչինչ չեղավ: Նա սկսում էր հուսահատվել: Իր ուժերն լրիվ անօգուտ էին, չէին ազդում Սևակի վրա: Եթե ինքը ոչինչ չաներ, էլ ում էր պետք:
Սևակը` մինչև Գուգոյին հասնելը, բեմը պահող փայտերը հերթով հոսանքահարում էր, դրանք տապալվում էին գետնին: Իսկ երբ արդեն հասել էր Գուրգենին, ձեռքը թեթև բարձրացրեց ու պահեց ուղիղ Գուգոյի վրա: Նա հոսանքը բաց թողեց, փախչելն անիմաստ էր: Գուգոն էլ իր հերթին աչքերով բաց թողեց: Երկուսի բաց թողած հոսանքները բախվեցին իրար: Սևակի համար այս ամենը հեշտ էր թվում, իսկ Գուրգենն ընկրկում էր, աչքերը ցավում էին: Նա հազիվ էր իրեն պահում: Ձեռքերը վերև հանեց ու փորձեց նաև դրանց օգնությամբ պայքարել:
– Հազար սի հանձնվի:
Գուրգենը քայլ առ քայլ հետ էր գնում, իսկ Սևակը արձանի պես կանգուն էր: Գուգոն փորձեց առիթից օգտվել, թողեց հոսանքն ու արագ վազեց դուրս: Սևակի բաց թողած հոսանքը բախվեց դուռնը և ոչնչացրեց այն: Հիմա նրանք երկուսն էլ գտնվում էին դրսում: Դրսում ուժեղ անձրև էր: Մութ երկնքում հավաքված ամպերը որոտում էին։ Նրանք հազիվ էին տեսնում մեկը մյուսին: Սևակի արձակած հոսանքը հասավ ու բախվեց Գուգոյին ու նրան մի կողմ շպրտեց: Գուգոն չէր կարողանում շարժվել, փորձեց մեկ անգամ բարձրանալ, բայց Սևակի հոսանքն այս անգամ էլ կպավ նրա ուսին: Նա անուժ ընկած էր գետնին: Այսքան վերք ու ցավ Գուրգենը երբեք չէր ունեցել: Նա նայում էր երկնքին, ուսի վերքը արնածորում էր, արյունը մաքրում էր անձրևը ու միևնույն ժամանակ էլ ցավացնում մարմինը: Նա նորից նայեց երկնքին, այդքան ցավի մեջ նա ժպտաց: Հետո բարձր ծիծաղեց: Սևակը մտածում էր. «Խելագառվեց, ինչ է:» Սևակը նորից ու նորից հարձակվեց Գուգոյի վրա: Մարմինը ամեն հոսանքահարվելուց մխվում էր գետնին, իսկ Գուրգենը կարծես չէր էլ զգում, նա պարտվել էր ու դա կարծես թե ընդունում էր: Մի վերջին հարված էլ ու նա կմահանար: Սևակը կանգնել էր ուղիղ Գուրգենի գլխի վերևում: Նա բռնել էր փորը, շնչում էր ինչպես խոզը ու աչքերը նայում էին կլոր այտերի միջով:
– Վերջին խոսք կուդամ քեզի, Գուգո՛: Կռնա աղոթել գուզե՞ս:
– Իսկ կռնա դու գուզե՞ս:
– Ես չիդեի օր դու մեռնելդ սպես թեթև կտանիս:
Գուգոն նորից ծիծաղեց: Սևակը շշմեց.
– Աղեսում, ներում չես խնդրե՞:
Գուգոն ձեռքերը պարզեց վերև: Անձևրն հիմա ավելի ուժեղ էր գալիս:
– Ո՛չ ես, ո՛չ էլ դու,- ասաց Գուգոն:
Ապերը բարձր ոռնոց արձակեցին, հուժկու կածակը ճայթեց ու զարկեց և՛ Գուրգենին, և՛ Սևակին: Սևակը ընկավ Գուգոյի կողքին` լրիվ անգիտակից: Տարօրինակ մի բան տեղի ունեցավ` Սևակի մարմինն լրիվ լուսավորվեց, մարմնի բոլոր մասերից հոսանքը դուրս եկավ: Հոսանքը թռչում էր ու փնտրում մեկ այլ տեղ հանգրվանելու համար: Բերդից երևում էր, որ քաղաքը լուսավորվում է: Սկզբում փողոցները, հետո շենքերը: Մարդիկ դուրս էին գալիս իրենց պատշգամբները ու շնորհավորում էին մեկը մյուսին: Քաղաքը նորից վերակենդանացավ:
Հոսանքն ամբողջովին դուրս եկավ Սևակի մարմնից: Երկուսն էլ որոշ ժամանակ անց արթնացան: Սևակը խուճապի մատնված փորձեց շանթահարել Գուրգենին, բայց ոչ մի հոսանք էլ չկար: Երկուսի ուժն էլ վերացել էր:
– Գուգո ջան, մենակ ընձի բան չենես էլի: Խնդրեմգը, սկան տարի իրար հետ լավ ենք էղե, ախպեր ջան:
– Վերջի խոսք կուդամ: Չե՞ս ուզե աղաչե, խնդրե՞:
– Խնդրեմգը Գու…,- չհասցրեց ավարտել խոսքը, Գուրգենը Սևակին ապտակեց ու Սևակը նորից գիտակցությունը կորցրեց:
Վերջաբան
Քաղաքը նորից անցավ իր բնականոն կյանքին: Լույս արդեն կար, հոսանք նույնպես: Մարդիկ ազատ կարող էին գիշերները դուրս գալ:
Իսկ ի՞նչ էղավ Սևակի հետ: Նա վերադարձել էր իր աշխատանքին: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվել նրա հետ: Նա դարձել էր ավելի լուռումունջ: Տեսքից բավականին նիհարել էր, ուրիշների փողերն էլ չէին գալիս իր գրպանը: Վերաբերմունքը Գուգոյի նկատմամբ լրիվ փոխվել էր: Արդեն հարգանքով էր վերաբերվում նրան: Այս աշխարհում միայն նրանք գիտեին, թե ինչ էր կատարվել:
Գուրգենի ընտանիքում նույնպես ամեն ինչ փոխվել էր: Զոքանչի բնավորությունը համեմատաբար մեղմացել էր, քանի որ, Գուգոն առաջվա խեղճուկրակ տնփեսան չէր:
Քաղաքում ոչ մեկ չիմացավ էլեկտրիկ Գուգոյի հերոսության մասին: Նրան ո՛չ հեռուստացույցով գովաբանեցին, ո՛չ համացանցում, ո՛չ էլ թերթերում, բայց այդ օրվանից հետո նրա կյանքը փոխվեց։ Ինքնավստահություն ու համարձակություն ձեռք բերած Գուգոյին հիմա բոլորն էին հարգում, նաև նրա համար, որ նա գերբնական ուժերից զրկվելուց հետո էլ շարունակում էր մարդկանց օգնել ու նորոգել նրանց անսարք էլեկտրական իրերը։